Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը հերքում է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր բիզնես կապերի մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հերքել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր բիզնես կապերի մասին տեղեկությունները:

«Լիդիանի» պատմությունը՝ հերթական սուտ լուրերից մեկն է։ Հաճույքով կհստակեցնեմ: Ես և իմ ընտանիքի որևէ անդամ երբեք այդ ընկերության բաժնետեր չենք եղել, չենք լինելու և չենք: Սա պարզ հստակ ձևակերպում է։ «Լիդիան» ընկերության կամ Ամուլսարի պատմության հետ վերջին անգամ շփվել եմ հինգ տարի առաջ: «Լիդիան»-ը Կանադայում գրանցված բաց, թափանցիկ աշխատող ընկերություն է: Կանադան՝ լինելով լավագույն տարածքներից մեկը, որտեղ լեռնաարդյունաբերությունը լավ կազմակերպված է, հստակ են բաժնետերերի անունները, կարող են «գուգլ» անել ու կտեսնեն՝ արդյոք ես կամ ինձ հետ կապված որևէ մեկը բաժնետեր եղել են, թե ոչ: Պատասխանը լինելու է՝ ոչ»,- «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արմեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ «Լիդիան» ընկերության հետ իր հարաբերությունները զարգացել են ի պաշտոնե՝ լինելով դեսպան ինքն աջակցել է, օգնել է, որ Հայաստանում ներդրում անեն:

«Իմ հարաբերությունն այդ ընկերության հետ եղել է շատ պարզ։ Եթե կա ընկերություն, որը Հայաստանում հետաքրքրված է ներդրում անելու, ես պատրաստ եմ աջակցել, խորհուրդ տալ, որ գան Հայաստան: Այդպես ստացվեց «Կոկա Կոլա»-ին կամ HSBC բանկին Հայաստան բերելը, որը ծանր աշխատանք էր և տարածաշրջանում Հայաստանը միակն էր, որտեղ եկավ այդ բանկը: Ես հպարտանում եմ այդ ամենով, որովհետև այդ բանկի՝ Հայաստան գալով բանկային համակարգում շատ բան փոխվեց, օրենքներ փոխվեցին: Եթե կա ընկերություն, որ պատրաստ է Հայաստանում ներդրում անել, ես միշտ պատրաստ եմ նրանց հետ հանդիպել, խորհուրդ տալ, աջակցել, որ գան: Այսպիսի օրինակներ շատ կան, բայց դա չի նշանակում, որ դրանցից յուրաքանչյուրի մեջ ես շահաբաժին ունեմ կամ ունեցել եմ: Չունեմ», – ընդգծել է Սարգսյանը:

Նա նաև նշել է, որ «Լիդիան» ընկերության բաժնետերերից մեկը՝ Ջոզեֆ Ուղուրլյանը, ծագումով հայ է և ներկայումս նա Արցախում ՀԷԿ է կառուցում: Նրա խոսքով, ինքն է Ուղուրլյանին վերադարձրել հայկական արմատներին:

Կարդացեք նաև

«Ուղուրլյանը ինձ խնդրեց խորհուրդ տալ՝ ինչպես աշխատի «Լիդիան»-ը Հայաստանում և առաջարկեց, եթե հնարավոր է, ես ընկերությանը խորհրդատվությամբ օգնեմ: Իմ ֆունկցիան պետք է լիներ խորհուրդներ տալը և ըստ օրենքի, խորհրդատուն չէր կարող բաժնետեր լինել: Սա ևս մեկ պատճառ, որ հերքվում են այդ տեղեկությունները: Այդ խորհրդի անդամ ես եղել եմ ընդամենը երեք ամիս, որի ժողովներին նույնիսկ չեմ մասնակցել: Իմ կարծիքը առանձին շարադրել եմ ու հրաժարական տվել, դուրս եկել», – պատմել է Արմեն Սարգսյանը:

Վերջինը մեկ այլ պատճառ էլ է մատնանշել, թե ինչու չէր կարող լինել «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր. «Նույն ընկերության բաժնետերեր են եղել Համաշխարհային բանկը և Եվրոպական բանկը: Այդ կազմակերպությունները չեն ներդնում ընկերությունների մեջ, որտեղ նախկին կամ ներկայումս գործող պետական ծառայող կա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս