«Մեզ մոտ հյուրանոցներն ավելի թանկ են, քան Վրաստանում, դրա համար զբոսաշրջիկները գնում են հարևան երկրում են հանգստանում»
Հայաստանցիների շրջանում հանգստի կազմակերպման ծրագրերում հաճախ տեղ են գտնում մեր երկրի հանգստավայրերը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Հայաստանի բնակիչներն ավելի հաճախ են նախընտրում իրենց հանգիստը կազմակերպել մեր երկրում: Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այդ տեսանկյունից աճը բավական ոգևորող է: Միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 22 տոկոս:
«Սա ներքին զբոսաշրջային այցելությունների ցուցանիշն է, երբ Հայաստանի բնակչները հանգստանում են Հայաստանի տարածքում: Թե որ հանգստավայրերն են առավել նախընտրելիների շարքում, կդժվարանամ ասել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր հանգստավայրերն էլ այս սեզոնին ակտիվ են: Յուրաքանչյուր հանգստավայր իր առանձնահատկությունն ունի»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
Հայաստանի հանգստավայրերը հայաստանցիների շրջանում հետաքրքրություն առաջացնելը կապված է մի քանի գործոնների հետ: Նախ` ամեն տարի տուրիստական նոր պրոդուկտներ են առաջարկվում՝ կապված գյուղական, արկածային, էկո տուրիզմի հետ և այլն: Դրանից բացի, զարգացել է հյուրանոցային և հյուրատնային տնտեսությունները, այս գործում իրենց ներդրումն ունեն պարբերաբար տարբեր մարզերում կազմակերպվող փառատոնները, որոնք առիթ են մեկ անգամ ևս լինելու Հայաստանի գեղատեսիլ, գողտրիկ վայրերում:
Թեպետ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայաստանցիները սկսել են ավելի շատ նախընտրել Հայաստանի հանգստավայրերը, սակայն քիչ չեն դժգոհություններն այն մասին, որ մեր երկրում հանգստանալն ավելի թանկ է, քան այլ երկիր մեկնելը: «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ այս խնդրի մասին տարիներ շարունակ խոսվում է և դա նորություն չէ:
«Մեզ մոտ հյուրանոցներն ավելի թանկ են, քան Վրաստանում, դրա համար զբոսաշրջիկները գնում են հարևան երկրում են հանգստանում: Ի դեպ, Հայաստանում մեկ շաբաթվա համար ծախսած այդ նույն գնով քաղաքացին կարող է ուղևորվել Վրաստան, այնտեղ մեկ շաբաթ մնալ, սնվել և հետ վերադառնալ: Այստեղ, իսկապես, արդարացի բողոք կա»,-ասաց Կարեն Չիլինգարյանը:
Նրա խոսքով, այստեղ իշխանություններն անելիք ունեն, ինչ-որ ձևով կարելի է մեղմել հարկային քաղաքականությունը, և ընդառաջել տուրիզմի ոլորտում ծառայություն մատուցողներին, որպեսզի նրանք էլ վերանայեն գնային քաղաքականությունը:
Մեխակ Ապրեսյանը չի ընդունում այն դիտարկումը, թե Հայաստանում հանգստանալը թանկ է:
«Իհարկե, համաձայն չեմ, և կարող եմ առաջարկել բոլոր նրանց, ովքեր այդպես են կարծում, համեմատական վերլուծություն անել՝ ընտրելով նույն կարգի, նույն որակի ծառայություններ մատուցող հյուրանոցներ: Կտեսնեք, որ մեզ մոտ գնային ճկուն քաղաքականություն կա»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
Մեր դիտարկմանը, թե պահանջարկի ավելացմամբ պայմանավորված, օրինակ Սևանում, ոչ բարվոք պայմաններով տնակը մեկ գիշերվա համար 25 հազար դրամ է արժենում, դա այն դեպքում, երբ չկա որևէ ենթակառուցվածք, Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Սևանի առանձնահատկություններից ելնելով, այստեղ գնային քաղաքականությունն այլ է:
«Բոլորս հասկանում ենք, որ Սևանի սեզոնը երկար չէ, շուրջ 40 օր է, դրանով պայմանավորված ունենում է առանձնահատուկ գնագոյացում: Բայց նույնիսկ այդ դեպքում, Սևանում ևս կան ճկուն գնային առաջարկներ: Մենք ունենք շատ լավ հանգստավայրեր, հյուրանոցային տնտեսություններ, որոնք ձեր ասած 25 հազարով շատ ավելի լավ որակով ծառայություններ են մատուցում՝ նախաճաշն էլ ներառյալ»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Նա խորհուրդ տվեց armhotels.am, allhotels.am կամ այլ համակարգերով մանրամասն ծանոթանալ հյուրանոցների առաջարկներին, գտնել լավ տարբերակներ, նոր ընտրություն կատարել:
Աննա Գզիրյան