«Ես վախենում եմ, որ այս իրավիճակը կարող է շիկանալ». Հրանուշ Խառատյան
«Սովորաբար հասարակությունն այն է, ինչ իշխանությունն է։ Չկա այդպիսի բան, որ հասարակության շերտերում կոռուպցիա լինի, իշխանությունը մաքուր լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։
Ասվածի պարզագույն վկայություններից մեկը, ըստ ազգագրագետի՝ այն է, որ, երբ ներկայացված էր Գագիկ Ծառուկյանի որդուն տարկետում տալու խնդիրը, Ծառուկյանն անձամբ միջնորդեց, որ տարկետում չտան իր որդուն, որովհետև 2 շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր որդին գնում է բանակ.
«Սա հիերարխիկ սովորական համակարգ է. ինչպես վարքը ձևավորվում է վերևում, այդպես միմյանց ընդօրինակելով՝ գնում է ներքև։ Մանվել Գրիգորյանն այս շղթայում ընդամենը մի միջին օղակ է, նա ո՛չ բարձրերից է, ո՛չ ցածրերից է, չխոսեմ իր ռազմական ուղու մասին, որի վերաբերյալ տեղեկությունները շատ հակասական են։ Նա մի մարդ է, որ ՀՀ ձևավորման հենց սկզբից մասնակից է եղել կոռուպցիոն ոլորտի ձևավորմանը»։
Խառատյանը նկատեց՝ կոռուպցիայի մեջ համատարած թաթախվածությունը հասունացավ այն շրջանում, երբ ՀՀԿ-ն բացահայտ և ակտիվ իշխանության մենաշնորհը վերցրեց իրեն. «Դրա իրավական վերջնակետը եղավ այն Սահմանադրությունը, որն ընդունվեց մի քանի տարի առաջ»։
Ազգագրագետը մի հետաքրքիր երկխոսության վրա ուշադրություն հրավիրեց. «Նաիրա Զոհրաբյանն ԱԺ իր ելույթում դատախազին ուղղակի ասաց՝ այսքան տարի իրավապահ համակարգը չգիտե՞ր՝ ինչ է կատարվում, ինչո՞ւ մինչև հիմա ոչինչ չէր արվում, դատախազն էլ պատասխանեց՝ այսքան տարի դուք չգիտեի՞ք՝ ինչ է կատարվում, ինչո՞ւ պատգամավորներից ոչ մեկը երբեք չբարձրացրեց Մանվել Գրիգորյանի հարցը։ Այս երկխոսությունը փայլուն օրինակ է, որ բոլորը հիանալի գիտեն, սա բոլորի փոխհամագործակցությունն էր, քանի դեռ համագործակցում են՝ իրար չեն խանգարում կամ փոխգործակցում են, իսկ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ մեղքը մեկը մյուսի վրա պետք է գցեն»։
Նրա կարծիքով՝ նախկինում այս բոլոր հարցերը որոշողը մի մարդ էր. «Հիմա բազմաթիվ վտանգներ կան, ու դրանք գնալով ավելի են սրվում։ Վերադասավորումներ են գնում քաղաքական կուսակցություններում, վերադասավորումները թե՛ գաղափարական, թե՛ անձնային են։ Գաղափարներն իշխանության մասում իրենց ծավալն ու կշիռն ապահովելու մասին են։ Հիմա ներքին ռևանշ կա ոչ միայն ՀՀԿ-ի, այլև այս ամենին այս կամ այն չափով մասնակցած պառլամենտական ուժերի կողմից, որոնցից յուրաքանչյուրը տագնապներ ունի։ Ես վախենում եմ, որ այս իրավիճակը կարող է շիկանալ։ Շատ խոչընդոտներ կան, և կուսակցությունները փորձում են շահագրգռել ուրիշ մարդկանց՝ հավաքելու և կոտրելու հասարակական համերաշխության այն մակարդակը, որը հնարավորություն է տալիս գործադիր և մաքրվել փորձող իրավական իշխանությանը՝ այսպես շարունակել»։
Ազգագրագետի գնահատմամբ՝ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի մի տարբերակն է, ուղղակի ՀՀԿ-ի իշխանության լիազորությունները, ըստ նրա՝ անհամեմատ մեծ են եղել, և գնալով ուզուրպացնում էին քաղաքականությունը՝ նվազեցնելով ԲՀԿ-ի հնարավորությունները.
«Բայց անձնային և շահերի իմաստով հասկանալի է, որ այդ կուսակցությունը սկզբունքորեն նույն ՀՀԿ-ի ձեռագիրն է։ Այո, հիմա ԲՀԿ-ն, որը նպաստել է այս իշխանության գալուն, իրեն դրության տեր է զգում, ինչը բարձրաձայն արտահայտում է, իրավական իմաստով դա նրա իրավունքն է»։