Բաժիններ՝

«Ազատություն Դավիթին». բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի

: Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց` ի աջակցություն Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի:

Մի խումբ մասիսցիներ հավաքվել են դատարանի շենքի առջև և պահանջում են ազատ արձակել Դավիթ Համբարձումյանին, ում արդեն մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն ներկայացվել կալանավորելու վերաբերյալ:

Բողոքի ակցիայի մասնակիցները Դավիթ Համբարձումյանին սատարող պաստառներ են պահում և հանդես են գալիս «ազատություն Դավիթին» կոչերով:

2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած 5 անձի ինքնության վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանին և 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս