Նիկոլ Փաշինյանն այցելեց Թբիլիսիում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել Թբիլիսիում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը գիտամշակութային կենտրոն էր այցելել կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Վարչապետին ուղեկցում էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնայանը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Վարչապետ Փաշինյանը շրջայց կատարեց «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, որից հետո ներկա գտնվեց Հովհաննես Թումանյանի հայտնի «Բարեկենդան»-ը ստեղծագործության տիկնիկային ներկայացման բեմադրությանը: Ներկայացումից հետո գիտամշակութային կենտրոնում վարչապետի և նրա գլխավորած պատվիրակության համար թեյախմություն կազմակերպվեց:
Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ Երևանի Թումանյանի տուն-թանգարանի գլխավոր ճարտարապետը մի քանի անգամ Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տուն է այցելել, չափագրումներ իրականացրել, որպեսզի դրա օրինակով Երևանում Թումանյանի տուն-թանգարանը կառուցի: «Երբ Թբիլիսիում բացվեց «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը, մենք գնացինք Երևան, որպեսզի Հով հաննես Թումանյանի տուն-թանգարանի օրինակով մենք այս տանը վերականգնենք Թումանյանի ժամանակների շունչը»,- ասաց նա:
Գիսանե Հովսեփյանը պատմեց, որ Հովհաննես Թումանյանի մահից հետո տունը կիսվել է, որի մի հատվածը մնացել է Թումանյանի ընտանիքի հայեցողության տակ, իսկ մյուս հատվածում նոր ընտանիք է բնակեցվել, որն ավելի ուշ տարհանվել է, և նրա զբաղեցրած հատվածում բացվել է Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 13 պետական գրադարանը: «Խորհրդային Միության փլուզման տարիներին տան գրադարանային հատվածը վաճառվեց մասնավոր սեփականատիրոջ և հենց այս տարիներին էր, որ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տան ճակատագիրը դարձավ համայն հայության մտահոգության առարկան: Այսինքն, ով գիտեր, որ Թբիլիսիում կա Հովհաննես Թումանյանի տունը, բոլորը մտահոգված էին, թե ինչ է լինելու այս տան ճակատագիրը: Եվ ահա շնորհիվ նվիրյալ հայորդիների գնվեց նախ գրադարանային հատվածը, հետո Թումանյանի ծոռնուհու հայեցողության տակ եղած հատվածը: Հետո միասնական տեսքով տունը փոխանցվեց Վիրահայոց թեմին, և մենք այսօր տեսնում ենք այն, ինչ կա»,- մանրամասնեց Հովսեփյանը:
Կենտրոնի ղեկավարը նշեց, որ իրենց ուղենիշը շարունակում է մնալ Հովհաննես Թումանյանի տանը թումանյանական ավանդները վերականգնելը: Կենտրոնն այսօր ծառայում է նույն նպատակներին, ինչ նպատակի ժամանակին ծառայում էր Հովհաննես Թումանյանի ժամանակներում: Կենտրոնում կազմակերպվում են գրական երեկոներ, գրական քննարկումներ, շնորհանդեսներ, միջոցառումներ, որոնց մասնակից են դառնում ոչ միայն Թբիլիսիի հայերը, այլ նաև վրացական մտավորականության ներկայացուցիչներ, ինչպես եղել է Թումանյանի օրոք: