«Ցանկացած, նույնիսկ խրամատի ամրապնդումն ունի իր սպառնալիքը, և հայկական կողմն իր գործողությունները պետք է կատարի». Թևան Պողոսյան
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ ներկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակը պետք է լինի բանակցությունների վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Ինչպե՞ս է հնարավոր վերսկսել բանակցությունները, որոնք գտնվում են փակուղում:
ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Մինսկի խմբի նպատակն է ի վերջո բանակցությունները վերսկսելը:
«Բայց պետք չէ մոռանալ, որ Հայաստանը երկիր է, որն ասել է, որ արտաքին հարաբերություններում ռևերսներ չեն լինելու, իսկ նախկին փուլում ուներ 2 պայման` 2016թ. մայիսին և հունիսին Ժնևում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն էր, որից հետո կսկսվեն բանակցություններ: Հիմա այդ ամենը մոռացե՞լ ենք, այլևս չե՞նք համարելու, որ դրանք էլ են պայմաններ, որոնք մենք պետք է կարողանանք տանել առաջ:
Կարծում եմ, պետք է ՄԽ համանախագահների հետ քննարկել այդ բոլոր հարցերը, և, եթե չեմ սխալվում, մայիսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դրա մասին բարձրաձայնել է, որ կապի մեջ է, ամսի 28-ին ՀՀ-ում է լինելու Ֆրանսիայի ԱԳ նախարարը, բացի շնորհավորանքներից՝ կլինի նաև հանդիպում և քննարկում, կա տեղեկություն, որ այցելելու է Մոսկվա, այնտեղ Լավրովի հետ կհանդիպի, էլեկտրոնային դարում սկայպով, հեռախոսով և այլ ձևերով ԱՄՆ պետքարտուղարի հետ է խոսել, և, եթե չեմ սխալվում, մոտ օրերս պետքարտուղարի տեղակալն է այցելելու:
Այսինքն` բոլոր կողմերով հարցերը պետք է դնել, հայկական խնդիրները ներկայացնել, իսկ համանախագահները պետք է աշխատեն, որպես միջնորդ՝ հասկանան դիրքորոշումները և կազմակերպեն հանդիպումները: Եթե հանդիումների ժամանակ բոլոր պայմանները կատարվեն, դրա հետ միասին Արցախն էլ վերադառնա բանակցային սեղան, կարելի է հիմնահարցի մասին քննարկումները շարունակել»,- ասաց Թ.Պողոսյանը:
Նա նշեց, որ դեռևս Ադրբեջանը մի օր ասում է՝ պատրաստ է բանակցությունների, մի օր էլ ասում է` Երևանն է գրավելու, ընդհանուր առմամբ` 1994 թվականից նույն վարքագիծն է դրսևորել` զարկ տալով զենքին, զինամթերքին, ռազմական ուղղություններով, կամ որևէ ձեռք բերված պայման կյանքի չկոչելով:
Թ.Պողոսյանի խոսքով` պետք է հասկանալ՝ ով է դիմացինը, 26 տարվա բոլոր դասերը քաղելով՝ հասկանալ, որ միայն խոսքով չէ, այլ գործով է.
«Երբ տեսնենք, որ Ադրբեջանն այլևս զենք չի գնում, դպրոցներում հայատյացության դասեր չեն լինելու, պատմության գրքերը փոխում է, ձերբակալված հ/կ-ների ներկայացուցիչներին բաց է թողնում, համաձայնում է ծրագրեր իրականացնել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև, կարող ենք ասել, որ դրական միտումներ կան, բայց առանց գործի, միայն խոսքին չի կարելի հավատալ»:
Հարցին` Նախիջևանի հատվածում դիրքերն առաջ բերելը Բաքվի կոշտ դիրքորոշման ցուցադրություն չէ՞, Թ.Պողոսյանը պատասխանեց, որ, իհարկե, նման գործողության դեպքում դրական միտում չի կարող լինել. «Մենք պետք է հասկանանք մեր առջև առկա իրական մարտահրավերը, և մեկ անգամ չեմ կրկնել, որ այն կետում, որտեղ հայ զինվորն ամուր կանգնած է լինելու, ինչի համար հզոր թիկունք է պետք, որի համար էլ հզոր ու ժողովրդավար Հայաստան է պետք, ուրեմն մենք մեր խնդիրներն ավելի ճիշտ ենք լուծել»:
Թ.Պողոսյանը նշեց, որ ցանկացած, նույնիսկ խրամատի ամրապնդումն ունի իր սպառնալիքը, և հայկական կողմն իր գործողությունները պետք է կատարի: Նա վստահեցրեց, որ ինչպես մինչ այժմ է հայկական կողմը պատասխան քայլեր կատարել, այնպես էլ այսուհետ դրանք արվելու են. «Բայց դրա մասին ոչ թե բարձրաձայնում են, այլ անում են»: