Մակրոնը հավատում է Ռուսաստանի հետ հարաբերությունների լավ ապագային
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հավատում է Ռուսաստանի հետ լավ ու բարի հարաբերություններին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել է մայիսի 25-ին՝ ելույթ ունենալով Ռուսաստանի եւ Ֆրանսիայի գործարար շրջանների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակներում:
«Ես հավատում եմ մեր երկրների միջեւ լավ, բարի հարաբերություններին,-ասել է նա:- Բանակցությունների ընթացքում մենք խոսել ենք պատմական անցյալի, տնտեսության, ընդհանուր նախագծերի մասին: Դա այն է, ինչը միավորում է մեր ժողովուրդներին»:
Ընդսմին Մակրոնն ընդգծել է, որ «անհրաժեշտ է մի քանի բնագավառներ առանձնացնել աշխարհաքաղաքական ոլորտներից, դրանք ազատել քաղաքականացումից»: «Դրանց վրա ես շատ եմ աշխատում Եվրամիության իմ գործընկերների հետ: Մենք արդեն շատ բանի ենք հասել, բայց ցանկանում ենք ավելի հեռուն գնալ»,-ասել է Ֆրանսիայի ղեկավարը: «Մենք ձգտում ենք եվրոպական ինքնիշխանության:
Դրա համար անհրաժեշտ է սկսել ֆինանսավորման բնագավառում ինքնուրույնությունից եւ ինքնիշխանությունից: Մենք ցանկանում ենք, որ լինեն ավելի շատ նոր ձեռնարկություններ»,-հայտարարել է նա: «Ես հավատում եմ, որ մեր հարաբերությունները լավ ապագա ունեն, Եվրոպայի իմ տեսլականը ձգվում է Ատլանտիկայից մինչեւ Ուրալ: Ես հավատում եմ, որ այդ հարաբերությունները ձեռք կբերեն նոր դինամիկա»,-նշել է Ֆրանսիայի նախագահը: