Բաժիններ՝

«Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ-2026» պատվիրակությունը հանդիպեց ՀՖՖ ղեկավարության հետ

«Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ 2026» ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպիչ պատվիրակությունը հանդիպել է ՀՖՖ ղեկավարության հետ:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հայաստան ժամանեց «Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ-2026» Աշխարհի առաջնության անցկացման հայտ ներկայացրած երկրներից կազմված պաշտոնական պատվիրակություններից մեկը՝ ընդհանուր հայտի համանախագահ Սթիվ Ռիդի գլխավորությամբ, որը նաև Կանադայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է: Նրան ուղեկցում էին ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի ադմինիստրատիվ տնօրեն Բրայան Ռեմեդին, Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարքեթինգի բաժնի ղեկավար Սանդրա Գեյջը և Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրենի տեղակալ Ինիգո Ռիեստրան:

ՀՖՖ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում համանախագահ Ռիդը և իր գործընկերները ներկայացրեցին հյուսիսամերիկյան երկրների միասնական հայտի կարևորագույն կետերը, տվյալ միջոցառման անցկացման իրենց տեսլականը և պատկերացումները:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բարձր գնահատեց մտահղացումները, նորարարությունները և համաշխարհային ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների համար ակնկալվելիք արդյունքները, որոնք դրված են հայտի հիմքում:

Այնուհետև, հյուրերի խնդրանքով ՀՖՖ նախագահը պատվիրակության ներկայացուցիչներին հրավիրեց ծանոթանալու ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի պայմաններին և ենթակառուցվածքներին: Սթիվ Ռիդը և մյուս հյուրերը շատ բարձր գնահատեցին ենթակառուցվածքների մակարդակը և վստահություն հայտնեցին, որ այսպիսի ենթակառուցվածքները պարտավոր են երկարաժամկետ կտրվածքով լուրջ արդյունքներ բերել: Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին հետագա հանդիպումների արդյունքում առավել խորը համագործակցության շուրջ քննարկումներ իրականացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս