Արա Վարդանյանը վերընտրվեց 3 տարի ժամկետով
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում Արա Վարդանյանն ընտրվեց ևս 3 տարի ժամկետով: Հարցը ներառված էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում:
Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց ելույթներում դրական գնահատեցին Արա Վարդանյանի աշխատանքը: Նրանք նկատեցին, որ իրենց բարձրացրած խնդիրներին Արա Վարդանյանը շատ արագ արձագանքում է և սեղմ ժամկետներում լուծում է տալիս:
Խոսելով հիմնադրամի աշխատանքի ձեռքբերումներից՝ Արա Վարդանյանը նշեց, որ իր համար ամենագլխավորն այն երեխաների, այն մարդկանց ուրախությունն է, որը լինում է տարբեր ծրագրերի ժամանակ:
«Նախորդ տարի լրացավ հիմնադրամի 25-ամյակը, և մենք հայտարարեցինք, որ հիմնադրամն իր ծրագրերով ուղղակի կամ անուղղակի օգնել է 500 հազար մարդու: Այսինքն՝ այսքան մարդու կյանքում մենք կարողացել ենք փոփոխություններ մտցնել: Այս տարիների ընթացքում ունեցել ենք 700 հազար նվիրատու: Այս թվերը խոսում են այն մասին, որ և՛ նվիրատուներն են ավելանում, և՛ ծրագրերը»,-ասաց Արա Վարդանյանը:
Անդրադառնալով հիմնադրամի գործունեության նկատմամբ վստահության հարցին՝ Արա Վարդանյանը նշեց, որ այդ առումով բավական բարձր մակարդակ ունենք:
«Այսօրվա ժամանակաշրջանում դժվար է որևէ բան թաքուն պահել, եթե լինում է ամենաչնչին բողոքը, սոցիալական մեդիայի շնորհիվ շատ արագ բարձրաձայնվում է: Վերջին 10 տարում չեմ հիշում որևէ դեպք, որ մեզ մեղադրեն այս կամ այն ծրագրի սխալ իրականացման, բարձր ծախսերի կամ մրցույթի կանոնները խախտելու մեջ»,-ասաց Արա Վարդանյանը: