«Չի կարելի ամեն բան սևացնել և իրողությունների հետ հաշվի չնստել». փաստաբան

Վերջին օրերին պատեհ և անպատեհ առիթով, շատերի կողմից քննարկման առարկա է դառնում ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականի հարցը: Անգամ գնահատականներ ու կարծիքներ են հնչեցնում մարդիկ, որոնք որևէ կերպ չեն առնչվել ոլորտին և զուտ որպես զբաղմունք այս կամ այն անձի հրաժարականն են պահանջում:

Սակայն, այդ անհարկի դրսևորումները ստվեր են գցում այն մեծ հեղափոխության վրա, որին հասել ենք բոլորս, որի հետ մեծ հույսեր ենք կապում բոլորս: Ի վերջո ժողովրդական շարժման շնորհիվ, բոլորիս շնորհիվ, ունենք բացառիկ լեգիտիմությամբ օժտված երկրի ղեկավար և նման դրսևորումները նաև ստվեր են գցում նրա գործունեության և հեղինակության վրա:

Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը պահանջողներին, պատասխանատու կերպով հայտարարում եմ գոնե մեկ փաստ, որին որևէ մեկը չի կարող հակադրվել:

Արթուր Դավթյանը Հայաստանի Հանրապետության իրավական պատմության մեջ այն եզակի գլխավոր դատախազն է, որին հաջողվեց բացառիկ կամք և հետևողականություն դրսևորել և դատախազության համակարգից իսպառ արմատախիլ անել կոռուպցիան:

Չի կարող գտնվել գեթ մեկ քաղաքացի, փաստաբան կամ ոլորտին առնչվող որևէ այլ անձ, որն այդ իրողությունը չհաստատի: Իսկ ինչու այս օրերին որևէ մեկը չի հիշում կամ հիշատակում այդ մասին:

Վստահ եմ, բոլորն են հիշում, նաև այն մարդիկ, որոնք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ դրդապատճառներից ելնելով զայրացած են համակարգի դեմ: Բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ նախկինում գործող որևէ համակարգի գործելաոճը չի համապատասխանել մեր սպասելիքներին և ցանկություններին: Իսկ դատախազության և իրավապահ մյուս կառույցների գործելաոճի, իրավական գնահատականների, խափանման միջոցների հետ կապված հարցերով, ինքս որպես փաստաբան երբևէ չեմ ընդունել ու կիսել այդ մարմինների մոտեցումները:

Ավելին, ամենաակտիվ ընդդիմադիրն եմ եղել և մշտապես բողոքարկումների և պայքարի մեջ եմ եղել թե նախաքննական մարմինների հետ, թե դատախազության հետ:

Բայց, չի կարելի ամեն բան սևացնել և իրողությունների հետ հաշվի չնստել: Բազմաթիվ անգամներ, փաստաբաններով կամ մասնագիտական շրջանակներում քննարկել ենք մեզ համար անընդունելի շատ երևույթներ, որոնք դրսևորվում էին նախաքննական մարմինների և դատախազության կողմից: Եվ շատ շատերս հասկանում էինք, որ դրանց գերակշիռ մասը նույն դատախազությունն անում էր, որպեսզի պայքարի «անազնիվ» երևույթների, ավելի կոնկրետ՝ կոռուպցիոն դրսևորումները բացառելու նպատակով:

Թեև, ինքս, երբևէ այդ նպատակով պայմանավորված չեմ արդարացրել և չեմ արդարացնում նախկին մոտեցումները: Իհարկե, որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ արդեն նախկին դարձած իրողությունների պայմաններում, քիչ թե շատ հնչեղություն ունեցող գործերով նախաքննության փուլից մինչև վճռաբեկ դատարան կառավարվում էր մեկ մարդու կողմից:

Ով չգիտի իրավապահ մարմինների ղեկավարների, նախաքննական մարմինների ղեկավարների, դատախազի և դատարանի նախագահների ամենշաբաթյա զեկուցումների և ցուցումներ ստանալու արատավոր ու կործանարար պրակտիկան:

Բայց ինչու հրաժարական չենք պահանջում բոլոր այդ կառույցների աշխատակիցներից, որովհետև, ի վերջո բոլորն էլ ինչ որ օղակում կատարել են երկրի քաղաքական իրողություններով պայմանավորված շուրջ 10 կամ ավելի տարիներ իջեցվող հրահանգները:

Եվ ի վերջո, հենց այդ մենիշխանությունն էր, որ բերեց համաժողովրդական ընդվզման, բոլորս դուրս եկանք պայքարելու մեր իրավունքների և ազատությունների համար և ունեցանք այն, ինչ ունենք: Իսկ ես, որպես իրավաբան, պետական ինստիտուտների բնականոն և արդյունավետ աշխատանքի համար գերագնահատում եմ դատական իշխանության դերը և նշանակությունը:

Բոլորս գիտենք, որ երբևէ չենք ունեցել անկախ դատարան, բացառությամբ վերջին շրջանում հազվադեպ անհատական դրսևորումների: Իսկ այսօր արդեն, համաժողովրդական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սահմանեց հստակ խաղի կանոններ, որով բացառվեցին այն հոռի երևույթները, որը տարիներ շարունակ պետական ինստիտուտներին պարալիզացրել էր:

Ես բնավ չեմ արդարացնում դատախազության տարիներ շարունակ գործող մոտեցումները, պատժողական խիստ քաղաքականությունը, խափանման միջոցներից կալանավորմանն ավելի մասսայական նախապատվություն տալը, սակայն մեկ բան հստակ է և աներկբա, եթե դատական համակարգը լինի իր տեղում և իրականացնի իրական արդարադատություն, ապա կկանխվեն բոլոր տեսակի անօրինականությունները՝ սկսած հետաքննության մարմնից, նախաքննության մարմնով և ի վերջո, դատախազությամբ ավարտած:

Այսինքն, իրավական ցանկացած խնդիր, կոնկրետ պարագայում՝ քրեաիրավական առումով, ցանկացած հարց, իր հանգուցալուծումն է ստանում դատարանում: Իսկ դատարանի գործելաոճի փոփոխությունը շատ արագ հետադարձ ռեակցիա է ունենալու նշածս բոլոր ոլորտների համար, քանի որ եթե նշված մարմիններում հասկանան, որ գործ ունեն անկախ և արդար դատարանի հետ, որտեղ որոշումները կայացվում են բացառապես փաստական և իրավական հիմնավորումներով, որ այս շղթայի յուրաքանչյուր օղակում վստահ լինեն, որ որևէ օղակում չկա կոռուպցիոն ռիսկ, ապա այդ պարագայում, բոլոր մարմիններն անխտիր կգործեն բացառապես օրինականության դաշտում՝ առանց որևէ բացառությունների:

Ստեղծված իրողությունների պայմաններում, միայն մեկ բան է մնում, որպեսզի որոշակի հանդուրժողականություն ցուցաբերենք, համբերություն դրսևորենք, յուրաքանչյուրս մեր տեղում օժանդակենք համընդհանուր նպատակի իրականացմանը և սպասենք արդյունքներին, որն անկասկած լինելու է և արդեն իսկ ապրում ենք այդ իրողության մեջ:

Արդեն իսկ քայլ ենք արել և գնում ենք դեպի մեր երազած Հայաստանը: Եկեք անհարկի ինտրիգներով, անձնական ամբիցիաներով չխանգարենք ոչ կառավարող լեգիտիմ իշխանությանը, ոչ էլ մյուս մարմիններին և շատ շուտով, բոլորս միասին կարձանագրենք մեր երազած Հայաստանի անշրջելի գոյության փաստը:

Գեղամ ՀԱԿՈԲՅԱՆ
Փաստաբան

Տեսանյութեր

Լրահոս