«Ո՛չ մասնավոր, ո՛չ պետական սեկտորը տեղյակ չէ՝ ինչ նոր մարտահրավերների և ռիսկերի առջև կարող է կանգնել նոր համակարգի ներդրման պարագայում». Շուշան Դոյդոյան
Մայիսի 25-ից ԵՄ տարածքում և դրա սահմաններից դուրս գործարկվելու է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը, որն իրենից ներկայացնում է ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ:
«Ի՞նչ ասել է անձնական տվյալ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հարց է բարձրացնում բանախոս՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը և պատասխանում,- անձնական տվյալ կարող է լինել Եվրամիության քաղաքացու կամ ցանկացած այլ անձի, օրինակ, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը կամ լուսանկարը, այլ կերպ ասած, ցանկացած տվյալ, որը կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացվել տվյալ անձի հետ:
Եթե վերցնենք խախտումների պրակտիկ կիրառության օրինակներ, ապա հնարավոր, այդ թվում՝ նաև ազգային օրենսդրության խախտում կարող է լինել ինչպես մասնավոր կազմակերպություների, այդպես նաև՝ պետական կառույցների կողմից հաճախ զանգվածաբար հաղորդագրությունների ուղարկումը Հայաստանի բնակիչներին, առանց ունենալու նման հաղորդագրություններ ստանալու այդ մարդկանց համաձայնությունը, ինչպես նաև չտալով նրանց հնարավորություն տվյալ պահին պարզ և հստակ կերպով քեզ տեղեկացնելու, որ ինքը հրաժարվում է այսուհետև քեզանից այդօրինակ հաղորդագրություններ ստանալուց:
Ընդ որում, այդ հեռախոսահամարները կարող են օգտագործվել Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների կողմից: Եթե հաղորդագրություն ես ուղարկում որևէ հեռախոսահամարի, որը տվյալ պահին համարվում է Եվրամիության քաղաքացի հանդիսացող որևէ անձի անձնական օգտագործման հեռախոսահամարը, ապա դու կարող ես կանգնել պատասխանատվության առաջ:
Սրա մասին մենք արդեն երկու-երեք տարի շարունակ բարձրաձայնում ենք, բայց մինչ օրս՝ ապարդյուն: Այս առնչությամբ տարբեր ընկերությունների կողմից վերջերս բավականին լուրջ ընդվզում տեղի ունեցավ, որի նպատակը մեկն էր՝ չկարգավորել ոլորտը, որպեսզի սահմանափակումներ չկիրառվի: Ցավոք, այդ ժամանակ մենք ստիպված եղանք տեղի տալ, սակայն այսուհետ այլևս նման կերպով չի լինելու»:
Արդյո՞ք Հայաստանի մասնավոր ընկերություններն ու պետական կառույցները տեղեկացված են նոր համակարգի՝ տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորման մասին, և պատրա՞ստ են սպասվելիք մարտահրավերներին՝ հարցին Շուշան Դոյդոյանը պատասխանում է՝ անհանգստության մեծ առիթ ունի, որովհետև կարծում է՝ ո՛չ մասնավոր, ո՛չ պետական սեկտորը բացարձակապես տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը, ի՞նչ նոր մարտահրավերների և ռիսկերի առջև կարող է կանգնել յուրաքանչյուր կազմակերպություն նոր համակարգի ներդրման պարագայում, անկախ տարածքից՝ որտեղ է գտնվում՝ ՀՀ-ո՞ւմ, թե՞ ԵՄ-ում.
«Յուրաքանչյուր ընկերություն կարող է կանգնել պատասխանատվության առաջ, եթե օրենքի տառին անհամապատասխան կերպով իրականացնի Եվրամիության քաղաքացիների անձնական տվյալների մշակումը: Այս կարգավորումը վերաբերում է ցանկացած կազմակերպության, որը մտադրություն ունի և իրականացնում է Եվրամիության քաղաքացիների անձնական տվյալների մշակում: Ես ցավում եմ, որ հանրային որևէ լայն իրազեկում այսօրինակ ռիսկերի մասին, որի առաջ կարող են կանգնել հավասարապես ինչպես մասնավոր, այնպես էլ պետական կառույցները, չի իրականացվել:
Այս պարագայում չափազանց պարզունակ իրավիճակներում կարող են խնդիրներ առաջանալ ինչպես տեղացի, այնպես էլ Եվրամիության քաղաքացի հանդիսացող անձանց համար, ինչն արդեն ուժի մեջ մտնող նոր համակարգի պայմաններում ենթակա է մեծ տույժերի և տուգանքների»:
Տեղեկացնենք, որ «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը ԵՄ բոլոր անհատների տվյալների պաշտպանության և գաղտնիության համար կանոնակարգ է ԵՄ օրենքում, որն ընդունվել է 2016թ.-ի ապրիլի 14-ին, 2 տարի գտնվել է անցումային փուլում և կգործարկվի արդեն 2018թ.-ի մայիսի 25-ին: Ընդունված է համարել, որ այն հանդիսանում է տվյալների պաշտպանության կարգավորման մեջ վերջին 20 տարվա ընթացքում ամենակարևոր փոփոխությունը:
Կանոնակարգի հիմնական նպատակն է՝ քաղաքացիներին և բնակիչներին իրենց անձնական տվյալների նկատմամբ վերահսկողության հնարավորություն տալ և պարզեցնել միջազգային գործարարության կարգավորիչ միջավայրը: