«Շատ կարևոր է, որ նախ և առաջ սկսեն գործել ժողովրդավարական ինստիտուտները». Թոմաս Շրապել

Հարցազրույց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն, Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելի հետ

– Պարոն Շրապել, Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ինչպե՞ս կբնորոշեք, և ի՞նչ արդյունքներ կլինեն:

– Ես կարծում եմ` այս պահին այդ մասին շատ բան ասել հնարավոր չէ, տեսնենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Ես մի քիչ հեգնանքով կարող եմ ասել, որ պետք է նայենք, թե խոսքը փոփոխությունների՞, բարեփոխումների՞, թե՞ հեղափոխության մասին է: Ապագան ցույց կտա:

Ես նկատում եմ, թե հիմա որքան լավատեսորեն են տրամադրված այստեղ՝ Հայաստանում, և ոչ միայն՝ Երևանում, ես եղել եմ Գյումրիում, և այնտեղ էլ տեսել եմ այդ լավատեսությունը: Եվ չէի ուզենա, այսպես ասած, այդ գինուն ջուր ավելացնել: Բայց, համենայն դեպս, մի քիչ ջուր պետք է ավելացնեմ գինուն՝ ասելով, որ շատ կարևոր է, որ նախ և առաջ սկսեն գործել ժողովրդավարական ինստիտուտները, հատկապես նկատի ունեմ խորհրդարանը և դատարանները, քանի որ միայն նրանց նորմալ գործունեության միջոցով հնարավոր կլինի նաև հասնել այստեղ հաջողությունների: Եվ ես ուրախ եմ, որ այդ միտքը հնչում է այստեղ տարբեր քննարկումների ժամանակ: Իհարկե, շատ մեծ են սպասումները, և հարկավոր է միաժամանակ զինվել համբերությամբ, որպեսզի այդ սպասելիքները կատարվեն: Եվ դա շատ կարևոր է: Համենայն դեպս, հույս ունեմ, և դա շատ կարևոր է Հայաստանի զարգացման համար, որ հետագա քննարկումները տեղի ունենան պառլամենտում:

– Հաշվի առնելով, որ կառավարությունը ժամանակավոր է, նրա առաջնահերթ խնդիրը ո՞րը պետք է լինի` ազատ, արդար և թափանցիկ արտահերթ ընտրությունների անցկացո՞ւմը, թե՞ շեշտադրում պետք է կատարվի նաև տնտեսական խնդիրներին, դատարանների բարեփոխմանը, և այլն:

– Գիտեմ, որ կան մի քանի թեմաներ, գիտեմ, որ մտադրություն կա՝ ունենալ արտահերթ ընտրություններ, որքան հասկանում եմ, դրանք հաջորդ տարի են լինելու: Ինքս չեմ կարող դրանց վերաբերյալ որևէ բան ասել: Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա քաղաքական շրջանները կարող են միայն շրջանակ ստեղծել տնտեսական զարգացման համար:

– Սակայն ներկայիս պայմաններում, երբ Ազգային ժողովի մեծամասնությունը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են, այս կառավարությունը կկարողանա՞ իրական բարեփոխումներ իրականացնել:

– Սա իսկապես խնդիր է, որ հիմա Հանրապետական կուսակցությունը նոր կառավարության մեջ գրեթե որևէ պաշտոն չի զբաղեցնում և այդպես էլ կմնա հավանաբար մինչև հոկտեմբեր ամիսը: Եվ այստեղ ուղղակի պետք է նայենք, տեսնենք, թե ինչ ռեֆորմներ, փոփոխություններ կարող են լինել առաջնահերթ պարզապես:

– Համաշխարհային բանկն ասում է, որ ամեն փոփոխություն չի կարող բարեփոխում համարվել: Ձեր կարծիքով` մինչ օրս Հայաստանում իրականացված բարեփոխումներից ո՞րն է իրական բարեփոխում:

– Կարծում եմ` Սահմանադրության փոփոխությունն այդպիսի օրինակ է, բարեփոխում է, բայց չգիտենք, թե ինչպես կշարունակվի այդ փորձը: Խնդիրն այն է, որ Սահմանադրության վերաբերյալ վերջին քննարկումներում միշտ լսում եմ, որ կենտրոնանում են մի անձնավորության վրա, և դա ցավալի է, քանի որ Սահմանադրության փոփոխության հետ կապված՝ կան բազմաթիվ դրական բաներ և, կարծում եմ, դրանք ավելի շատ ուշադրության պետք է արժանանային:

Ես միայն մեկ օրինակ բերեմ, թեև կարող էի բերել բազմաթիվ օրինակներ. նոր Սահմանադրությամբ ընդդիմության իրավունքները շատ մեծ ընդլայնվել են, հատկապես այն հարցում, երբ պառլամենտում պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով, իսկ քննիչ հանձնաժողովն ամենալավ, ամենակարևոր գործիքն է կոռուպցիայի դեմ պայքարում:

Նախկինում շատ դժվար էր համաձայնության հասնել քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, քանի որ դրա համար շատ մեծ քանակով ձայներ էին հարկավոր, իսկ հիմա բավական է ընդհանուր ձայների ընդամենը 20%-ը, որպեսզի ստեղծվի քննիչ հանձնաժողով: Իսկ դա, ինչպես ասացի, շատ կարևոր գործիք է տարբեր հարցեր քննելու համար և ընդդիմության լավագույն գործիքն է:

– «Թավշյա հեղափոխությունն» ու սպասվող փոփոխություններն ինչպե՞ս են ազդել տարածաշրջանում Հայաստանի դիրքի վրա:

– Ես չեմ օգտագործում «թավշյա հեղափոխություն» հասկացությունը, բայց ասեմ, որ մեզ համար և իմ գործընկերների համար Հայաստանի այսօրվա դիրքը տարածաշրջանում չափազանց կարևոր է՝ հետևյալ պատճառներով. Հայաստանը մի փորձ է անում, որը կարելի է համեմատել մարմնամարզության մեջ շպագատի հետ` մի կողմից՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, փորձում է նաև լավ կապեր պահպանել Եվրամիության հետ, և դա շատ հրաշալի փորձ է: Իմ կարծիքով` սա իսկապես շատ խելամիտ ճանապարհ է, երբ ոչ թե «կա՛մ-կա՛մ»-ի հարց ես դնում, այլ ասում ես՝ «և՛-և՛»` և՛ Եվրամիություն, և՛ Եվրասիական տնտեսական միություն:

Տեսանյութեր

Լրահոս