NASA-ն Curiosity մարսագնացի համար հորատման նոր տեխնիկայի փորձարկումներ է կատարում
ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) կատարում է նոր տեխնոլոգիայի փորձարկումներ, որը կոչված է լիովին վերականգնելու Curiosity մարսագնացի հորատման կայանքի աշխատունակությունը:
Այն 2016 թվականին սահմանափակվել է մեխանիկական անսարքության պատճառով: Այդ մասին հայտնել է NASA-ն: Նոր տեխնոլոգիան կոչվել է Feed Extended Drilling (FED): «Այն Curiosity-ին թույլ կտա հորատել այնպես, ինչպես սովորական մարդն իր տանն ինչ-որ բան է շաղափում»,- պարզաբանել են ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունում:
Curiosity-ն Մարսի վրա է իջեցվել 2012 թվականի օգոստոսի 6-ին այն խառնարանը հետազոտելու համար, որը կոչվել է ավստրալացի աստղագետ Ուոլթեր Գեյլի պատվին:
Ապարատի երկարությունը 2,8 մետր է եւ կշռում է 900 կիլոգրամ: Այն կարող է հաղթահարել մինչեւ 75 սանտիմետր բարձրությամբ խոչընդոտները եւ տեղում շրջադարձ կատարել: Այս նախագիծը NASA-ի վրա 2,5 միլիարդ դոլար է նստել:
Մարսագնացը հավաքված տեղեկատվությունը Երկիր է փոխանցում Mars Odyssey եւ Mars Reconnaissance ուղեծրային զոնդերի միջոցով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: