«Ծառուկյան» դաշինքը պատրաստ չէ՞ միանալ Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարությանը և ստանձնել քաղաքական պատասխանատվություն
«Ծառուկյան» խմբակցությունում դեռևս չեն քննարկել հարցը՝ արդյո՞ք իրենք պատրաստ են Նիկոլ Փաշինյանի վարչապետությանն աջակցելուց հետո միանալ նրա ժամանակավոր կառավարությանը և ստանձնել քաղաքական պատասխանատվություն այդ կառավարության համար։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Ներկուսակցական տարբեր քննարկումներ լինում են, բայց դեռ պատեհ ժամանակ չէ դրանց մասին ասելու։ Այս պահին նման որոշում չունենք և պաշտոնական դիրքորոշում չունենք»,- ասաց Մ.Մելքումյանը։
Ըստ նրա՝ դեռ վաղ է խոսել, կարող է Ազգային ժողովի կազմում փոփոխություններ լինեն։ Մ.Մելքումյանը չբացառեց, որ կարող է լինել փոքրամասնության կառավարություն. «Բայց դա բարդ բան է, որովհետև ԱԺ գալու են օրենքներ, որ պետք է ընդունվեն, որովհետև եթե ուզում են բարեփոխումներ անել, պետք է օրենքներ բերեն։ Ինչ-որ ձևաչափ պետք է լինի, այսինքն՝ պետք է որոշակի կոնսենսուս օրենքների ընդունման համար»։
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխման հարցին՝ Մ.Մելքումյանը նշեց, որ այն պետք է շատ լուրջ քննարկվի. «Մենք ասել ենք, որ կողմ ենք հիմնականում 100% համամասնական ընտրակարգին, ոչ թե՝ այն արատավոր համակարգին, որ կոչվում է ռեյտինգային, սակայն իրականում նույն մեծամասնական համակարգն է»։