Բաժիններ՝

Ռոուհանին անընդունելի է համարել միջուկային համաձայնագրի նոր վեցակողմ քննարկումը. AFP

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվակաինին Թեհրանի հետ վեց տերությունների կնքած Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ենթակա չէ քննարկման: Այդ մասին, ինչպես հայտնել է AFP գործակալությունը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ապրիլի 29-ին կայացած հեռախոսազրոյցի ընթացքում:

«Միջուկային ծրագրի վերաբերյալ համայաձայնագիրը չի կարող բանկցությունների առարկա լինել»,- ասել է Ռոուհանին: Նա ընդգծել է, որ «Իրանը «չի համաձայնի ոչ մի նոր սահմանափակման, որը դուրս է գալիս նրա պարտավորությունների սահմաններից»: Ինչպես հայտնել են Ֆրանսիայի նախագահի վարչակազմում, ավելի քան մեկ ժամ տեւած խոսակցության ընթացքում Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան «ցանկանում է պահպանել 2015 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները եւ բանակցություններ սկսել երեք հավելյալ թեմաների շուրջ, որոնք վերաբերում են 2025 թվականից հետո Իրանի միջուկային գործունեության վերահսկողությանը, այդ երկրի բալիստիկ ծրագրին եւ կարեւորագույն տարածաշրջանային ճգնաժամերին»:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:

ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար: Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս