Էներգետիկա, որը կարող է առաջ կամ հետ տանել Հայաստանը

Այս օրերին հոդված գրելը չափազանց դժվար, անհնարինին մոտ բան է։ Քաղաքականության մասին չեմ գրում ու երբեք չեմ գրել, քանի որ ինձ դրա մասնագետը չեմ համարում։ Սակայն այս օրերին գրել զուտ տնտեսական նյութեր՝ դա էլ մի տեսակ չի ստացվում։ Ո՞ւմ են հետաքրքիր թվերը, ցուցանիշներն ու գծապատկերները…

Բայց տնտեսությունն էլ դժվար է ամբողջությամբ տարանջատել քաղաքականությունից, հատկապես՝ այս օրերին։ Դրա համար սա ոչ տնտեսական հոդված է, ոչ քաղաքական։ Ինչ-որ մտքերի խառնուրդ է, որը, կարծում եմ, այնքան էլ անհետաքրքիր չի լինի կարդալ։

Ապրիլի 23-ին, երբ ժողովուրդը փողոցներում տոնում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, ես հոդված գրեցի՝ «Թավշյա հեղափոխության տնտեսական էֆեկտը» վերնագրով, որը լույս տեսավ թերթի՝ ապրիլի 24-ի համարում։ Անկեղծ ասեմ, հոդվածը գրել եմ հեռախոսով՝ Կենտրոնի մարդաշատ փողոցներով քայլելու ընթացքում, որովհետև փակ փողոցների պատճառով չէի կարող հասնել գրասենյակի համակարգչիս, ժամանակն էլ սահմանափակ էր։

Այդ պահին համոզված էի, որ ամեն ինչ ավարտված է՝ լավ իմաստով։ Քաղաքացիների հետ միասին Սարգսյանի հրաժարականը տոնող ոստիկանները որևէ կասկած չէին թողնում, որ հեղափոխությունն ավարտված է, այն էլ՝ ամենաիդեալական ձևով, առանց ցնցումների, անկարգությունների ու զոհերի։ Արդեն համոզված էի, որ ապրիլի 23-ից Հայաստանը մտնում է նոր փուլ։ Մնում է միայն չշեղվել ուղուց, գնալ ճիշտ ճանապարհով և կառուցել այն երկիրը, որի մասին մենք բոլորս երազել ենք։

Նման տրամադրություններով հոդված գրելը և՛ հեշտ էր, և՛ դժվար։ Հեշտ՝ որովհետև տարիներ շարունակ գրել եմ, թե որն է մեր տնտեսական դժվարությունների պատճառը, թե ինչպիսի արդյունքներ կարող էինք ունենալ, եթե անցկացվեն նորմալ ընտրություններ, օրենքը հավասար գործի բոլորի համար, դատական համակարգը լինի անկախ, բիզնեսի ու իշխանության սերտաճումը վերանա, հասարակության և Սփյուռքի վստահությունը պետական համակարգի նկատմամբ վերականգնվի, և այլն։ Այդ պահին ես 100 տոկոսով համոզված էի, որ այս ամենին կարճ ժամանակում կհասնենք, և սոցիալ-տնտեսական արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա՝ ներդրումների, տուրիստների հոսքի, տնտեսական ակտիվության ու ներգաղթի շնորհիվ։ Սակայն և դժվար էր այս ամենը միանգամից ի մի բերել և ամփոփել, այն էլ՝ չափազանց էմոցիոնալ ֆոնի վրա։

Արդեն ամսի 25-ին հասկացա, որ ժամանակից առաջ էի ընկել։ Լավատեսությունս չափազանցված էր։  Սկսվեցին նոր պրոցեսներ, որոնք շարունակվում են մինչ օրս և, ըստ երևույթին, դեռ կշարունակվեն։ Հիմա արդեն ոգևորությանը փոխարինել է խոր անհանգստությունը։

Էներգետիկան ու լավատեսությունը, որ առկա էր Երևանի փողոցներում, կարող էր կապիտալիզացվել ու դառնալ երկրի բեկումնային զարգացման շարժիչը։ Այդ էներգետիկան այսօր էլ կա, սակայն մի թեթև թուլացել է՝ ներքաղաքական շարունակվող լարվածության, կուլիսային խաղերի, սոցիալական ցանցերում ու զլմ-ներում սկիզբ առած տեղեկատվական պատերազմի, մանիպուլյացիաների ու «կեղտի» պատճառով։

Էներգետիկան թուլացել է, բայց կա։ Ու սա չի կարելի կորցնել, որովհետև դա մեր ամենաթանկ ռեսուրսն է այս պահին։ Եվ այդ ռեսուրսը չի կարելի մսխել կամ ոչնչացնել։

Ոչնչացնել՝ չի նշանակում՝ միայն ուժ կիրառել։ Ոչնչացնել, կնշանակի՝ ցանկացած լուծում, որի հետևանքով ամսի 23-ին տոնող մեր հայրենակիցները կհիասթափվեն, իրենց խաբված ու կոտրված կզգան։ Տարբեր քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաները, թրոլլինգը, խառնակչությունը, ներքին պառակտումներ հրահրելը, զրպարտիչ ու վարկաբեկող նյութերը, մի խոսքով՝ այս ամբողջ գործիքակազմը շատ ավելի մեծ վնաս կարող է տալ, քան ուժի կիրառումը։

Անզգույշ քայլերի դեպքում այդ դրական էներգետիկան վերածվելու է բացասականի և երկիրը ետ է տանելու նույն թափով, ինչպես կարող էր առաջ տանել։ «Կոտրեք» պայքարող ազնիվ, առաջադեմ ու ինչ-որ տեղ՝ ռոմանտիկ երիտասարդությանը, և երազանքների երկիր կառուցել ձգտող երիտասարդության փոխարեն՝ կունենանք հուսալքություն, արտագաղթ, իշխանության նկատմամբ վստահության է՛լ ավելի մեծ կորուստ՝ իր մնացած բոլոր վատ հետևանքներով հանդերձ։

Այս տարիներին ամենատարբեր հետազոտություններ են եղել տարբեր կազմակերպությունների կողմից, որտեղ երևում է, թե ինչ աստիճանի վստահության դեֆիցիտ կա պետական կառույցների նկատմամբ։ Նաև երևում էր, որ հասարակությունը համարում է՝ իշխանությունը երկիրը տանում է սխալ ուղղությամբ, և նման կերպ մտածողների տոկոսը վերջին տարիներին կայուն աճել է։ Ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն իշխանությունը մատների արանքով էր նայում այս լրջագույն ահազանգերին՝ ինքն իրեն հանգստացնելով մի քանի պլպլան մակրոտնտեսական ցուցանիշներով։

Սերժ Սարգսյանն Ազգային ժողովում խոսում էր վերջին 10 տարում տնտեսական հաջողությունների մասին, հեռուստաընկերությունները ներկայացնում էին լավատեսական գծապատկերներ և ռեպորտաժներ տալիս՝ հերթական ներդրումային ծրագրի մեկնարկի մասին։

Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ։ Էդմոն Մարուքյանի այս հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը և հանրապետական պատգամավորներն ասում էին, որ ընդդիմությունը միայն վատն է տեսնում։

Իսկ վարչապետ ընտրվելուց հետո, «Շանթին» տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասում էր, որ տնտեսության ակտիվությունը, ներդրումների և զբոսաշրջիկների հոսքի աճը պայմանավորված է ներքաղաքական կայունությամբ։ Նա ասում էր՝ 2017 թվականը եղել է միակ տարին, երբ արտառոց դեպքեր չեն եղել, և արձանագրվել է 7.5% տնտեսական աճ։

Սակայն կա մի ուշագրավ հակասություն՝ այդ «կայուն» 2017 թվականին օտարերկրյա ներդրումները 3 անգամ  քիչ են եղել (400 մլն դոլար), քան ապրիլյան պատերազմ և ՊՊԾ գնդի գրավում արձանագրած 2016 թվականին (1.2 մլրդ դոլար): Սա նշանակում է, որ լճացումն ու ճահիճը, անտարբերությունն ու հավատի պակասն ավելի վտանգավոր ու վնասակար են, քան անգամ ամենակտրուկ փոփոխություններն ու ցնցումները։

Ես գիտեմ, որ թե՛ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, թե՛ տնտեսական բլոկի պաշտոնյաների մի զգալի մասը երբեմն կարդում են իմ հոդվածները։ Գիտեմ, որ այս ամենը նրանք ինձնից լավ են պատկերացնում։ Նրանք շատ լավ կարող են հաշվարկել թե՛ օգուտը, որը երկիրը կարող է ունենալ առաջիկա տարիներին, թե՛ վնասը։

Մենք հայտնվել ենք ոչ ստանդարտ, աննախադեպ իրավիճակում, որը ոչ ստանդարտ լուծումներ է պահանջում։ Գտե՛ք այդ լուծման ճանապարհը։

Տեսանյութեր

Լրահոս