Մինսկի խումբը կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին ծանր հրետանին հետ քաշել առաջնագծից

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանում առկա իրավիճակի առնչությամբ:

«Տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո և հաշվի առնելով շփման գծում լարվածության աճի հնարավորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը- ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի- Ֆրանսիա և Էնդրյու Շեֆեր- ԱՄՆ) ընդգծում են կողմերի կողմից հրադադարի պահպանման խիստ կարևորությունը այս կարևոր ժամանակահատվածում, մասնավորապես, պահպանելով ծանր հրետանին պահելով առաջնագծից հեռու:

Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, ինչպես նաև սպասում են կողմերի միջև առաջիկա հանդիպմանը՝ վերսկսելու համար ինտենսիվ բանակցությունները հակամարտությանը խաղաղ և տևական լուծում գտնելու համար»:

Ապրիլի 21-ին Արցախի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվել են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:

https://www.youtube.com/watch?v=JPj8UD6MEw0

Տեսանյութեր

Լրահոս