Եվրոպական խորհուրդն իր բազմաէջանոց հետաքննության մեջ ներկայացրել է Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապեր հաստատած պաշտոնյաներին

ԵԽԽՎ անկախ հետաքննական մարմինն իր բազմաէջանոց զեկույցում ներկայացրել է փաստեր, որոնց համաձայն՝ Ադրբեջանը ներդրել է ֆինանսական միջոցներ ԵԽԽՎ աշխատանքների վրա ազդեցություն ունենալու համար:

Այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Շուրջ տասն ամիս տեւած հետաքննության արդյունքում Եվրոպայի խորհուրդը պարզել է եւ զեկույցում առանձին կետով ներկայացրել, որ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի մի շարք անդամներ, այդ թվում՝ նաեւ ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը, խախտել են կառույցի էթիկայի նորմերը՝ «կոռուպցիոն բնույթի» կապ հաստատելով Ադրբեջանի իշխանությունների հետ: Ըստ զեկույցի՝ Բաքուն ջանքեր է գործադրել ներազդելու Վեհաժողովի վրա՝ նպատակ հետապնդելով նվազեցնել Ադրբեջանում անցկացված ընտրություններին վերաբերող քննադատությունը:

ԵԽԽՎ նախագահ Միքելե Նիկոլետտին բարձր է գնահատել փաստաթուղթը՝ տեղեկացնելով, որ այն փոխանցվելու է պատվիրակությունների ղեկավարներին: Հետաքննական խմբում ներգրավված են եղել բարձրակարգ մասնագետներ Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից:

Ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացվեցին արտահերթ նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում վերընտրվեց գործող նախագահ Իլհամ Ալիևը: Ընտրություններին հետեւող միջազգային դիտորդներն ավելի վաղ բացառել էին Ադրբեջանում տիրող քաղաքական միջավայրում արդար ընտրությունների անցկացումը:

Ավելի վաղ՝ 2016 թվականի փետրվարին Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը քրեական գործ են հարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, ով Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին նախագահն է: Վոլոնտեն մեղադրվում է 2012-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Փոխարենը, պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում և ԵԽԽՎ-ում: Գումարը նրան է փոխանցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սուլեյմանովը, իսկ կոորդինացիոն աշխատանքներն իրականացրել է Բրյուսելում տեղակայված ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունը: Վոլոնտեի դեմ հարուցված քրեական գործը պաշտոնապես ունի երկու գլուխ` կաշառակերություն և փողերի լվացում:

Տեսանյութեր

Լրահոս