Կոռուպցիան համակարգված է և միշտ կապված իշխանության հետ

Վերջերս «Գյումրի Լոֆտ»-ում բացվեց կոռուպցիային նվիրված ցուցահանդես:
Ըստ բանախոսների, դա այն խոշորագույն արգելքն է և փորձանքը, որը խոչընդոտում է մեր երկրի զարգացմանը:

Անկախությունից ի վեր լրագրողները լուսաբանել են կոռուպցիային վերաբերող թեմաներ՝ շատ հաճախ կոռուպցիան նույնացնելով կաշառակերության հետ, մինչդեռ կոռուպցիան համակարգված է և միշտ կապված իշխանության հետ, վերջինիս հովանավորությամբ է տարածվում:

«Որպեսզի մենք այդ ահռելի երևույթը կարողանանք ներկայացնել, առանձնացրել ենք 7 առավել հնչեղ գործերը և ներկայացրել, թե ինչպես է մեդիան դրանք լուսաբանում: Ինչպիսի հաջողությունների է հասել հետաքննական լրագրությունը, որը հիմնականում զբաղված է կոռուպցիայի լուսաբանմամբ, ինչպիսի ձախողումներ են եղել:

Մեր ցուցահանդեսի կարևոր նյութերից են նաև հեղինակների և փորձագետների հետ հարցազրույցները՝ հասկանալու համար, թե իրենք ինչպես են գնահատում իրենց կատարած աշխատանքը»,- նշեց ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը:

Մեդիաթանգարանը բացառիկ է իր տեսակով, ոչ միայն նրա համար, որ ներկայացնում է մեդիայի պատմությունը, այլև նրա համար, որ այն ներկայացնում է մեր անցյալի՝ մեդիայի խոշորագույն իրադարձությունների լուսաբանումը, պատմությանը»:

«Գյումրի Լոֆտ»-ում «Մեդիա նախաձեռնություններ»-ի կենտրոնի կողմից կազմակերպված «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» վերնագրով ցուցահանդեսը «Լրատու» մեդիա թանգարանի նախագծերից է։

Ցուցահանդեսը համակարգող Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ 7 կոռուպցիոն սկանդալներից մեկը վերաբերում է ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի՝ պանամական օֆշորային սկանդալի մեջ ընդգրկված լինելու «Հետք»-ի բացահայտմանը, որի արդյունքը եղավ այն, որ ԴԱՀԿ նախկին պետ
Միհրան Պողոսյանը հրաժարական ներկայացրեց։

Ցուցահանդեսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև բանակում տիրող կոռուպցիային և «Արմենթելի» մենաշնորհներին, իրավապահ համակարգում, քրեակատարողական հաստատություններում տիրող իրավիճակին։

«Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Նունե Սարգսյանի խոսքով՝ կոռուպցիան նաև մեր երկրի պատմությունն է. «Կարևոր է նաև հասկանալ, որ մենք համարյա բան չենք ստեղծել այս թանգարանի հետ կապված: Մենք ուղղակի փորձել ենք կանոնակարգել, հավաքել, արխիվ ստեղծել և հիմնական հերոսները հենց լրագրողներն են և լրագրողական գործերը»:

Հավելենք, որ ծրագրի իրականացմանն օժանդակում է USAID-ին՝ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը:

Նմանատիպ ցուցահանդես Գյումրիում կազմակերպվել է տարիներ առաջ՝ նվիրված 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս