ԱՄՆ-ը և Ռուսաստանը՝ անմիջական ռազմական բախման շեմին. Ի՞նչ պետք է անի Հայաստանը

Շուրջ վեց տարի շարունակվող սիրիական պատերազմում ԱՄՆ-ը և Ռուսաստանը Սիրիայում հայտնվել են անմիջական ռազմական բախման շեմին` տարածաշրջանի և ողջ աշխարհի համար անկանխատեսելի հետևանքներով:

Այն բանից հետո, երբ ապրիլի 7-ին «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորումն իր գործընկերների հետ հայտարարեց Սիրիայի կառավարական զորքերի կողմից Դամասկոսից ոչ հեռու գտնվող Գուտայի Դումա քաղաքում հարյուրավոր կյանքեր խլած քիմիական հարձակման մասին` քլորի կամ զարինի կիրառմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ, ցանկություն հայտնեց պատժել Ասադին, ով ՌԴ պաշտոնյաների հետ միասին հերքում է քիմիական զենքի օգտագործման փաստը:

Թրամփը չմոռացավ շեշտել Ռուսաստանի պատասխանատվության մասին ևս: Նա մեղադրեց ՌԴ նախագահ Պուտինին և Իրանին՝ Ասադին աջակցություն ցուցաբերելու համար: Սպիտակ տան ղեկավարը խոստացավ Դամասկոսին՝ ակնարկելով նաև Մոսկվային և Թեհրանին, պատժելու մասին որոշման մանրամասները հայտնել մինչև ապրիլի 11-ի երեկոն: Ուստի միջազգային համայնքը վերջին ժամերն է հաշվում:

Ամերիկյան The New York Times-ի համաձայն՝ ԱՄՆ նախագահն իր խորհրդականների հետ քննարկում է, թե ինչ ուժգնության հարված է անհրաժեշտ հասցնել Սիրիայում: Այսինքն, ըստ պարբերականի, Սպիտակ տանը կարծում են, որ 2017 թվականի ապրիլի 7-ին սիրիական Շայրաթ ավիաբազային հասցված ուժգնության հարվածներն այս անգամ չեն ունենա անհրաժեշտ ազդեցությունը:

«Ադմինիստրացիայի չինովնիկներն ակնկալում են, որ նոր հարվածները կլինեն ավելի ընդարձակ, քան անցյալ տարի: Հարցը միայն այն է, թե որքան ընդարձակ»,- գրում է թերթը: NYT-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ մի քանի տարբերակներ են քննարկվում, հնարավոր է՝ հարվածի թիրախներն ավելանան, հնարավոր է՝ հարվածները շարունակվեն մեկ օրից ավելի:

Ամենամտահոգիչ քննարկումները ծավալվում են ամերիկյան հարվածների թիրախների հստակեցման շուրջ: Փորձագետներից ոմանք կարծում են, որ ամերիկյան հարձակման թիրախ կլինեն այն օբյեկտներն ու լաբորատորիաները, որտեղ, ինչպես ամերիկացիներն են կարծում, քիմիական զենքն է պատրաստվել:

Մյուսները կասկածում են, որ հարձակման թիրախները Դամասկոսի կառավարական շինություններն են լինելու: Եվ վերջապես, կան փորձագետներ, որոնք գտնում են, որ հարձակման թիրախ կարող է դառնալ նույնիսկ Խմեյմիմի ավիաբազան, որտեղ տեղակայված է ռուսական օդուժը: Ռուսական կողմը տարբեր մակարդակներով հասցրել է նախազգուշացնել ԱՄՆ-ին հնարավոր հետևանքների մասին:

ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ Մոսկվան նախազգուշացրել է Վաշինգտոնին Սիրիայում հարվածի հնարավոր հետևանքների մասին: «Ռուսաստանը զգուշացրել է ինչպես՝ հրապարակային, այնպես էլ՝ իր համապատասխան խողովակներով, այդ թվում՝ ռազմական, այն լուրջ հետևանքների մասին, որոնք կարող են լինել այն դեպքում, եթե այդ հարվածները հասցվեն, և այդ հարվածների ընթացքում կամա թե ակամա տուժեն ՌԴ քաղաքացիներ»,- ասել է Չիժովը:

«Մենք ամերիկյան կողմին բազմիցս տեղեկացրել ենք հարվածի հնարավոր չափազանց բացասական հետևանքների մասին, եթե այն լինի սիրիական օրինական կառավարության և, հատկապես՝ եթե այդ զենքի կիրառումը, Աստված չանի, վնասի մեր զինվորականներին, որոնք օրինականորեն գտնվում են Սիրիայում»,- հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան:

Լիբիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում հարվածել հրթիռներին Սիրիայի դեմ ԱՄՆ ագրեսիայի դեպքում: Սակայն ժամեր առաջ իր թվիթերյան միկրոբլոգի միջոցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին կոչ արեց պատրաստվել հարվածել Սիրիայի երկնքում ամերիկյան հրթիռներին:

«Ռուսաստանը խոստանում է հարվածել ցանկացած հրթիռ Սիրիայի երկնքում: Պատրաստվեք, որովհետև նրանք լինելու են»,- գրել է Թրամփն իր միկրոբլոգում: Մեկ ժամ անց նույն հարթակում նա Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել սպառազինության մրցավազքը՝ տեղեկացնելով, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները վատն են առավել, քան երբևէ, այդ թվում՝ Սառը պատերազմի ընթացքում:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ ստեղծվել են բոլոր պայմանները սիրիական քաղաքացիական պատերազմի միջազգայնացման համար, քանի որ գերտերությունների միջև անմիջական բախումների հավանականություն կա:

Ըստ նրա՝ Իսրայելն է հարված հասցնում, Սիրիան խոստանում է պատասխանել Իրանին, որը թույլ է տալիս պնդել, որ գուցե հակամարտություն սկսվի Իսրայելի, Լիբիայի, Սիրիայի և Իրանի միջև, մյուս կողմից՝ Թուրքիան է շարունակում առաջխաղացումն այն քրդական տարածքներով, որոնցում ամերիկացիներ կան, այստեղ ևս բախումներ հնարավոր են, ներկայումս ԱՄՆ-ՌԴ բախումները ևս հնարավոր են, քանի որ ամերիկյան կողմը պատրաստվում է հարվածներ հասցնել:

Սակայն, ըստ Պավել Ֆելգենգաուերի՝ ամերիկյան և ռուսական ուժերի փետրվարյան բախումները Սիրիայում ցույց տվեցին, որ ռուսական կողմը լավ պատասխան ստացավ ամերիկացիներից, քանի որ ռուսական և ամերիկյան բանակների միջև տեխնոլոգիական անդունդ կա, քանի որ ռուսական կողմը Սիրիայում ուներ տակտիկական մեկ զորամիավորում՝ ծանր սպառազինության, տանկեր, և այլն, և այլն, իսկ ամերիկացիները, քրդերի հետ, միայն թեթև սպառազինություն ունեին, և լինելով մի քանի անգամ քիչ՝ մեծ վնասներ հասցրեցին ռուսական ուժերին, իսկ նման խմբերը ՌԴ ժամանակակից ԶՈՒ-ի հիմքն են, ինչը ցույց է տալիս, որ ՌԴ-ին դժվար է պատերազմել արևմտյան ուժերի դեմ, քանի որ ռուս գեներալները չեն հասկանում, թե ինչ հնարավորությունների են տիրապետում ամերիկացի զինվորականները:

«Սա մեծ անդունդ է ստեղծում և թույլ տալիս ենթադրել, որ երկարաժամկետ գործողություններ և բախումներ չեն լինի, թեև կա բախումների մեծ հավանականություն»,- ասաց Ֆելգենգաուերը:

Նրա խոսքով՝ նման զարգացումները սիրիական թատերաբեմում, բնականաբար, առնչվում են նաև Հայաստանին, քանի որ կարող են ունենալ իրենց հետևանքները:

«Այս գործողություններում ներգրավված է Հայաստանի դաշնակից Ռուսաստանը և Ադրբեջանի հովանավոր, Հայաստանի հետ հարաբերություններ չունեցող Թուրքիան, հարևանության բոլոր երկրները, ըստ էության: Սիրիայում իրավիճակի սրման դեպքում աչալուրջ պետք է լինել և հետևել նաև իրավիճակին ԼՂ հակամարտության գոտում, քանի որ արտաքին զարգացումները միշտ չէ, բայց ժամանակ առ ժամանակ բացասաբար են անդրադառնում ԼՂ հակամարտության շփման գծում տիրող իրավիճակի վրա: Ուստի Մերձավոր Արևելքը չպետք է դիտարկել՝ որպես Հարավային Կովկասից կտրված և այս տարածաշրջանին չառնչվող տարածաշրջան»,- ասաց Ֆելգենգաուերը:

Վերջինիս խոսքով՝ հայկական կողմը պետք է մեծացնի զգոնությունը շփման գծում:

Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցն այն կարծիքին է, որ զարգացումները կախված կլինեն նրանից, թե ինչ հարվածներով գործողություն կիրականացնեն ամերիկացիները, և ինչպիսի հարված հասցնելու համարձակություն կունենան ռուսները: Ըստ նրա՝ այլ զարգացումներ կլինեն, եթե ամերիկյան կողմը վերացնի քիմիական օջախները, այլ զարգացում է, եթե ամերիկյան կողմը որոշի թիրախավորել սիրիական ՀՕՊ-ը, այդ թվում՝ ռուսական:

Վերջին սցենարի դեպքում, Գոլցի կարծիքով, չափազանց անցանկալի իրադարձություններ կզարգանան: Այնուամենայնիվ, ըստ նրա՝ իրավիճակը Սիրիայում բեկումնային է, և կարող է փորձագետների հայտարարած նոր Սառը պատերազմը վերաճել մեծ ճգնաժամի:

«Բնականաբար, այս ամենը կարող է անդրադառնալ նաև Հայաստանի վրա, քանի որ, բացի Հայաստանի ունեցած հակամարտություններից Թուրքիայի և Ադրբեջանի հետ, Սիրիայում հայ համայնք է պահպանվել, և այս ուղղությամբ ևս պետք է մտածել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը` Գոլցի համոզմամբ, պետք է անել հնարավորը, որպեսզի մերձավորարևելյան սրացումները չսրեն իրավիճակը նաև Ղարաբաղյան գոտում:

Տեսանյութեր

Լրահոս