Բաժիններ՝

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մշակվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայված նախագիծը

2018 թ. ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը (ՊԱՀՀ) ձեռնամուխ եղավ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության (ՀՀ ԱԱՌ) վերանայված նախագծի մշակմանը եւ մեթոդաբանական իմաստավորմանը` հաշվի առնելով աշխարհում անվտանգության գիտության եւ պրակտիկայի ինտենսիվ նորացումը, թվային դարաշրջանում ՀՀ անվտանգության ապահովման անհրաժեշտությունըՙ ՀՀ ԱԱՌ-ի սկզբունքների եւ հիմնադրույթների հաշվառմամբ:

Այդ գործընթացի հիմքում ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) հիմնադիր-պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի գիտական ստաժավորումն էր ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում (ԱՄՆ-ի ՊԱՀ): Ստաժավորման ընթացքում նա նախանշել էր այն հիմնական նորարարական ուղղությունները, որոնց վերաբերյալ հետազոտություններն առանցքային նշանակություն ունեին ՀՀ ԱԱՌ-ի վերանայման համար: Հատկանշական է, որ դեռեւս 2006 թ. ԱՌՀԻ-նՙ ԱՄՆ-ի ՊԱՀ-ի գիտական խորհրդատվություններով, ամերիկյան մեթոդաբանության կիրառմամբ, ինչպես նաեւ ռուսաստանյան ուղեղային կենտրոնների փորձի ադապտացմամբ դարձել էր ՀՀ ԱԱՌ-ի միջգերատեսչական մշակման գիտական համադասողը եւ, ըստ էության, ՀՀ ԱԱՌ-ի վերանայումը նույնպես մտնում է ԱՌՀԻ-ի առաքելության մեջ:

ԱՌՀԻ-ն պլանավորել էր իրականացնելու ՀՀ ԱԱՌ-ի վերանայման գործընթացը դեռ 2013 թվականին, սակայն այն հետաձգվեցՙ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ հավասարակշիռ անվտանգային հարաբերությունների պահպանման ուղիների վերաիմաստավորման անհրաժեշտությամբ: ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմավարական հակասությունների խորացման հետեւանքով վերցված դադարի ժամանակ, ՀՀ ԱԱՌ-ի վերանայման խնդրի իմաստավորման նպատակով ՊԱՀՀ-ի վեց երիտասարդ գիտնական-վերլուծաբաններ 2013-2016 թթ. գիտամեթոդաբանական ստաժավորումներ անցան ԱՄՆ-ի ՊԱՀ-ի Տեխնոլոգիաների եւ ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնում, Միջազգային անվտանգային հարաբերությունների քոլեջում, Տեղեկատվական ռեսուրսների կառավարման քոլեջում եւ Ազգային անվտանգության ու ռեսուրսների ռազմավարության Էյզենհաուերի անվան դպրոցումՙ կատարելով ոլորտային հետազոտություններ:

Վերջին տարիներին պրոֆեսոր Քոթանջյանիՙ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԳԴՀ-ի, ՉԺՀ-ի եւ Իսրայելի ուղեղային կենտրոններում գիտական ստաժավորումների ընթացքում ձեռք բերված անընդհատ նորացվող մեթոդաբանական գիտելիքները եւ գիտնական-վերլուծաբանների հետազոտական արգասիքները հաջողությամբ ներբերվեցին ՀՀ ԱԱՌ-ի վերանայման գործումՙ հիմքում դնելով ՀՀ-ում հասարակության եւ տնտեսության կայուն զարգացումը անվտանգային հետազոտությունների ու թվայնացման հիման վրա:

Որպես ՀՀ ԱԱՌ-ի վերանայման նորամուծական ուղիՙ 2015-2016 թթ. ՊԱՀՀ-ում մշակվեց Ազգային կիբեռանվտանգության ռազմավարությունը: Տվյալ մոտեցման հիմնավորումն այն է, որ կիբեռանվտանգությունը ծածկում է ազգային անվտանգության տիրույթների ամբողջ համալիրը (կիբեռպաշտպանություն, կիբեռտնտեսություն, կիբեռդիվանագիտություն եւ այլն): Ազգային կիբեռանվտանգության ռազմավարության նախագիծը մշակվել է ՊԱՀՀ-ի կողմից եւ փորձաքննվել ամերիկյան պետական գերազանցության կենտրոն հանդիսացող ԱՄՆ-ի ՊԱՀ-ի Տեղեկատվության եւ կիբեռտարածության քոլեջի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ԳհԽ-ի Կոնսորցիումի աշխատանքային խմբի կողմից: Թվարկված հաստատությունները այն գերազանցության կենտրոններն են, որոնք ծածկում են անվտանգությանՙ ամենադինամիկ զարգացող տիրույթները:

ՀՀ ԱԱՌ-ի համակարգաստեղծ հատվածների վերագնահատման նպատակով ՊԱՀՀ-ում մշակվել են կիբեռանվտանգությանը, կիբեռռեսուրսների կառավարման նորամուծական համակարգին, ՀՀ-ում պատերազմի էկոնոմիկայի ռազմավարական ուղենիշներին եւ ՀՀ ԶՈՒ-ի արդիականացմանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը վերաբերող չորս կոլեկտիվ մենագրություններ: Նշված ժամանակահատվածում ՊԱՀՀ-ը կոլեկտիվ մենագրություններ է մշակել նաեւ տարածաշրջանային անվտանգության դինամիկայի վերաբերյալՙ ՀՀ ԱԱՌ-ի առաջնահերթությունների համատեքստում, այդ թվումՙ պետության ղեկավարությանը փոխանցել գիտավերլուծական մի շարք զեկուցագրեր:

ՀՀ ԱԱՌ-ի նախագծի վերանայման գործում հաշվի է առնվել նաեւ պրոֆեսոր Քոթանջյանի կողմից ՀՀ ազգային անվտանգության խորհրդի կերպափոխման մշակումըՙ խորհրդարանական կառավարման համակարգում Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետի (Նեղ Կառավարություն) փորձի ուսումնասիրմամբ:

2018 թ. մարտի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի շրջանակներում անցկացված նիստում պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հանդես է եկել զեկուցում-դասախոսությամբ, որի ընթացքում ներկայացրել է ՊԱՀՀ-ում ՀՀ ԱԱՌ-ի վերանայման նորամուծական ուղենիշները: Իսկ մարտի 24-ին, ՀՀ ԱԱՌ-ի վերանայման ամբողջ գործընթացը եւ դրա նորամուծական ուղենիշները պրոֆեսոր Քոթանջյանը համակարգված կերպով ներկայացրել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի համաժողովին մասնակցած ավագ եւ երիտասարդ քաղաքագետների ու միջազգայնագետների հանրույթին:

Առլեն Շահվերդյան, Մայոր, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ավագ սպա, ՊԱՀՀ-ի հայցորդ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս