Բաժիններ՝

Առաջարկում են հիվանդանոցներին դեղ ներկրելու հնարավորություն տալ

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ առաջարկում են դեղ ներկրելու հնարավորություն ընձեռել նաև հիվանդանոցներին։ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ընդգծեց, որ գործող օրենքով դեղեր ներկրելու իրավունք ունեն միայն մեծածախ լիցենզիա ունեցողները, իսկ այդ դեպքում հիվանդանոցները պետք է մեծածախ շուկայից դեղերը գնեն, որպեսզի կարողանան ապահովել իրենց բնականոն գործունեությունը:

«Մենք առաջարկում ենք, որպեսզի այն հիվանդանոցները, որոնք ունեն դեղագործական դեղատուն, այսինքն՝ դեղը պահելու վայր, հնարավորություն ունենան Հայաստան ներկրել դեղամիջոցներ առանց մեծածախ լիցենզիա ունեցողին դիմելու»,-  նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ դա հանգեցնելու է դեղերի գների իջեցմանը:

Նա մանրամասնեց, որ յուրաքանչյուր միջնորդ, այդ թվում՝ մեծածախ և մանրածախ գնորդը յուրաքանչյուր ապրանքի առք ու վաճառքից ունենում է իր շահույթը, ավելանում է ավելացված արժեքի հարկը: «Այս փոքր քայլով մենք հիվանդանոցներին տալիս ենք հնարավորություն, որ ավելորդ ծախսեր չկատարեն: Սա բերելու է նաև հիվանդանոցներում ծառայությունների մատուցման ծախսերի իջեցման»,- ասաց պատգամավորը:

Հակոբյանը ներկայացրեց նաև առաջարկվող մյուս փոփոխությունը: Նա նշեց, թե գործող օրենքով սահմանված է, որ ֆիզիկական անձը Հայաստան մտնելիս կամ երկրից դուրս գալիս իրավունք ունի իր կարիքների համար իր մոտ դեղամիջոցներ ունենալ առանց հավաստագրի: Պատգամավորներն առաջարկում են քաղաքացիներին հնարավորություն տալ նման դեպքերում իրենց մոտ դեղ ունենալ ոչ միայն իրենց կարիքների, այլ նաև 3 այլ մարդու համար, որպեսզի մարդիկ կարողանան իրենց հարազատների համար էլ դեղ բերել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս