![](/banners/BeFunky-design.jpg)
Հայերին հակասեմականության մեջ մեղադրելն ակնհայտ սադրանք է. Ռիմա Վարժապետյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/03/928355.jpg)
Հայերին հրեաների նկատմամբ անհանդուրժողականության մեջ մեղադրելն ակնհայտ սադրանք է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը` անդրադառնալով ամերիկյան ոչ առեւտրային Pew Research Center (PRC) կազմակերպության կողմից անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներին, ըստ որոնց` Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում Հայաստանի բնակիչներն ամենաանհանդուրժողն են հրեաների նկատմամբ:
«Ես դա կարդացել եմ եւ իսկապես զարմացել եմ: Իհարկե, կարող են լինել դեպքեր` հիմնված կենցաղային խնդիրների վրա, բայց, ընդհանուր առմամբ, նման բան լինել չի կարող լինել: Կարծում եմ, դա սադրանք է: Ես բազմաթիվ երկրներում եմ եղել, և երբեք հայերի կողմից հակասեմականություն չեմ զգացել: Հակառակը, Հայաստանում հրեական համայնքը հայերի հետ աշխատել է, միշտ հանդես է եկել տարբեր համատեղ նախագծերում: Մենք երկար տարիներ է այստեղ ապրում ենք, որևէ խնդիր չի եղել»,-ասաց Ռիմա Վարժապետյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանում հրեական համայնքն ունի բոլոր պայմանները, հնարավորությունները սեփական մշակույթը, լեզուն պահպանելու համար:
Վերը նշված արդյունքները PRC-ը հրապարակել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի 18 երկրներում 2015 թվականի հունիսից 2016 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում անցկացված հետազոտության հիման վրա: