Բաժիններ՝

ՏՏ-ն և զբոսաշրջությունը. Վանաձորում կներկայացվեն ինովացիոն գաղափարներ

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Լոռու մարզպետարանի հետ համատեղ, հայտարարել են «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված գաղափարների» մրցույթ:

Կազմակերպիչները նշում են, որ մրցույթը նպատակ ունի խթանել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում՝ շուկայում ներդնելով ոլորտի նորարար լուծումներ և ծառայություններ, որոնք առավել գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար և կապահովեն ավելի մեծ եկամուտ դրանց իրագործողներին:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշում է, որ առաջին անգամն է, որ մի հարթակում կմիավորվեն երկու զարգացող ոլորտներ, ինչը թույլ կտա ստանալ ոչ միայն՝ հետաքրքիր, այլև՝ գործող լուծումներ: Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ մրցույթում ներկայացված լուծումները թույլ կտան Հայաստանում զարգացնել տուրիզմը, և այս ոլորտում Հայաստանը դարձնել մրցունակ:

Զբոսաշրջության պետական կոմիտեի պետ Զարմինե Զեյթունցյանը նշում է վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների 45 տոկոսն օգտագործում է տեխնոլոգիաներ՝ ճանապարհորդությունը կազմակերպելու համար: Ըստ Զարմինե Զեյթունցյանի՝ պետք է ստեղծել այնպիսի նորարարական լուծումներ, որոնք թույլ կտան պոտենցիալ զբոսաշրջիկներին՝ ճիշտ և արդյունավետ կազմակերպել հանգիստը Հայաստանում:

Մրցույթին մասնակցելու համար արդեն հայտ է ներկայացրել 60 թիմ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը նշում է, որ իրենք շատ են ցանկանում մրցույթում ներգրավել Հայաստանի մարզերից մասնակիցներ. «Համոզված եմ, որ նրանք կներկայացնեն հետաքրքիր լուծումներ»:
Մրցույթն անցկացվելու է 24 ժամվա ընթացքում, ինչպես ընդունված է հեքըթոնների դեպքում: Թիմերը մշակելու են իրենց պրոդուկտները և ներկայացնելու են դրանք ժյուրիին:

Ժյուրիի կողմից կխրախուսվեն նորարարական գաղափարները՝ մասնավորապես հետևյալ ոլորտներում.

• Հայաստանում տուրիզմի մասին իրազեկման տեխնոլոգիական լուծումներ
• Տեղեկատվության որոնման բարելավում
• Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական լուծումների մշակում՝ ուղղված զբոսաշրջության ոլորտի զարգացմանը

Կազմակերպիչները նշում են, որ իրենք ողջունելու են նաև այն գաղափարները, որոնք կարող են զարգացնել գինու, ժառանգության և էկոտուրիզմի ուղղությունները:
Մրցույթի հաղթողների համար սահմանվում են 2.000.000 ՀՀ դրամ, 1.200.000 ՀՀ դրամ և 750.000 ՀՀ դրամ մրցանակներ: Նշված մրցանակները կտրամադրվեն առաջարկվող լուծումների մշակման համար մասնագիտական ծառայությունների տեսքով. մարքետինգային ծախսեր, թարգմանություն կամ ուսումնական այց դեպի Եվրոպա:
Բագրատ Ենգիբարյանը նշում է, որ գնահատման կոնկրետ չափանիշեր չկան, սակայն ժյուրիի կողմից բարձր գնահատականների կարժանանան այն թիմերը, որոնք կներկայացնեն Հայաստանում նմանը չունեցող և գործող լուծումներ:

Կազմակերպիչների խոսքով՝ մրցույթն ի հայտ կբերի զբոսաշրջության բնագավառի նորարար ծառայությունների/լուծումների գաղափարներ, որոնք կհետաքրքրեն զբոսաշրջիկներին՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ համաշխարհային տուրիստական շուկայում, և կապահովեն զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք ու եկամուտներ:
Մրցույթի իրականացմանն աջակցում է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս