Արդարադատության նախարարությունը «Արմավիր» ՔԿՀ-ից բողոքող դատապարտյալի դիմումի քննությունը հանձնարարել է նույն ՔԿՀ ծառայողներին
«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Ա. Մ.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է ահազանգել, որ նույն մասնաշենքում գտնվող երկու այլ դատապարտյալների հետ լարված հարաբերությունների մեջ է, և դրա պատճառով իր կյանքին վտանգ է սպառնում:
Դատապարտյալն այդ մասին հեռախոսազանգի միջոցով հայտնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակցին, որից հետո 2018 թ. փետրվարի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտյալի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցով դիմել է ՀՀ արդադատության նախարար Դ. Հարությունյանին: Նախարարությունը հերթական անգամ ՔԿՀ-ում առկա խնդիրների մասին դիմումը վերահասցեագրել է Քրեակատարողական վարչություն, որն էլ դիմումը նույն՝ «Արմավիր» ՔԿՀ է ուղարկել:
«Արմավիր» ՔԿՀ աշխատակիցը 2018 թ. փետրվարի 20-ին գրավոր բացատրագիր է վերցրել դատապարտյալ Ա. Մ.-ից, որում վերջինս նշել է, թե ահազանգը կատարել է «հոգեկան ընկճված վիճակում և ցանկացել է դրանով ուշադրություն գրավել»:
Բացատրագրում նշել է նաև, որ իր անվտանգությունը լիովին ապահովված է ՔԿՀ ծառայողների կողմից: ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ա. Աֆրիկյանը, դատապարտյալի այս բացատրագիրը հիմք է ընդունել և իր 2018 թ. փետրվարի 22-ի պատասխանում պնդել, թե Ա. Մ.-ն այլ դատապարտյալների հետ խնդիրներ չունի և որ նրա անվտանգությունն ապահովված է ՔԿՀ-ում: Ակնհայտ է, որ վերոնշյալ բացատրագրում դատապարտյալը պետք է գրեր, որ ՔԿՀ-ում իր անվտանգությունն ապահովված է ՔԿՀ ծառայողների կողմից, որովհետև բացատրագիրը գրելիս գտնվել է հենց նույն ծառայողների հսկողության ներքո: Նա չէր կարող օբյեկտիվորեն ներկայացնել իրավիճակը:
Մինչդեռ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց դիմում գրելու հնարավորությունը վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի երաշխիքներից մեկն է, հետևաբար՝ պետք է ապահովվի ոչ միայն դիմում գրելու, այլև բողոքները պատշաճ կարգով և անկախ մարմինների կողմից քննելու հնարավորությունը: Այս հարցով 2018 թ. մարտի 22-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կրկին դիմել է ՀՀ Արադարադատության նախարարություն և շեշտել, որ անթույլատրելի է բողոքի հասցեագրումն այն մարմնին, որի գործողությունների վերաբերյալ բողոք է ներկայացվել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ