«Ռուսաստանի` հակամարտող կողմերին սպառազինություն մատակարարելու քաղաքականությունը սպառել էր իրեն». Տարասով

«Կոսաչովի և Զատուլինի հայտարարություններն արժանահավատ են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ են արժանահավատ ռուս խորհրդարանականների պնդումներն այն մասին, որ ՌԴ-ն ապրիլյան պատերազմից հետո սպառազինության նոր գործարքներ չի կնքել և չի կնքելու Ադրբեջանի հետ:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Երևանում էր ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, ով ընդգծել էր, որ Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որը կար մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը:

Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Կոսաչովը նշել էր, որ Ռուսաստանն իրականացնում է միայն այն պայմանագրերը, որոնք Ադրբեջանի հետ կնքվել են մինչև 2016թ. ապրիլ:

«Մենք պարտավոր ենք անել դա՝ այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն իմ ունեցած տեղեկատվությամբ՝ դա չի լինի այն մասշտաբներով, որը կար 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին»,- ասել էր Կոնստանտին Կոսաչովը: Իսկ մարտի 26-ին Երևանում էր ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե 2016 թ.-ի իրադարձություններից հետո 2 տարի է անցել, բայց ՌԴ-ն շարունակում է զինել Ադրբեջանին, ավելին՝ պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ վերադարձնելու է ոչ միայն Ղարաբաղը, այլև Երևանն ու Զանգեզուրը, որովհետև «դրանք իրենց պատմական հողերն են», Կոնստանտին Զատուլինը պատասխանեց, որ Ադրբեջանին զենքի մատակարարում, իսկապես, եղել է, բայց դա արվել է արդեն վճարված և նախկինում կնքված պայմանագրերի համաձայն: «Հայաստանին դրանք տրամադրվել են այլ պայմաններով:

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, ապա ասեմ, որ ես կցանկանայի մաքսիմալ կոռեկտ արտահայտվել՝ հաշվի առնելով այն, որ վաղը կկարդամ իմ մեկնաբանություններն Ադրբեջանի ԶԼՄ-ներում: Ադրբեջանի հարգելի նախագահը թուլացրել է իր դիրքերը՝ միջազգային հանրության առաջ նման հայտարարություններ անելով:

Դրանք, հավանաբար, ներքին լսարանի համար են արվել, ընտրություններից առաջ, բայց չեմ կարծում, թե այն քննադատությանը կդիմանա պատմական, քաղաքական և այլ տեսանկյուններից: Պարզ չէ, թե ով կարող էր լուրջ վերաբերվել այս մտքերին»,- նշեց Կոնստանտին Զատուլինը:

Ստանիսլավ Տարասովը, խոսելով տեսակետների մասին, թե ռուս խորհրդարանականների հայտնած հավաստիացումը պետք է հաստատվի ՌԴ Կառավարության որոշմամբ, ասաց, որ նման որոշումները Կառավարության նիստերի ընթացքում չեն քննարկվում, ուստի նման որոշում չի լինի, քանի որ դա վտանգի տակ կդնի ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որոնք Ռուսաստանին անհրաժեշտ են նաև ԼՂ հակամարտության գոտում միջնորդական կառուցողական առաքելություն իրականացնելու համար:

Ըստ նրա, որևէ պատճառ չկա Կոսաչովի և Զատուլինի հայտարարությունները կասկածի տակ առնելու համար, հաշվի առնելով այդ գործիչների դիրքը Ռուսաստանի խորհրդարանում:

«Նրանք պարզապես շարքային պատգամավորներ չեն, նրանք հանձնաժողովների նախագահներ են, հայտնի և հեղինակավոր մասնագետներ են համարվում Ռուսաստանում: Նրանց խոսքն արժեք ունի:

Նույնիսկ առանց այս հայտարարությունների կարելի է ուսումնասիրել` ինչ արեց ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը, ավելի ակտիվացվեց և արդիականացվեց միացյալ ՀՕՊ համակարգը, հայ-ռուսական զորամիավորում ստեղծեց, Հայաստանին մատակարարեց նորագույն սպառազինությամբ, ներկայումս պահպանվում է ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում, որը պատերազմի չվերսկսման գրավականներից մեկն է, եթե Ռուսաստանը զենքի վաճառքի նոր գործարքներ համաձայնեցնի Ադրբեջանի հետ, այդ հավասարակշռությունը կխախտվի՝ ի վնաս Հայաստանի:

Բայց Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը պարտավորություններ ունի և չի կարող թույլ տալ պատերազմական գործողություններ: Մինչ ապրիլյան պատերազմը Ադրբեջանի հավաստիացումները, թե զենքը չի գործադրվի Ղարաբաղում, չպահպանվեցին, հետևաբար՝ այդ գործարքները դադարեցվեցին, ինչը նաև հայկական կողմի չբարձրաձայնված պահանջն էր:

Այդ զենքի կիրառման վերաբերյալ կար գաղտնի համաձայնություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, այն չէր կարող կիրառվել Ղարաբաղյան գոտում»,- նման տեսակետ հայտնեց Ստանիսլավ Տարասովը:

Ռուս քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանի` հակամարտող կողմերին զենք մատակարարելու և հավասարակշռությունը դրանով իսկ պահպանելու քաղաքականությունը սպառել էր իրեն:

Ուստի, նրա խոսքով, պետք է փոխվեր: Տարասովի համոզմամբ՝ ապրիլյան պատերազմն այդ փոփոխության խթանը դարձավ:

«Եթե չլիներ ապրիլյան պատերազմը, Հայաստանը ևս կարող էր փոխել այդ քաղաքականությունը՝ ավելի համարձակ քայլերի դիմելով, սակայն Հայաստանը սահմանափակվեց միայն մեկնաբանություններով: Ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը տեսավ, որ Թուրքիան կարող է անել ամեն բան, որպեսզի Ռուսաստանը դառնա հակամարտության կողմ, և գործողությունների շարունակության դեպքում, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ կարող էր լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է:

Այդ քաղաքականությունը վտանգի տակ էր դնում հենց Ռուսաստանին, քանի որ ցանկացած պահի տարածաշրջանում ձևավորված ուժային բալանսը կարող էր նպաստել, որպեսզի Ռուսաստանի հակառակորդներն օգտագործեին ԼՂ հակամարտությունը Ռուսաստանի դեմ: Եվ ապրիլյան պատերազմի ժամանակ դա Թուրքիան էր, որին հաջողվեց Ադրբեջանին մղել գործողությունների:

Սակայն նաև Ռուսաստանի ղեկավարության, վարչապետի, ԱԳ նախարարի ջանքերի արդյունքում հաջողվեց կասեցնել պատերազմը, և Թուրքիայի իշխանությունը չկարողացավ հսնել իր նպատակին: Եթե այդ քաղաքականությունը շարունակվեր, նման միջադեպերը գուցե դրական արդյունքով անխուսափելի դառնային»,- ասաց Տարասովը:

Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանն Ադրբեջանին զսպող սպառազինության է տիրապետում, սպառազինության նոր գործարքներ չեն լինի, և ՌԴ իշխանությունը հույս ունի, որ այս մոտեցումը կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը, ինչպես նաև՝ հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորմանը:

Տեսանյութեր

Լրահոս