«ԱՄՆ-ը աշխարհի միակ պետությունն է Հայաստանից հետո, որ ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Արցախին». Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարևորում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ։ Այսօրվա ասուլիսի ժամանակ 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա գնահատում ԱՀ նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ, կարո՞ղ է այն ազդել բանակցային գործընթացի վրա, ի՞նչ կարելի է սպասել այդ առումով։
Ի պատասխան՝ միջազգայնագետն ասաց, որ բանակցային գործընթացում փոփոխություններ պետք չէ սպասել ո՛չ Բակո Սահակյանի այցից, ո՛չ ԱՄՆ նոր պետքարտուղարից. «Թիլերսոնն ավելի նուրբ և մեղմ դիվանագիտական բանակցային գործընթացի կողմնակից էր նույնիսկ այնպիսի կարևոր և զգայուն հարցերում, ինչպիսին ՌԴ-ի և Իրանի հետ հարաբերություններն էին, նաև՝ Կորեայի հետ բանակցային գործընթացը։ Ի տարբերություն նրա՝ Պոմպեոն, որը նույնպես զինվորական անցյալ ունի, ավելի կոշտ գործողությունների և կոշտ գծի կողմնակից է և՛ ՌԴ-ի, և՛ Իրանի հետ հարաբերություններում։ Սա կարող է նշանակել սանկցիաների խորացում, նոր սանկցիաների կիրառում»։
Նրա խոսքով՝ շատերի ուշադրությունից վրպեց այն հանգամանքը, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների նույնիսկ այս դժվարին իրավիճակում Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավարը գտնվում էր Վաշինգտոնում և ԱՄՆ-ի իր գործընկերների հետ հանդիպումներ էր ունենում. «Այսինքն՝ չնայած այդ լարված վիճակին, միևնույն է՝ կա ընդհանուր համագործակցության եզր։ Այդ ընդհանուր համագործակցության եզրերից ամենաէֆեկտիվն ու բացառիկը ՄԽ-ն է, որովհետև այստեղ երկու պետությունների ներկայացուցիչները խնդիրներ չունեն, այսինքն՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը նույն քաղաքական գիծն են տանում։ Սա չափազանց կարևոր և բացառիկ պլատֆորմ է»։
Ինչ վերաբերում է մեր հարցի առաջին մասին, ապա Սարգսյանը կարևորեց Բակո Սահակյանի այցը ԱՄՆ. «ԱՄՆ-ը աշխարհի միակ պետությունն է Հայաստանից հետո, որ ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Արցախին։ Նման բացառություն աշխարհում չկա. չի ճանաչում Արցախի Հանրապետությունը, բայց այդ բացառությունն արել է։ Նաև պետք է հաշվի առնել, որ Վաշինգտոնում դեռևս 90-ականների կեսերին գրանցվել և պաշտոնապես գործում է ԼՂՀ ներկայացուցչությունը, որը գրանցվել է Արդարադատության դեպարտամենտի կողմից։ Բացի այդ՝ ԱՄՆ-ից տարբեր տարիների տարբեր կոնգրեսականներ և այլ պաշտոնյաներ եղել են Արցախում, նույնիսկ վերջերս նման այց եղավ»։
Միջազգայնագետը չափազանց կարևոր է համարում այն հանգամանքը, որ հանդիպումների ժամանակ Արցախի նախագահը հնարավորություն է ունեցել ներկայացնել խնդրի խաղաղ կարգավորման իր տեսլականը, արցախցիների տեսակետը։ «Ֆորմալ առումով Արցախը բանակցային գործընթացի կողմ չէ, բայց դա բացարձակ չի նշանակում, որ նրա ձայնը լսելի չէ։ ԱՄՆ-ի գործադիր մարմնի վրա լուրջ ազդեցություն ունի օրենսդիր մարմինը, սա յուրահատուկ ձև է, որպեսզի մեսիջները փոխանցվեն Կոնգրեսի միջոցով։ ԱՄՆ-ում քաղաքական որոշումները կայացվում են՝ նաև հաշվի առնելով ուղեղային կենտրոնների խորհրդատվությունը։ Եվ կարծում եմ, որ թիրախները ճիշտ են ընտրված։
Թիրախները ճիշտ ընտրելով՝ Բակո Սահակյանն իր ձայնը լսելի է դարձնում ԱՄՆ վարչակազմի համար, ում հետ հանդիպումներ չի կարող ունենալ, բացառությամբ՝ ՄԽ համանախագահի, որովհետև պաշտոնական Վաշինգտոնը չի ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը»։
Նա ընդգծեց, որ Արցախի նախագահի հանդիպումները Կոնգրեսում և ԱՄՆ-ի ընտրված պաշտոնյաների հետ պաշտոնական են, որովհետև մի կողմից՝ Արցախի Հանրապետության նախագահն է, մյուս կողմից՝ ԱՄՆ կոնգրեսականներն են, ովքեր լուրջ ազդեցություն ունեն ԱՄՆ-ում։