Ակտիվիստն ահազանգում է՝ Նոր Նորքի այգու ժայռապատկերները վտանգված են
Գրող, ակտիվիստ Կարեն Անտաշյանն ահազանգում է, որ Նոր Նորքի «Տիգրան Մեծ» զբոսայգում ժայռապատկերներով քարերը բազալտե քարերի կույտի մեջ չեն առանձնանում որպես պատմական հուշարձաններ և վերածվում են աղբանոցի: «Արմենպրես»-ը զրուցեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարության հետ՝ պարզելու, թե որն է ոչ պատշաճ հոգածության պատճառը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանն ասաց, որ իրենք չեն հասկանում, թե ինչ նկատի ունեն և պատրաստ են մտահոգություն հայտնողներից լսել խնդիրն ու արձագանքել դրան՝ մանավանդ, որ «Տիգրան Մեծ» զբոսայգում ժայռապատկերներով քարերը տեղադրվել են այգում կառուցված հատուկ անցուղում: «Մենք այդ բոլոր ժայռապատկերներն առանձին տեղադրել ենք հենց այգում կառուցված հատուկ անցուղու աջ ու ձախ կողմերում: Նույնիսկ տեղադրված են այդ քարերի բացատրությունները: Դրա հետևում ձորն է, միգուցե խոսքը դրա, ոչ թե այգու մասին : Ես չեմ հասկանում մտահոգության պատճառը, բայց պատրաստ եմ նրանց հետ քայլել այդ այգում, լսել, թե ինչն է խնդիրը»,-ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ այգում մաքրման աշխատանքներ են կատարվում նույնիսկ այս պահին: «Եթե խնդրով մտահոգ են, թող հորդորեն նաև բնակիչներին, որ կենցաղային աղբը չգցեն այգու մեջ: Քարերի հետևի հատվածն էլ աղբավայրի վերածելու խնդիր չկա: Քարերն առանձնացված են, սարքված են պատվանդաններ»,-նշեց Ալավերդյանը:
Այնուամենայնիվ, «Արմենպրես»-ի հետ զրույցում խնդիրը բարձրացրած Կարեն Անտաշյանը պնդեց հակառակը: «Այդպես չէ, այնտեղ բոլոր ժայռապատկերները լցված են մեկ կույտի մեջ, առանձնացված ժայռապատկերներ չկան»,-ասաց նա ու որպես ապացույց տրամադրեց իր իսկ արած լուսանկարները:
Ավելի վաղ «Facebook» սոցիալական ցանցում Կարեն Անտաշյանը կատարել էր հետևյալ գրառումը. «Այսօր մի խումբ մտահոգ քաղաքացիների ու մասնագետների կազմով եղանք Նոր-Նորքի «Տիգրան Մեծ» զբոսայգում, ուր, ինչպես պարզվում է, այս բազալտե քարերի կույտի մեջ կան նաև 4-5 ժայռապատկերներով քարեր։ Քարերը ժամանակին 10-ն են եղել, այստեղ են բերվել դեռ սովետի ժամանակ Սյունիքից։ Դժվար է հասկանալ, թե ինչ հղացքով են մի քանի հազարամյա թանկարժեք պատմական այդ կոթողները հայտնվել սովորական քարերի հետ մի կույտում, բայց այն հիմա դարձել է ակամա աղբանոց ու զուգարան։ Առաջին քայլով որոշվեց դիմել քաղաքապետարանին՝ քարերն առանձնացնելու և պատշաճ ցուցադրելու պահանջով»: