«Իր խոսքը պահելը մարդու ամենակարևոր բարոյական արժեքն է». Արմեն Ռուստամյան
«Քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ: Ես չեմ ուզում դատել մարդկանց, բայց ինչ սկզբունքներով ենք բարոյականությունը գնահատում: Սա է հարցը, ամեն մարդն ունի իր բարոյականությունը: Բնական է, որ ցանկացած մարդ պետք է իր խոսքի տերը լինի, եթե իր խոսքը տերը չէ, ուրեմն ինքն ընդհանրապես անելիք չունի հասարակության մեջ: Իր խոսքը պահելը մարդու ամենակարևոր բարոյական արժեքն է, շատ պիտի մտածես, թե ինչ ասես»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով հարցին, թե Սերժ Սարգսյանի կողմից բարոյակա՞ն քայլ էր հասարակությանը խոստանալ, որ չի հավակնելու վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոններին, իսկ այսօր նրա թեկնածությունն է գլխավորապես քննարկվում:
Ամեն դեպքում, ըստ նրա, Հայաստանում կատարված փոփոխություններն առանց Սերժ Սարգսյանի ցանկության չէին կատարվի, իսկ Սարգսյանի հայտարարություններն ավելի լավ, քան հենց Սարգսյանը, ոչ ոք չի կարող մեկնաբանել:
Նա նշեց, որ ՀՅԴ-ն երկրում փոփոխությունները երբևէ չի պայմանավորել որևէ անձով. «Այն ժամանակ բազմիցս կրկնել ենք, որ չենք բացառում, որ նույն Սերժ Սարգսյանը հավակնի վարչապետի պաշտոնին: Մեզ համար գլխավորն այն էր, որ համակարգն այնպես է փոխվում, որ նույն Սերժ Սարգսյանը չի ունենալու նույն լիազորությունները, ինչ ունի նախագահ Սերժ Սարգսյանը: Սա է այն էական փոփոխությունը, որը Հայաստանում կատարվել է»:
Ա.Ռուստամյանը վստահեցրեց, թե քաղաքական դաշտում կատարված լրջագույն փոփոխություններից հետո որևէ մեկը չի կարող իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնել: