Բժիշկները՝ դեղերը դեղատոմսով գնելու մասին
Բժիշկները ողջոնում են դեղերը դեղատոմսով գնելու Առողջապահության նախարարության գաղափարը. պետք է սահմանափակել ինքնաբուժությամբ զբաղվելու հնարավորությունները: Թերապևտ, ընտանեկան բժիշկ, գաստրոէնտերոլոգ Աննա Մարտիրոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դեղերի վաճառքի ոլորտը կանոնակարգելու անհրաժեշտություն կա:
«Դեղերը դեղատոմսով ձեռքբերելը եվրոպական պրակտիկա է: Ի վերջո գաղտնիք չէ, որ հիվանդն ինքնագլուխ քայլեր է կատարում, բուժում իրականանցնում դեղատան աշխատողի խորհրդով: Պետք է այնպիսի պայմաններ լինեն, որ բուժումը կազմակերպվի բժշկի ուղղորդմամբ: Սա լավ նաձեռնություն է: Վրաստանում փորձ արվեց այս կարգը մտցնել, սակայն տեսան, որ չաշխատեց, դեղատոմսերը նորից հանեցին: Հիմա, թե մեզ մոտ որքանո՞վ կաշխտի, ժամանակը ցույց կտա, բայց գաղափարը լավն է»,-ասաց Աննա Մարտիրոսյանը:
Չնայած դրան, բժիշկը կարծում է, որ որոշ հարցերի կարգավորման անհրաժեշտություն կա, որովհետև այս գործընթացով պայմանավորված` մի շարք խնդիրներ են ի հայտ գալու, որոնք պետք է հաշվի առնել:
«Տեսեք, ես ունեմ հիվանդ, ում հետ աշխատում եմ տարիներ շարունակ: Ես գիտեմ նրա հիվանդություն պատմությունն ամենայն մանրամասնությամբ, հետևաբար շատ լավ գիտեմ սրացումների դեպքում ինչ խորհուրդներ տամ: Հիվանդը գիշերվա ժամին խնդիր ունենալու դեպքում զանգահարում է ինձ, ես ուղղորդում եմ այդ պահին ինչ դեղեր ձեռքբերի դեղատնից ու ընդունի վիճակը թեթևացնելու համար, մինչ առավոտյան կգա հիվանդանոց: Այս նոր կարգով այլևս չեմ կարող անել: Դա բացառվելու է, հիվանդը վատ վիճակում զանգահարի, այդ պահին ինձնից ոչ մի օգնություն ստանալ չի կարող:
Այստեղից էլ հետևություն, որ հիվանդանոցների, շտապ օգնության ծառայության ծանրաբեռնվածությունն է ավելանալու: Հետևաբար դա պետք է հաշվի առնել»,-ասաց Աննա Մարտիրոսյանը:
Խոսելով բժիշկների մոտ սպասվող ծանրաբեռնվածության մասին` Աննա Մարտիրոսյանը նշեց, որ օրվա ընթացքում մինչև 80 զանգով դեղեր է նշանակում, հեռահար աշխատում է իր հիվանդների հետ, որոնց հիվանդության պատմությունը շատ լավ գիտի:
«Հիմա պատկերացնում եք, այդ 80-ն էլ գան ինձ մոտ: Բժիշկների ծանրաբեռնվածությունից բացի, նաև պետք է հիվանդների մասին էլ մտածել: Գլխացավի դեղի համար անիմաստ հերթ կանգնելն էլ ճիշտ չէ կամ այդքան սպասի ճնշման դեղի համար, մինչև հերթը հասնի ճնշումն ավելի կբարձրանա»,-ասաց նա:
Քաղաքացին դեղատնից ցանկացած դեղ ազատ գնելու իրավունք չունի:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանն ասաց, որ նախարարության նախաձեռնությունը շատ լավն է, դա վաղուց պետք է արվեր:
«Քաղաքացին ցանկացած դեղ դեղատնից ազատ գնելու իրավունք չպետք է ունենա: Բժիշկը պետք է տա համապատասխան դեղատմոսը, ստորագրի և պատասխանատու լինի իր նշանակումների համար: Սխալ նշանակման դեպքում էլ բժիշկը կրի պատասխանատվություն: Ինքնաբուժությամբ զբաղվելու դեպքերը բազմաթիվ են: Շատերն առանց մասնագետի հետ խորհրդակցելու գնում են դեղատուն ձեռքբերում իրենց մտացածով, հարևանի, բարեկամի խորհրդով, դեղատան աշխատակցի առաջարկով դեղեր և ընդունում: Առանց մտածելու, որ դա կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:
Այսօր ուզում ենք այնպիսի իրավիճակ լինի, որ դեղերը հասանելի լինեն հիվանդի համար` մտածելով, որ դրանով նրա ծախսերը թեթևացնում ենք: Բայց իրականում մենք նրա ծախսերն ավելացնում ենք, երբ սխալ դեղեր է խմում, հիվանդությունն էլ ավելի է բարդանում»,-ասաց Անդրանիկ Ոսկանյանը:
Նրա խոսքով, հիվանդները, այդ դեղերը խմելով, հիվանդության դեմ չեն պայքարում, պարզապես ժամանակ են ձգում, իսկ այդ ընթացքում հիվանդությունը խորանում է:
«Եթե ցավում է, ուրեմն հիվանդություն կա, եթե ցավազրկում ենք առանց իմանալու ինչ հիվանդություն է, մենք փակում ենք հիվանդության երևացող մասը: Դրա համար ցավազրկող դեղերն իրավունք չունեք խմելու առանց ճշտելու, թե ինչն է հիվանդությունը: Բժշկությունը խաղ չէ»,-ասաց Անդրանիկ Ոսկանյանը:
Մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը ևս կարևոր է համարում դեղերը դեղատոմսով գնելու Առողջապահության նախարարության նախաձեռնությունը: Նրա խոսքով, դրա արդյունքում ունենում ենք ոչ ադեկվատ դեղորայքային միջոցների օգտագործումից զերծ մնալու իրավիճակ:
«Երկու անգամ փռշտացող հիվանդը կամ մի քանի օր ջերմող երեխայի մայրը ինքնակամ չի որոշի որպես միջոց օգտագործել հակաբիոտիկներ: Այդ առումով գաղափարն ինքնին շատ լավն է, բայց խնդիրներն անխուսափելի են: Որոշումն ընդունվել է, մարտի 1-ից կիրառության մեջ է մտնում, սակայն այս փուլում մենք անգամ չունենք որոշակի բլանկների մասին ինֆորմացիա, բժիշկները տեղեկացված չեն ինչ սկզբունքով են աշխատելու, մենք չունենք դեռ բլանկների ձև: Ստացվում է, որ մյուս դեպքերի նման, օրենքը, որոշումն ընդունում են, նոր աշխատում են հետևանքների վրա»,-ասաց նա:
Ամեն դեպքում, բժիշկը ենթադրում է, որ որոշ ցավազրկողներ պետք է վաճառվեն առանց դեղատոմսերի, բայց լուրջ ցավազրկողները խորուրդ է տրվելու, իհարկե, բժշկի նշանակմամբ:
«Ես այստեղ մեկ խնդրի եմ ուզում անդրադառնալ: Մենք առ այսօր ունենք որոշ բժիշկներ, ովքեր պացիենտին դեղ են վաճառում: Այսինքն` հիվանդի մոտ որոշ խնդրի լուծման համար գումար են ուզում, որը ներառում է նաև դեղորայքը: Այդ մոտեցումն ինձ համար ընդունելի չի եղել: Հիմա նոր ռիսկ է ստեղծվում: Երբ դեղորայքի ձեռբերումն ավելի դժվարանում է, բժիշկն ավելի մեծ լծակ է ունենում պացիենտին դեղ վաճառելու գործում»,-ասաց Կարեն Վարդանյանը:
Ամփոփելով` մասնագետը նշեց, որ գաղափարը ողջունելի է, սակայն կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծված չեն:
Մարտի 1-ից դեղատոմսով բաց կթողնվեն հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակող դեղերը, հուլիսից` ներարկումային դեղերը, իսկ հոկտեմբերից դեղատոմսով դուրս կգրվեն բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված են որպես դեղատոմսով դուրս գրվող: Ցանկը հրապարակված է առողջապահության նախարարության կայքէջում: Կառավարության որոշմամբ, դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բացթողելու կարգը փոխվում է:
Աննա Գզիրյան