Թրաֆիքինգի զոհ է դարձել ՀՀ 37 քաղաքացի. ինչպիսի շահագործման են ենթարկվում հայերը և որտեղ
Թրաֆիքինգի տեսանկյունից ՀՀ քաղաքացիների համար առավել վտանգավոր են համարվում Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլեոնորա Վիրաբյանը։ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտերում նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել։
Նախագիծն արդեն ՀՀ կառավարությունում է։ Փոփոխություններ են ծրագրվում նաև թրաֆիքինգի զոհերին նույնացնելու համար ստեղծված նույնացման հանձնաժողովի գործունեության մեջ։ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը ստեղծվել է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին և սկսել է գործել 2015 թվականի նոյեմբերի 25-ից։ Մեզ հետ զրույցում մասնագետը ներկայացրեց նաև փոփոխությունների էությունը:
-Ինչպիսի՞ վիճակագրական տվյալներ կան մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկվածների վերաբերյալ։ Հայաստանում տարեկան թրաֆիքինգի քանի՞ դեպք է լինում։
-2015թ. նոյեմբեր-դեկտեմբերին ներկայացվել է 3 միջնորդություն 7 անձի վերաբերյալ։ Նույնացվել և աջակցության իրավունք է ստացել 6 անձ, որոնցից 3-ն իգական սեռի ներկայացուցիչ է եղել, իսկ նրանցից մեկն էլ անչափահաս։ Նրանց պարտադրել են հարկադիր աշխատանք կատարել և շահագործման վայրերը 1-ինը Ռուսաստանի Դաշնությունն է եղել, իսկ մյուս 2-ինը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Նույնացված անձանցից մյուս երեքն էլ արական սեռի ներկայացուցիչ է եղել և նրանցից 2-ն՝ անչափահաս։ Արձանագրվել է հարկադիր աշխատանքի 2, իսկ մուրացկանության 1 դեպք, և շահագործման վայրերը կրկին ՌԴ և ՀՀ։
Անձանց շահագործում եղել է նաև 2016 թվականին, որի ընթացքում ներկայացվել է 6 միջնորդություն 21 անձի վերաբերյալ, սակայն նույնացվել և աջակցության իրավունք է ստացել 18 հոգի։ Արաբական Միացյալ Էմիրություններում սեռական շահագործման է ենթարկվել իգական սեռի 2 ներկայացուցիչ, իսկ 16 տղամարդ ՌԴ-ում հարկադիր աշխատանք է կատարել։ 18 անձանցից երկուսը հետագայում հրաժարվել են աջակցությունից։
2017 թվականին ներկայացվել է 5 միջնորդություն 16 հոգու վերաբերյալ և նույնացվել ու աջակցություն է ստացել 13 հոգի։ Նրանցից 10-ը իգական սեռի ներկայացուցիչ է եղել, որոնցից մեկն էլ անչափահաս։ Սեռական շահագործման է ենթարկվել 8, իսկ հարկադիր աշխատանք է կատարել 2 հոգի։ Շահագործման վայրերը եղել են՝ ՀՀ, ԱՄԷ և Կիպրոսի թուրքական հատվածում, համապատասխանաբար՝ 5, 3 և 2 հոգի։ Արական սեռի 3 ներկայացուցչից մեկը եղել է անչափահաս։
Գրանցվել է ստրկության 2 և հարկադիր աշխատանքի 1 դեպք։ Անձինք շահագործվել են՝ Հայաստանում, Ռուսաստանում և Վրաստանում։ Ընդհանուր առմամբ, նույնացվել է 37 անձ, որոնցից 15-ը՝ իգական սեռի։ Կանանց թվի հարաբերակցությունը տղամարդկանց թվին կազմում է 40,5 տոկոս։
Կարծում եմ Հայաստանի համար այս թվերը մտահոգիչ են և նման հանցագործությունները շատ թաքնված են։ Շատ դժվար է հայտնաբերել և առավել ևս դժվար է ապացուցել։ 2015-2017 թվականներին շահագործման ենթարկված 5 երեխայից 4-ը եղել են բացարձակապես ոչ տառաճանաչ, նրանք երբևէ դպրոց չեն հաճախել։ Մեկը մի որոշ ժամանակ այցելել է դպրոց և սովորել է հատուկ դպրոցում։ Վրաստանում արձանագրված մեկ դեպքը եղել է ադրբեջանական գյուղում, որտեղ մեր քաղաքացին 14 տարի եղել է ստրկության մեջ։
Նրան խաբելով աշխատանքի են տարել և հայտնվել է այդ գյուղում։ Դեպքի մասին պատահական լրագրողներ են գրել և գործը բացահայտվել է։ Վրաստանի մեր դիվանագիտական ներկայացուցչությունը շատ օպերատիվ նրան բերել է ապահով վայր, ամեն ինչով ապահովել՝ մինչև նրա Հայաստան վերադարձը։ Նրան բերել են մինչև հայ-վրացական սահմանի մոտ, այնտեղից էլ կազմակերպությունը բերել է Երևան։
–Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի ինչպիսի՞ դեպքեր են հանդիպում և հիմնականում զոհերը ի՞նչ տարիքի ու սեռի են լինում։
-Հայաստանում լինում են և՛ հարկադիր աշխատանք, և՛ մուրացկանություն, և՛ սեռական շահագործում, որը մի փոքր նվազել է։ Մեր երկրում ամենաշատը հարկադիր աշխատանքի դեպքեր են հանդիպում։
–Ինչպիսի՞ աջակցություն է ցուցաբերվում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերին։
-Իրավասու մարմինների հետ աշխատելը շատ է հեշտացնում աշխատանքը։ Լինում են դեպքեր, երբ քննչական մարմինը, ոստիկանությունը պետք է թրաֆիքինգի զոհ դարձած երեխայի հետ աշխատանքներ իրականացնի։ Այդ դեպքում նրան հոգեբան, մանկավարժ է պետք և նրանք արդեն գիտեն, թե ուր կարող են դիմել։ Տարածքային կառավարման համակարգում, բոլոր մարզպետարաններում մենք ունենք ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ։ Այնտեղ աշխատում են բժիշկներ, հոգեբաններ, մանկավարժներ, իրավաբաններ, բաժնի պետն էլ զբաղվում է նաև կանանց խնդիրներով։
Մենք ունենք նաև գործընկեր կազմակերպություն, որը թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնման պետական ծրագիր է իրականացնում։ 2009 թվականից այդ ծրագրի շրջանակում համագործակցում ենք և նրանք բոլոր զոհերին տարիներ շարունակ հետևում են, կապի մեջ են և մշտապես ծրագրից դուրս էլ շարունակում են օգտակար լինել և օգնել, եթե նրանք դրա կարիքն ունենում են։ Բոլոր զոհերի հետ երկար ժամանակ աշխատանքներ են տարվում և օրենքի համաձայն մինչև 12 ամիս կացարանում կարող ենք նրանց խնամել, սակայն կապն ավելի երկար է տևում։ Այդ ընթացքում նրանք և՛ կրթվում են, և՛ իրազեկվում են, և՛ վերականգնվում են նրանց առողջական խնդիրները։
Մենք տալիս ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ բնականոն կյանքի և կարողանան աշխատել ու գումար վաստակել։ Աջակցության փաթեթը շատ մեծ է, որի տարրերից մեկը դրամական օգնությունն է, սակայն դա ոչ բոլորն են ստանում։
Երբ մենք հասկանում ենք, որ մարդը հաղթահարել է այդ վիճակը և ցանկություն ունի նորից վերականգնվել և նորից իր տեղը գտել է հասարակության մեջ ու արդեն աշխատում է, նրան տրամադրվում է 250 հազար միանվագ դրամական օգնություն։ Այս հարցով մի խնդիր կա, որ անչափահասներին մինչև 18 տարեկան իրավունք չունենք գումար տալու և փորձում ենք ինչ-որ ճանապարհ գտնել, որպեսզի տվյալ երեխայի հաշվեհամարի վրա լինի գումարը:
–Հայաստանը մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ու պայքարի միջազգային ինչպիսի՞ համագործակցություն ունի։ Ո՞ր երկրների հետ է փոխգործակցությունն առավել սերտ։
–Սա այն միակ ոլորտն է, որտեղ համագործակցությունը շատ կայացած է։ Ունենք և՛ միջգերատեսչական համագործակցություն, և՛ հանձնաժողովից դեպի աշխատանքային խումբ, որը գործում է Արտաքին գործերի նախարարությունում, և աշխատանքային խմբից դեպի խորհուրդ, որը կառավարությունում է։ Աշխատանքային խմբում կան նաև միջազգային կազմակերպություններ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունն է, նախկինում ԵԱՀԿ-ն էր, որը, ցավոք սրտի, փակվեց, Աշխատանքի, Միգրացիայի միջազգային կազմակերպությունները։ Անհրաժեշտության դեպքում մենք նրանց դիմում ենք, եթե փորձագետներ են պետք կամ ցանկանում ենք ծանոթանալ այլ երկրների փորձին։
–Ո՞ր երկրներն են Հայաստանի համար թրաֆիքինգի առումով համարվում առավել վտանգավոր։
-Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ԱՄԷ-ն, Թուրքիան առավել վտանգավոր են սեռական շահագործման առումով, Ռուսաստանի Դաշնությունը աշխատանքային շահագործման առումով է վտանգավոր։ Սա, իհարկե, չի նշանակում, որ այլ երկրներում մենք խնդիրներ չունենք, ուղղակի այս երկրներից մենք տեղեկություն ունենք, իսկ մյուսներից չենք ստանում։ Շատ դեպքեր են լինում, որ մենք չենք իմանում, քանի որ մեզ չեն հայտնում, որովհետև վախենում են կամ այլ պատճառներից ելնելով։
–Տիկին Վիրաբյան, խնդրում եմ ներկայացրեք, թե օրենքում ինչ փոփոխություններ և լրացումներ են արվելու նախագծով։
-Մեկ նախագծում կա երկու փաստաթուղթ՝ մեկը նույնացման հանձնաժողովում լրացումների և փոփոխությունների, իսկ մյուս մասը՝ թրաֆիքինգի զոհերին աջակցության տրամադրման կարգի լրացումների մասին։ Լրացումը վերաբերում է երեխաների ուղղորդման մեխանիզմին, որովհետև մենք երբևէ նման փաստաթուղթ չենք ունեցել։ Հասկանալի է, որ մեր բոլոր մարմիններն ունեն իրենց լիազորությունները, սակայն միասնական գործելաոճը որևէ տեղ սահմանված չի։ Այսինքն՝ ոչ մի տեղ գրված չկար, թե որտեղ և ինչպես կարելի է դիմել նման դեպքերում։ Երեխաների դեպքում դա շատ բարդ գործընթաց է, որովհետև գործում ներառվում են խնամակալության մարմինները, երեխաների խնամքի հաստատությունները։
–Կմանրամասնեք, թե ի՞նչ է իրենից ենթադրում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման հանձնաժողովը։
-Անձի ինչ-որ իրավիճակում հայտնվելուց հետո, երբ մեր գերատեսչությունը քննարկում է, փաստերը համադրում և որոշում՝ արդյոք դա թրաֆիքինգի դեպք է, թե ոչ, ապա անձը նույնացվում է։ Նույնացման հանձնաժողովի հիմնական նպատակն է՝ նույնացնելով անձին՝ աջակցության իրավունք տալ և, եթե չնույնացվի հանձնաժողովի կողմից, ապա մեծածավալ աջակցություն չի ստանա։ Երբ մենք ընդունում ենք, որ թրաֆիքինգ է եղել, ապա անձը ստանում է աջակցություն։ Ցանկանում եմ նշել, որ հանձնաժողովի որոշումներն անջատված են և ոչ մի կապ չունեն դատավարական գործընթացների, վարույթի հետ։ Քննչական մարմինները, դատախազությունը, դատարանն անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեն, եթե մենք համարենք, որ հիմքերը բավարար են և անձին զոհ ենք ճանաչում, պետք է նա աջակցություն ստանա։ Մի դեպքում տուժողի կարգավիճակ է ստանում, իսկ այս դեպքում՝ զոհի և ստանում է աջակցության իրավունք։
–Նույնացման հանձնաժողովի աշխատանքների ինչպիսի՞ փոփոխություններ են արվել, որպեսզի դրանք ավելի բարելավվեն։
-Փաստաթղթում արված փոփոխությունները տեխնիկական բնույթի են և թույլ են տալիս կրճատել փաստաթղթային գործողությունները, հստակեցնել հանձնաժողովի աշխատանքները։
–Ի՞նչ սկզբունքներով է գործում հանձնաժողովը, ովքեր են անդամները։
-Նույնացման հանձնաժողովը բաղկացած է 6 կառույցից՝ դատախազություն, ոստիկանություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ և 3 մասնագիտացված հասարակական կազմակերպություն, որոնք ոլորտում մեծ գործունեություն են ծավալում։ Սկզբունքների հիմնական հենարանը թրաֆիքինգի սահմանումն է։ Ընթացակարգն այսպիսին է՝ այն անձը կամ կառույցը, որը հայտնաբերել է մարդուն կամ մի քանի հոգու և ենթադրում է, որ դա թրաֆիքինգի դեպք է՝ դիմում են հանձնաժողովին կամ իրավասու մարմիններից մեկին՝ ոստիկանություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և գործընկեր ՀԿ-ներ։ Նույնը կարող է անել հենց թրաֆիքինգի ենթարկված անձը՝ դիմելով հանձնաժողովի անդամներին կամ իրավասուներին։ Ցանկացած դեպքում, եթե դիմեցին իրավասու մարմիններից մեկին՝ տեղեկությունը գալիս է հանձնաժողով, որն էլ այդ ինֆորմացիայի հիման վրա նիստ է գումարում, քննարկում, ծանոթանում փաստերին։ Անհրաժեշտության դեպքում կարելի է զոհին նույնպես հրավիրել։ Փաստերի հավաքագրումից հետո կայացվում է որոշումը։ Մշակվող նախագծում կա մի կետ, որով նախատեսվում է մշակել նույնացման ցուցիչները, որոնք կկիրառենք ոչ միայն մենք, այլև կտանք տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինների մասնագետներին, ովքեր կկարողանան անել նախնական նույնացում և ուղղորդել մեզ մոտ։
–Հանրային մտածողության մեջ թրաֆիքինգ և շահագործման ենթարկված հասկացությունները նույնանում են։ Խնդրում եմ մասնագիտորեն կներկայացնեք դրանց իրական տարբերությունները։
-Օրենքով գրվում է թրաֆիքինգի և/կամ շահագործման ենթարկվածներ։ Թրաֆիքինգի մեջ մտնում է նաև շահագործում հասկացությունը թրաֆիքինգի էլեմենտներով՝ սեռական, աշխատանքային, մուրացկանություն։ Թրաֆիքինգի սահմանման մեջ կա երեք հասկացություն՝ միջոց, նպատակ և գործողություն։ Այնտեղ հստակ սահմանված է՝ խաբելու միջոցով, առևանգելով անձին փոխադրել մեկ այլ վայր, եկամուտ ստանալու նպատակով շահագործել։ Այս երեք կետի առկայության դեպքում մենք համարում ենք, որ անձը կամ անձինք թրաֆիքինգի զոհ են։
Մենք նաև առանձնացնում ենք էլեմենտները՝ կա տեղափոխում, թե միայն շահագործում է։ Մարդկանց շահագործման և թրաֆիքինգի սահմանումը՝ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փախցնելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով։
Օրենքում որպես մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում է սահմանված նաև շահագործման նպատակով երեխային կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը։ Շահագործում է համարվում այլ անձի սեռական շահագործման ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, օրգանները կամ հյուսվածքները վերցնելը։
Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի