Բաժիններ՝

«Միտում կա ուսանողական զեղչերը վերացնելու, քանի որ բուհը փող չունի»

ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանն 168.am-ին տեղեկացրեց, որ Շիրակի պետական համալսարանում ուսանողական զեղչերն ավելի են նվազելու:

«Բուհի ռեկտոր Սահակ Մինասյանն իր մարդկանց միջոցով արդեն ուսանողներին տեղեկացնում է, որ վարձավճարների զեղչերը կրկին նվազելու են: 20 տոկոսի փոխարեն՝ զեղչերը լինելու են 10-15 տոկոս: Մինչ իր ռեկտոր նշանակվելը, մենք ունեցել ենք շատ ճկուն զեղչային համակարգ: Զեղչվել են  այն ուսանողների վարձավճարները, ովքեր ունեցել են 71-100 մոգ (մեկ կիսամյակի բոլոր առարկաների ընդհանուր միջին գնահատականը): 71 մոգ ունեցողը զեղչվել է  20 տոկոս, իսկ  98-ից 100 մոգ ունեցողը՝ 50-60 տոկոս: Պարոն Մինասյանն ու իր տեղակալներից մեկն ուսանողներին տեղեկացրել է, որ իրենց համար սահմանված զեղչեր կլինեն այն դեպքում, եթե և՛ բարձր մոգ ունենան, և՛ սոցիալապես անապահով լինեն:

Սա տարրական դեմագոգիա է, քանի որ սոցիալապես անապահով ուսանողների զեղչերը սահմանվում են ԿԳՆ-ի և Սոցապնախարարության կողմից համատեղ, իրենք են ցուցակները սահմանում: Այդ զեղչի հետ բուհը կապ չունի»,- նշեց ՇՊՀ դասախոսը:

Ըստ Գ.Համբարյանի՝ միտում կա ուսանողական զեղչերը վերացնելու, քանի որ բուհը փող չունի, մինչդեռ ռեկտորին գումար է անհրաժեշտ:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ, թեև բուհի դասախոս Հովհաննես Խորիկյանը դադարեցրել է  հացադուլը, սակայն ուսանողները դասադուլը շարունակում են:

Հավելենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ուսանողների կազմակերպած բողոքից հետո վերջիններիս ուսանողական կրթաթոշակները տրվել են, դասախոսներին էլ՝ հավելավճարները:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս