Բաժիններ՝

Դասախոսների տարիքը քննարկման առարկա

Անցած ամռանը 105 տարեկանում մահացավ երկարակեցության ճապոնացի մասնագետ Շիգեակի Հինոհարան։ Երկար ապրելու գաղտնիքներից մեկը, ըստ Հինոհարայի, աշխատանքը երբեք չթողնելն է։

«Նույնիսկ, եթե ուզում եք այլևս չաշխատել, ապա դա արեք 65 տարեկանից շատ ավելի ուշ»,- ասում էր Հինոհարան։ Տարիքի հետ կապված՝ վերջերս  տարակարծություններ առաջացան «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում ամրագրված այն դրույթի շուրջ, որի համաձայն՝ 70 տարին լրացած անձը բուհում դասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցում:

Գիտամանկավարժական գործունեության գնահատման արդյունքների հիման վրա այդ անձի հետ բուհի ռեկտորը կարող է կնքել ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային պայմանագիր մինչև 1 ուսումնական տարի ժամկետով՝ տարեկան երկարաձգման իրավունքով:

Շատ մասնագետներ համարում են, որ սա անարդար մոտեցում է 70-ից բարձր տարիք ունեցող դասախոսների նկատմամբ, քանի որ տարիքը կարևոր չէ, և մարդկանց պետք է ընտրել՝ ըստ մասնագիտական կարողությունների։

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է այսպիսի դրույթ ամրագրվում օրենքում, երբ հայտնի է, որ ազդեցիկ դասախոսների մի մեծ խումբ կա, ովքեր ամեն ինչ անելու են, որպեսզի այս կետը չմնա օրենքում։

Իմ կարծիքով՝ առաջին պատճառն այն է, որ ներկայումս ունենք դասախոսների թվի հավելուրդ, ինչն այս տարի ավելի է սրվելու՝ բուհերի դիմորդների թվի նվազման արդյունքում։ Առաջիկա 5-6 տարիներին Հայաստանի բուհերում լինելու են 2 թերբեռնված կուրսեր, ինչն անխուսափելիորեն բերելու է դասախոսների ծանրաբեռնվածության կրճատման։

Ավելին, այսօր Հայաստանում առկա է նաև բուհերի թվի ավելցուկ։ Բայց Գյումրու երկու պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների միավորման ձախողված փորձը ցույց տվեց, որ Հայաստանում, հատկապես՝ Երևանում, այսօր անհնար է միավորել բուհերը, քանի որ բոլոր բուհերում կան ազդեցիկ դասախոսներ, ովքեր դասավանդել են բարձրաստիճան պաշտոնյաների, և հենց այդ լծակն օգտագործելով՝ նրանք կարող են կանխել միավորման ցանկացած փորձ։

Այս իրավիճակում, եթե բուհերը կրճատեն երիտասարդ դասախոսների ծանրաբեռնվածությունը, ապա մի քանի տարի հետո, երբ տարեց դասախոսներն այլևս առողջական պատճառներով չկարողանան դասավանդել կամ մահանան, բուհերում առաջանալու է մասնագետների խնդիր։ Նկատենք, որ լավագույն երիտասարդ մասնագետների մեծ մասը ներկայումս չեն ցանկանում դասախոս աշխատել։

Օրենքում նման կետ ամրագրելու մյուս պատճառն այն է, որ կան տարեց դասախոսներ, ովքեր ունեն դասավանդման որակի վրա բացասաբար ազդող լրջագույն առողջական խնդիրներ, բայց ոչ մի կերպ չեն ցանկանում իրենց տեղը զիջել երիտասարդներին։ Եվ քանի որ այդ դասախոսներն ունեն նաև բարձր կոչումներ, ժամանակին դասավանդել են բուհի ներկայիս ղեկավարներին, ունեն բարձր պաշտոններ զբաղեցնող երեխաներ կամ թոռներ, ապա ռեկտորը չի կարողանում այս մարդկանց համոզել, որ, օրինակ՝ հիշողության հետ կապված լրջագույն խնդիրներով լսարան մտնելն արժեզրկում է բուհի հեղինակությունն ուսանողության շրջանում։

Հետևաբար՝ օրենքում նման դրույթ ամրագրելը ռեկտորներին հնարավորություն կտա ավելի ճկուն աշխատել 70 տարեկանից բարձր տարիք ունեցող դասախոսների հետ։

Իհարկե, լավագույն տարբերակը մարդկանց՝ ըստ մասնագիտական և առողջական տվյալների, ընտրելն է։ Ակնհայտ է, որ 70 տարեկանից բարձր տարիք ունեցող դասախոսների մի մասն ավելի լավ են աշխատում, քան երիտասարդները։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում չկա մարդկանց մասնագիտական կարողությունները օբյեկտիվ գնահատելու մշակույթ։

Երբ Հայաստանում ասում ես՝ ընտրիր լավագույններին, վերջում ընտրվածների մեջ զգալի թիվ են կազմում ազդեցիկ մարդիկ կամ նրանց հարազատները։ Դրա համար նախարարությունը փորձում է օրենքում ամրագրել մի դրույթ, որը գոնե օբյեկտիվության որոշակի հնարավորություն կստեղծի։

Այս հարցն ունի նաև սոցիալական արմատներ։ Խնդիրն այն է, որ Հայաստանում չափազանց ցածր է կրթության և գիտության ոլորտում տասնամյակներ աշխատած մարդկանց կենսաթոշակը։ Ի տարբերություն իրավապահ, ռազմական, կառավարման ոլորտների, որտեղ գործում են բարձր թոշակներ, կրթության և գիտության ոլորտում նման բան չկա։

Հետևաբար՝ աշխատանք կորցնելը շատ դասախոսների համար նշանակում է՝ սոցիալական վիճակի վատթարացում։ Շատ դասախոսներ մեծ հաճույքով կհեռանային, եթե ստանային պատշաճ կենսաթոշակ։

Հարցը մեկ այլ ասպեկտ էլ ունի։ Կա դասախոսների մի խումբ, որը չի պատկերացնում իր կյանքը՝ առանց դասավանդելու։ Այս մարդկանց համար բուհում աշխատելը կոչում է։
Օրերս մամուլում մի նյութ հայտնվեց Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում աշխատող 99 տարեկան ուսուցիչ Մարիա Տոնյանի մասին։ Նրա երեխաներն արդեն թոշակի են անցել, բայց ինքը դեռ շարունակում է աշխատել։ «Տնօրենին ասել եմ՝ եթե ուզում ես՝ կյանքս կրճատվի, ուղարկիր թոշակի»,- նշում է 99-ամյա ուսուցչուհին։

Այս տարի լրանում է հանրահայտ փիլիսոփա, լեզվաբան Նոամ Չոմսկու 90-ամյակը։ Ուսումնական այս կիսամյակում նա աշխատանքի ընդունվեց։ Չոմսկին դասավանդելու է աշխարհի ամենաառաջադեմ համալսարաններից մեկում՝ Արիզոնայի համալսարանում։ Հայտնի գրող Ակուտագավան մի պատմվածք ունի՝ «Ուսուցիչ Մորին»։

Այդ պատմվածքի հերոսը տարիքով ուսուցիչ է, ով անընդհատ առիթներ է փնտրում մարդկանց դասավանդելու։ Բոլորին թվում է, թե նա դա անում է գումարի համար կամ ժամանակ սպանելու, բայց իրականում, ըստ գրողի, Մորիի համար դասավանդելը նույնն է, ինչ ծառի համար խոնավությունը։

Լավագույն լուծումն այն է, որ մեր համալսարաններում, անկախ տարիքից, աշխատեն միայն բարձրակարգ մասնագետներ։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում դա անհնար է, քանի որ կոռուպցիոն գործելակերպն աղավաղում է ամեն ինչ։ Նման իրավիճակում օրենքներում ամրագրվում են դրույթներ, որոնք վիճելի են, բայց գոնե որոշակիություն են մտցնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս