Դուբայում հայտարարել են Երջանկության գլոբալ կոալիցիայի ստեղծման մասին
Դուբայում ընթացող վեցերորդ Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում հայտարարվել է Երջանկության գլոբալ կոալիցիայի ստեղծման մասին, որի մեջ մտել է վեց երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Ղազախստանը, Կոստա Ռիկան, Մեքսիկան, Պորտուգալիան եւ Սլովենիան: Գագաթնաժողովը նվիրված է արդյունավետ պետական կառավարման եւ կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին։
Հեղինակավոր միջոցառմանը մասնակցում են 140 երկրներից ժամանած 4 հազարից ավելի պատվիրակներ, ներառյալ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, աշխարհի առաջատար գիտատեխնիկական կառույցների եւ տեխնոլոգիական կորպորացիաների ղեկավարության ներկայացուցիչներ: Երջանկության գլոբալ կոալիցիայի ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությանն անձամբ ներկա է եղել ԱՄԷ-ի վաչապետ եւ Դուբայ Էմիրության կառավարիչ Մոհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը: Փաստաթուղթն ստորագրել են բոլոր վեց երկրների նախարարները: «Աշխարհը կարիք ունի կոալիցիաների նոր ձեւերի, որոնք կաշխատեն հանուն ժողովուրդների բարեկեցության ու երջանկության»,-հայտարարել է ալ Մաքթումը:
«Մենք ժողուրդների երջանկությունն ընկալում ենք որպես կառավարության արդյունավետության ցուցանիշ, նրա քաղաքականության ու ծրագրերի գնահատման կարեւոր ցուցիչ: Միեւնույն ժամանակ երջանկությունն ընդհանուր նպատակ է, որին հասնելու համար փոխգործակցում են կառավարություններն ու մասնավոր հատվածը»,- ասել է նա: ԱՄԷ-ում, որտեղ իշխանությունները հասել են բնակչության բարձր կենսամակարդակի եւ հետեւողականորեն ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդնում կյանքի ու տնտեսության տարբեր ոլորտներում, «երջանկություն» տերմինը դարձել էպետական մարմինների աշխատանքի կարեւորագույն չափանիշներից ու նպատակներից մեկը:
Երկրի իշխանությունների կարծիքով, Էմիրության բնակիչները պետք է ապրեն հարմարավետ ու բարեկեցիկ, օգտվեն տեխնիկական առաջընթացից եւ իրենց շոշափելի ավանդը ներդնեն ոչ միայն ԱՄԷ-ի, այլեւ արաբական տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի երջանիկ ու բարեկեցիկ ապագայի ձեւավորման գործում: Կառավարության մոտեցումը վառ կերպով լուսաբանում է այն փաստը, որ ԱՄԷ-ի նախարարների կաբինետի կազմում գոյություն ունի երջանկության ու բարեկեցության պետական նախարարի պաշտոն: Ներկայում այն կին է զբաղեցնում՝ Ուխուդ բինտ Խալաֆան ալ Ռումին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: