Տյառնընդառաջին երիտասարդության, սիրո, ամուսնության գաղափարները վառ կարտահայտվեն խարույկի շուրջ
Կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատին առնչվող Հայ Առաքելական եկեղեցու տերունական տոներից մեկը` Տյառնընդառաջը, իր շուրջ կհամախմբի և՛ երեխաների, և՛ երիտասարդների, և՛ տարեցների: Այն հանդիսավոր ձևով կնշվի փետրվարի 13-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում:
«Առաջին անգամ հուշարձանի տարածքում անցկացվող ամենասիրված ավանդական տոներից մեկն այդ օրը «Գառնի»-ում կմիավորի մեր հայրենակիցներից շատերին` նորապսակների, երիտասարդների: Այն կսկսվի Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցուց: Ժամերգությունից հետո ճրագը կտարվի «Գառնի» արգելոց-թանգարան, որտեղ էլ կվառվի ծիսական խարույկն ու կսկսվի բուն միջոցառումը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի վարիչ, ազգագրագետ Կարինե Բազեյանը:
Կարինե Բազեյանի խոսքով` «Գառնի»-ում այդօրինակ միջոցառման իրականացումնը նաև հուշարձանի հանրահռչակմանն է ուղղված:
Նրա փոխանցմամբ` տոնն իր նախնական հենքով որոշակի աղերսներ է ունեցել այնպիսի հին աստվածների պաշտամունքի հետ, ինչպիսիք են երազների մեկնիչ և դպրության ու արվեստի պաշտպան Տիրը և, հատկապես, Վահագնը՝ կրակի աստվածը։ Տյառնընդառաջի խարույկի շուրջը տեղի ունեցող բազմազան ծիսական արարողությունները երիտասարդության, սիրո, ամուսնության և այլ գաղափարներ են արտահայտել։
«Այն նաև բնության զարթոնքի տոն էր։ Մեր նախնիները կրակի զորավոր օգնությամբ փորձում էին ազդել ձմռան ցրտաշունչ եղանակի վրա, գուշակություններ անել գերդաստանի անդամների և տնտեսության ապագայի վերաբերյալ՝ բարեհաջող ծննդաբերության ու ապաքինման ակնկալիքից մինչև ցանքի և սպասվելիք բերքի առատության ապահովումը»,-իր խոսքը եզրափակել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցը:
Տոնի անունը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ, երբ Մարիամը 40 օրական զավակին տանում է տաճար, Աստծուն նվեր մատուցելու և աղոթելու, որտեղ նրան ընդառաջ է գալիս Տիրոջ գալստյանը սպասող Սիմոն ծերունին: Այդպես էլ առաջացել է տոնի անունը` Տյառընդառաջ, տիրոջն ընդառաջ: