«ԱԼԳ պլյուս» կամ մեկ քայլ առաջ դեպի ԵՄ անդամակցություն

Ամփոփ կետեր

  • Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովն առաջ է քաշել «ԱլԳ պլյուս» ծրագիրը՝ նախատեսված Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի համար։
  • «ԱլԳ պլյուսը» վերջին շրջանում ԱլԳ մասնակից 6 երկրներից 3-ի նկատմամբ ԵՄ-ի տարբերակված մոտեցման վառ օրինակ է։
  • «ԱլԳ պլյուսը» կնպաստի Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի եվրոպական ինտեգրման խորացմանը։
  • «ԱլԳ պլյուսը» նախադրյալներ կստեղծի ԵՄ-ին Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի անդամակցության համար։
  • «ԱլԳ պլյուսը» կարող է լարվածության նոր օջախ դառնալ ԵՄ-ՌԴ փոխհարաբերություններում։
  • «ԱլԳ պլյուսը» ՀՀ-ի համար կարող է դառնալ թե՛ մարտահրավեր, թե՛ հնարավորություն։

Ներածություն

 Դեռևս 2015թ․ մայիսին Ռիգայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» (ԱլԳ) չորրորդ գագաթաժողովից հետո ԵՄ-ն ԱլԳ մասնակից 6 երկրներից 3-ի հանդեպ սկսեց որդեգրել տարբերակված մոտեցում։ Խոսքն Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի մասին է, որոնք Ռիգայի գագաթաժողովից առաջ արդեն ստորագրել էին Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մասերը (ԽՀԱԱԳ-ի ստեղծումը)։ Ելնելով այդ իրողությունից՝ ԵՄ-ը տարբերակված մոտեցում է ցուցաբերում ԱլԳ առաջին եռյակը կազմող Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի հանդեպ, քանի որ նրանք շոշափելի արդյունքների են հասել իրենց եվրոպական կողմնորոշման ճանապարհին՝ ներառյալ ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ ստանալը։

Ինչ վերաբերում է ԱլԳ մյուս եռյակը կազմող ՀՀ-ին, Բելառուսին և Ադրբեջանին, ապա նրանք ունեն տարբեր նպատակներ և ԵՄ-ի հետ փոխհարաբերություններից տարբեր ակնկալիքներ։ Այս համատեքստում կարելի է միանգամայն տրամաբանված համարել «ԱլԳ պլյուս» ծրագրի առաջքաշումը բացառապես Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար։ Սա «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի կոնկրետ օրինակ է, որին տվյալ երկրներն արժանացել են իրենց արտաքին քաղաքական կողմնորոշման, երկրի ներսում կատարած բարեփոխումների շնորհիվ։ Փաստորեն, Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար ԵՄ-ն առաջ է քաշել ավելի խոր ինտեգրմանը միտված, առավել մեծ հեռանկար առաջարկող մի ծրագիր՝ «ԱլԳ պլյուս», որն ԱլԳ-ի տրամաբանական շարունակությունն է։

 «ԱԼԳ պլյուս»- ի առաջքաշումը

2017թ. հոկտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովը հաստատեց Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի համար «ԱլԳ պլյուս» մոդելը ներդնելու բանաձևը: Այդ ծրագրով նշված երկրներին հնարավորություն կտրվի երկարաժամկետ հեռանկարում միանալ ԵՄ-ի Մաքսային միությանը, ԵՄ-ի Էներգետիկ միությանը, ԵՄ-ի Թվային տեխնոլոգիաների միությանը, Շենգենյան գոտուն, մուտք գործել ԵՄ-ի ներքին շուկա ու չեղարկել ԵՄ-ի երկրների հետ բջջային ռոումինգի սակագները։ Բացի այդ ծրագիրը կնպաստի «ԱլԳ պլյուսի» մասնակից 3 երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների ինտեգրմանը, ինդուստրիալ ոլորտում գործընկերությանը, ԵՄ-ի ծրագրերին մասնակցելու աճին։

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամները միաժամանակ հանդես եկան «ԱլԳ պլյուս» ծրագրի մասնակից երկրների համար թիրախային կամ վստահության հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ, որը կզբաղվի այդ երկրների տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքներում մասնավոր ու պետական ներդրումներ անելով։ Դա պետք է ուղեկցվի հիմնադրամի ֆինանսները նպատակային ծախսելու մանրակրկիտ ստուգումներով՝ բացառելու համար բոլոր տիպի չարաշահումները։

«ԱլԳ պլյուս» ծրագրով առաջարկվում է աջակցել մասնակից երկրներում իսկական տնտեսական բարեփոխումներ իրագործելուն, որոնք ուղղված կլինեն մոնոպոլիաների աստիճանական վերացմանը, օլիգարխների դերի սահմանափակմանը, փողերի լվացման և հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի կանխմանը, ինչը պետք է իրականացվի համապատասխան օրենքներ ընդունելով և բանկային ու ֆինանսական ոլորտներում բարեփոխումներ անելով։ Խորհուրդ է տրվում ԵՄ գործընկեր այդ երկրներից պահանջել նոր պարտավորություններ ստանձնել դատական համակարգին, պետական կառավարմանը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին առնչվող բարեփոխումների ամբողջական իրագործման համար։

Այդ ամենը պետք է հենված լինի համապատասխան «ճանապարհային քարտեզների» վրա, որոնք կհստակեցնեն գործընթացի իրագործման կոնկրետ նպատակներն ու ժամկետները։ Խորհուրդ է տրվում խթանել ընտրական ոլորտի բարեփոխումները՝ ընտրական միջավայրի բարելավման համար, ապահովել ԵՄ-ի՝ գոյություն ունեցող նորմերի խիստ կիրառումը։ Առաջարկվում է համատեղ աշխատել Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ, աջակցել նրանց ոչ վիզային ռեժիմի իրագործման հարցում՝ խուսափելու համար ապագայում այդ ռեժիմի գործունեության ժամանակավոր դադարեցման մեխանիզմ կիրառելուց։

Փաստաթղթում նշված է ՌԴ-ի վրա հավաքական ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին՝ լուծելու համար Ուկրաինայի արևելքի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի, ինչպես նաև Մերձդնեստրի կոնֆլիկտները։ Առաջարկվում է այդ համատեքստում պահպանել ԵՄ անդամ երկրների գործողությունների միասնությունը՝ կապված վերջին շրջանում տարածաշրջանում ՌԴ-ի ռազմական ներկայության աճի հետ: Մասնավորապես, առաջարկվում է ուժեղացնել կոնկրետ սահմանափակիչ միջոցները՝ Ուկրաինայի արևելքում Մինսկյան պայմանավորվածությունների իրագործմամբ հակամարտությունն ամբողջովին լուծելու համար, ինչպես նաև աջակցել ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելությանը։

ՌԴ-ին կոչ է արվում ապահովել ԵԱՀԿ դիտորդների անվտանգությունը և նրանց անարգել մուտքը մոնիթորինգի ենթակա վայրեր, դիտարկել Ուկրաինայի արևելքում ԵԱՀԿ զինված ոստիկանական առաքելության ծավալմանն աջակցելու հարցը, առաջարկվում է արտացոլել ԵՄ-ի դերի ընդլայնման հեռանկարն Ուկրաինայի ու Վրաստանի հակամարտությունների կարգավորման գործընթացում, այդ թվում նաև ԵՄ-ի Պաշտպանական ու անվտանգային համատեղ քաղաքականության շրջանակներում առաքելության գործարկմամբ՝ անվտանգության ու կայունության ամրապնդման համար։

Առաջարկվում է սահմանափակիչ միջոցներ կիրառել նաև ՌԴ-ի ու Վրաստանի միջև հակամարտության կարգավորման, Ղրիմում Ուկրաինայի լիակատար ինքնիշխանության վերականգնման, Աբխազիայում ու Հարավային Օսիայում Վրաստանի լիակատար ինքնիշխանության վերականգնման, Մերձդնեստրում Մոլդովայի լիակատար ինքնիշխանության վերականգնման համար։ Դատապարտվում է Բելառուսի մասնակցությունը ՌԴ-ի «Արևմուտք-2017» զորավարժություններին, որոնք ուղղված էին ԵՄ-ի դեմ։ Սա կարելի է համարել նաև անուղղակի ուղերձ ՀՀ-ին, ով նույնպես մասնակցում է ՆԱՏՕ-ի դեմ անուղղակիորեն ուղղված ՌԴ (ՀԱՊԿ) զորավարժություններին։

Ընդգծվում է, որ «ԱլԳ պլյուսը» նպատակ է հետապնդում ստեղծելու անհրաժեշտ պայմաններ՝ քաղաքական սերտ ասոցացման ու տնտեսական սերտ ինտեգրման համար, և որ Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրումը վերջնական նպատակ չէ ԵՄ-ի հետ հարաբերություններում:

Առաջարկվում է ևս մեկ անգամ ճանաչել Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի եվրոպական ձգտումները, ընդգծել, որ ԵՄ-ի 49-րդ հոդվածի և 2017թ. մարտի 25-ին Հռոմի դեկլարացիային համապատասխան` եվրոպական ցանկացած երկիր կարող է հայտ ներկայացնել ԵՄ-ին անդամակցելու համար՝ Կոպենհագենյան չափանիշները և ժողովրդավարության սկզբունքները պահպանելու պայմանով, եթե նա աջակցում է իրավունքի գերակայությանը, հարգում է մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները, այդ թվում նաև փոքրամասնությունների իրավունքները։

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի կողմից «ԱլԳ պլյուսի» մասին փաստաթուղթը հավանության արժանացնելուց հետո այն պետք է  քվեարկության դրվեր Եվրոպական խորհրդարանի նոյեմբերյան լիագումար նստաշրջանում։ 2017թ. նոյեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանը հաստատեց Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի համար մեծ կարևորություն ներկայացնող այդ փաստաթուղթը։ Ստրասբուրգում կայացած քվեարկության ժամանակ նախագծին կողմ քվեարկեց 519, իսկ դեմ՝ 114 պատգամավոր։ 47 պատգամավոր էլ ձեռնպահ մնաց:

Քվեարկության նախօրեին՝ նոյեմբերի 14-ին, Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ Լիտվան և Գերմանիան ներկայացնող Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Լայմա Անդրիկիենեի ու Կնուտ Ֆլեկենշտայնի հեղինակած զեկույցի քննարկումը, որում առաջարկվում էր «ԱլԳ պլյուս» մոդելը ներդնել ԵՄ-ի հետ ԱՀ ստորագրած և բարեփոխումների իրագործման հարցում զգալի առաջընթաց գրանցած երկրների (Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա) համար։

Լ. Անդրիկիենեն քննարկումների ժամանակ հայտարարեց Բրյուսելի առաջիկա գագաթաժողովում նոր նախաձեռնություններ ներկայացնելու անհրաժեշտության մասին. «Եթե բրյուսելյան գագաթաժողովը նվիրված լինի միայն արդյունքների ամփոփմանը, եթե նրա եզրափակիչ հռչակագիրը չպարունակի նոր նախաձեռնություններ, ապա նոյեմբերյան գագաթաժողովն ի ցույց կդնի մարտահրավերներին դիմակայելու հարցում ԵՄ-ի կայացած չլինելը»։

Անդրիկիենեն անհրաժեշտ համարեց, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում պլանավորված ԱլԳ երկրների հինգերորդ գագաթաժողովը ներդնի նոր դինամիկա, ներկայացնի քաղաքական հստակ տեսլական և պահպանի ծրագրի այժմեականությունը նրա մասնակից բոլոր 6 երկրների համար։ Նա առաջարկեց մեծացնել տնտեսական բարեփոխումներին աջակցելը և գործընկերության ներկայիս ձևաչափն Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի համար ընդլայնել մինչև «ԱլԳ պլյուսի», որը կապահովի 3 երկրների մուտքը ԵՄ-ի մաքսային, էներգետիկ, թվային միություններ, ինչպես նաև շենգենյան գոտի։

ԵԺԿ քաղաքական խմբի ներկայացուցիչ Դևիդ Մաքալիստերն էլ ընդգծեց, որ ԵՄ-ն ԱլԳ-ի հարցում պետք է հակվի «ավելին ավելիի դիմաց» քաղաքականությանը, այսինքն ԵՄ-ի այն գործընկերները, որոնք առաջընթաց չեն գրանցում տվյալ ձևաչափում, պետք է ԵՄ-ի հետ համագործակցությունից ստանան ավելի քիչ արտոնություններ։

Եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմն իր հերթին վստահեցրեց, որ ԵՄ-ն առավելագույն կերպով հաշվի կառնի ընդլայնված ԱլԳ-ի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի հիմնարար առաջարկները՝ ներառյալ բջջային կապի ռոումինգի չեղարկումը։

Այդպիսով, Եվրոպական խորհրդարանը նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթաժողովից առաջ արտոնեց հետևյալը.

  • Ստեղծել թիրախային հիմնադրամ Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի համար, որը կկենտրոնանա սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներում պետական ու մասնավոր ներդրումների վրա։
  • «ԱլԳ պլյուսի» երկրներին, որոնք էական առաջընթաց են գրանցել բարեփոխումների ոլորտում, հնարավորություն տալ մուտք գործել Շենգենյան գոտի և ԵՄ մաքսային, էներգետիկ, թվային միություններ, չեղարկել ռոումինգի սակագները։
  • Գործընկեր երկրներում աջակցել տնտեսական բարեփոխումների իրագործմանը՝ ուղղված մոնոպոլիաների վերացմանը, օլիգարխների դերի սահմանափակմանը, փողերի լվացմանն ու հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի կանխմանը։
  • Աջակցել ՌԴ-ի վրա հավաքական ճնշմանը՝ լուծելու համար Ուկրաինայի արևելքի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի, Մերձդնեստրի կոնֆլիկտները։
  • Աջակցել Արևելյան Ուկրաինայում ԵԱՀԿ ոստիկանական առաքելության ծավալմանը։

2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում անցկացվեց ԱլԳ հինգերորդ գագաթաժողովը, որի ամփոփիչ հռչակագրում չհիշատակվեց «ԱլԳ պլյուսը»: Գագաթաժողովը դարձավ արդյունքների ամփոփման և ոչ թե նորարարությունների ներդրման գագաթաժողով: Դա կարելի է պատճառաբանել մի շարք գործոններով:

1) ԵՄ-ը չի շտապում, ըստ ամենայնի՝ դեռ չի հասունացել «ԱլԳ պլյուսի» գործարկման պահը։ ԵՄ-ի ներսում կարող են տարաձայնություններ լինել՝ կապված նոր ձևաչափի ներդրման հետ:

Պետք է հաշվի առնել, որ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ու Բրյուսելում ԱլԳ հինգերորդ գագաթաժողովի միջև եղել է ընդամենը մոտ 10 օրվա միջակայք, ինչը խստապես բարդացրել է նման կարևոր որոշման ընդունումը:

2) Չենք բացառում, որ դեռ ամբողջովին հաշվարկված չեն ԵՄ-ի վերոնշյալ միություններին ու Շենգենյան գոտուն «ԱլԳ պլյուսի» մասնակից երկրների միանալու հետևանքները: Սրան կարելի է գումարել նաև այն, որ ԵՄ-ի Էներգետիկ ու Թվային միությունները համեմատաբար նոր նախաձեռնություններ են, ինչը նույնպես կարող էր ազդել «ԱլԳ պլյուսի» հարցում ԵՄ-ի դիրքորոշման վրա:

3) ԵՄ-ի հետ ԱՀ-ը ստորագրած երեք երկրները դեռևս ունեն անելիքներ այն իրագործելու համար, ինչը նույնպես կարող էր բացասաբար ազդած լինել միանգամից նոր ձևաչափի անցում կատարելու համար:

4) Բնական է, որ ՌԴ-ն «ԱլԳ պլյուսի» առաջ քաշումը կընկալի որպես նոր մարտահրավեր, որ «ԱլԳ պլյուսի» ներդրումն ավելի կխորացնի ՌԴ-ի զայրույթը, ով գիտակցում է, որ իր համար մեծ կարևորություն ունեցող հետխորհրդային երեք երկրները դրանով ավելի են հակվում դեպի ԵՄ և ի պատասխան՝ կարող է անգամ ռազմական որոշակի նախաձեռնություններ ցուցաբերել:

ՌԴ-ի հակազդեցության աճի գործոնը նույնպես կարող էր իր ազդեցությունն ունենալ ԵՄ-ի երկրների ներքին տարաձայնությունների վրա:

Ամեն դեպքում կարծում ենք, որ «ԱլԳ պլյուսի» ընդունումը միայն ժամանակի հարց է, և խնդիրը կլուծվի հետագա բանակցությունների արդյունքներով: Փաստորեն, ստացվում է, որ եթե ԵՄ-ն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային չշարունակի պահել իր ուշադրության կենտրոնում, չներկայացնի նորանոր հեռանկարներ, ապա կա մտավախություն, որ այն առաջընթացը, որին հասել են տվյալ երկրները, կմատնվի կորստյան: ԵՄ-ն «ԱլԳ պլյուսի» առաջքաշմամբ ստեղծում է հզոր խթան տվյալ երեք երկրների համար, որոնք իրենց եվրոպական ձգտումների համար ստանում են զգալի առավելություններ:

«ԱլԳ պլյուսն» այդպիսով առանձնացնում է լավագույններին՝ նրանց տեղափոխելով ավելի բարձր մակարդակ, իսկ ԱլԳ-ն դարձնում է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությամբ ոչ այնքան շահագրգռված երկրների հետ համատեղ աշխատելու նախաձեռնություն (ԱլԳ-ը միտված էր ԵՄ-ի հետ գործընկեր երկրների ուղղակի մերձեցմանը): ԵՄ-ն «ԱլԳ պլյուսի» միջոցով Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի համար կդառնա առավել գրավիչ, կվերածվի ձգողական կենտրոնի:

Ինչպես հայտարարել է Կիևում ԵՄ դեսպան Հյուգ Մինգարելին, մոտ ապագայում պետք չէ ակնկալել, թե որևէ երկիր կանդամակցի ԵՄ-ին, և հենց այդ պատճառով Բրյուսելը պետք է գտնի անդամակցության փոխարինում. նախաձեռնել Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի մուտքը ԵՄ-ի Մաքսային միություն, չեղարկել ռոումինգը, և անգամ թույլատրել այդ երկրների մուտքը Շենգենյան գոտի՝ ամրապնդելով նրանց կարգավիճակը Եվրոպայի տիրույթում:

Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին էլ կարծում է, որ ԱլԳ ծրագիրը համապատասխանում է ինչպես նրա մասնակից երկրների, այնպես էլ բուն ԵՄ-ի շահերին.

«Այդ ծրագրով, օրինակ, ԱՀ-ը ստորագրած Վրաստանին, Ուկրաինային ու Մոլդովային հատկացվող օգնությունն աջակցում է նրանց անցկացնելու բարեփոխումներ և գործնականում բարձրացնելու ստանդարտները բոլոր ոլորտներում՝ սկսած քաղաքական ինստիտուտներից և վերջացրած սպառվող արտադրանքի որակով։ Արդյունքում այդ երկրները վերածվում են այնպիսի պետությունների, որոնցում կա կարգավորող իրավական դաշտ։

Այդ ամենն ուղղված է կենսամակարդակի բարձրացմանը, քանի որ ներկայումս բարձր ստանդարտները հենց եվրոպական երկրներում են։ Ինչ վերաբերում է ԱլԳ-ից ԵՄ-ի բուն շահին, ապա ԵՄ-ը ձգտում է իր շուրջ ձևավորել կայունության ու անվտանգության գոտի։ Հարևանների հետ համագործակցությունը զարգացնելը հեշտ չէ, եթե նրանք չեն կիսում նույն արժեքները, եթե այնտեղ տնտեսական անկայունություն է, կոռուպցիա, լարվածություն, պատերազմի պատրաստություն։ Եթե հարևան երկիրը ներքին առումով կոնսոլիդացված չէ, չի կիսում նույն սկզբունքները, նրա հետ բարդ կլինի առևտուր անել, միավորվել կրիմինալի, անդրսահմանային իրավախախտումների դեմ պայքարում։ Այնպես որ ԵՄ-ը շահագրգռված է հարևան տիրույթի ժողովրդավարացմամբ և ոչ միայն հարևան տիրույթում»։  

Ի՞նչ կտա «ԱԼԳ պլյուսը» մասնակից երկրներին

Ակնհայտ է, որ «ԱլԳ պլյուսի» իրագործումը կհանգեցնի առնվազն երեք ոլորտում նշանակալից արդյունքների.

1) Կխորանա «ԱլԳ պլյուսի» մասնակից երկրների եվրոպական ինտեգրումը, ԵՄ-ն ավելի կմերձեցնի այդ երկրներին՝ նրանց ընդունելով մաքսային, էներգետիկ, թվային միություններ, ինչպես նաև Շենգենյան գոտի, տնտեսական կայունություն կհաստատվի ԵՄ-ի հարևանային տիրույթում, նախադրյալներ կստեղծվեն ԵՄ-ի անդամ երկրների թիվը երեքով համալրելու համար:

2) «ԱլԳ պլյուսի» մասնակից երկրներում կնվազի կոռուպցիայի մակարդակը, կխորացվեն բարեփոխումները, այդ ամենը դրականորեն կազդի քաղաքացիների կենսամակարդակի վրա, ինչի արդյունքում ԵՄ-ը կդառնա ավելի գրավիչ նրանց համար, կբարձրանա ԵՄ-ի հեղինակությունն այդ երկրներում:

3) Կսահմանափակվի ՌԴ-ի ազդեցությունն «ԱլԳ պլյուսի» մասնակից երկրներում, կկրճատվի տարբեր ոլորտներում ՌԴ-ից ունեցած նրանց կախվածությունը, նրանք տարբեր առումներով (մտածելակերպ, տնտեսական) է՛լ ավելի կհեռանան ՌԴ-ից:

Այստեղ հարկ ենք համարում կարճ անդրադառնալ ԵՄ-ի այն միություններին, որոնց անդամ կարող են դառնալ «ԱլԳ պլյուսի» մասնակից երկրները:

Քանի որ ԵՄ Մաքսային միությունն ու Շենգենյան գոտին ստեղծվել են շատ ավելի վաղ, իսկ Թվային ու Էներգետիկ միությունները համեմատաբար նոր նախաձեռնություններ են, ուստի և հարկ ենք համարում հանգամանալից անդրադառնալ հենց վերջին երկուսին:

Թվային միություն- Թվային միության ստեղծման նպատակն ինտերնետային տնտեսությունում ԵՄ-ի կողմից ԱՄՆ-ին, Ճապոնիային ու Հարավային Կորեային հասնելն է, հանուն որի պահանջվում է ընդլայնել թվային ապրանքներից ու ծառայություններից օգտվելը, ընդլայնել թվային ցանցերն ու ծառայությունները, նրանց համար ապահովել լավագույն պայմաններ, ավելի թվայնացնել տնտեսությունը:

21-րդ դարում աշխարհի խոշորագույն հեռահաղորդակցային ինտերնետային ընկերությունների թվում չկա Եվրոպայի գեթ մեկ ներկայացուցիչ: ԵՄ-ի անդամ 28 երկրներից յուրաքանչյուրում գործող սահմանափակումների, ինչպես նաև առանձին երկրների տարբեր համակարգերի ու մեխանիզմների պատճառով եվրոպական թվային ընկերությունները չեն կարողացել զարգանալ նույն տեմպով, ինչպես որ ամերիկյան հսկաները:

Այժմ անհրաժեշտ է համարվում ներդրումներ անել 5G ենթակառուցվածքում, գիտության ու արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև զարգացնել արհեստական ինտելեկտը և սուպերհամակարգիչները: Ապագա տեխնոլոգիաների զարգացման եվրոպական հանձնաժողովն ընդգծել է, որ եթե եվրոպական թվային տնտեսությունը չունենար սահմաններ, ապա կկարողանար աճել ավելի արագ, դուրս գալ միջազգային մակարդակ, ստեղծել նոր աշխատատեղեր: Ակնկալվում է, որ ազգային շուկաների վերացումը և համաեվրոպական շուկայի ստեղծումը ԵՄ-ում կստեղծի 3,8 մլն նոր աշխատատեղ, իսկ ԵՄ-ի տնտեսությանը կբերի 415 մլրդ եվրո:

Այս ամենը նշանակում է, որ «ԱլԳ պլյուսի» գործարկման դեպքում Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի առջև կբացվեն նոր հնարավորություններ թվային տեխնոլոգիաների ոլորտում, կաճի այդ երկրների տնտեսությունների թվայնացման մակարդակը, նրանցում կստեղծվեն նոր աշխատատեղեր, նոր զարկ կտրվի գիտությանը: Դա կբարձրացնի նաև տվյալ երկրների միջազգային հեղինակությունը:

Էներգետիկ միություն- ԵՄ Էներգետիկ միության պատմությունը մեկնարկում է 2010թ. մարտին, երբ Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ժակ Դելորն առաջարկեց ստեղծել Եվրոպական էներգետիկ ընկերակցություն: Էներգետիկ ընկերակցության գաղափարը դարձավ յուրահատուկ արձագանք ռուսական մարտահրավերին:

Խոսքը 2009թ. հունվարին Ուկրաինայի ու ՌԴ-ի միջև ծագած գազային վեճի մասին է՝ կապված գազի գների ու տարանցման պայմանների հետ, որը հանգեցրեց Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի մատակարարումների կասեցմանը:

Էներգետիկ միության ստեղծման հարցը վերստին արդիական դարձավ 2014թ.՝ կապված Ղրիմի ու Դոնբասի հայտնի դեպքերի հետ: Ուկրաինայում իրավիճակի ապակայունացումը, ԵՄ-ՌԴ հարաբերություններում ծագած քաղաքական ճգնաժամը և 2014թ. Ուկրաինայով ռուսական գազի տարանցման ընդհատումների սպառնալիքը ոգեշնչեցին Էներգետիկ միության գաղափարը և ուղղորդեցին անցում կատարել դրա գործնական կիրառմանը:

Փաստորեն ռուսական գործոնը որոշիչ ազդակ դարձավ ԵՄ Էներգետիկ միության ստեղծման համար: 2015թ. մարտին Եվրոպական հանձնաժողովը հավանության արժանացրեց Էներգետիկ միություն ստեղծելու նախաձեռնությունը:

Եվրոպական հանձնաժողովի առաջարկների ու ԵՄ-ի գագաթաժողովների համաձայն՝ Էներգետիկ միությունը պետք է զարգանա հետևյալ 5 ուղղությամբ:

1) Էներգետիկ անվտանգություն, համերաշխություն ու վստահություն:

Այստեղ կարևորվում է գազի ներկրման ավելի թափանցիկ ռեժիմի ապահովումը, էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացումը, ինչը պետք է իրականացվի Հարավային գազային միջանցքի զարգացման (Կասպյան ավազանի ռեսուրսների), հեղուկացված գազի օգտագործման, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանում հեղուկացված գազի տերմինալ-հանգույցների կառուցման միջոցով:

2) Ներքին էներգետիկ շուկա: Սրա ավարտի համար անհրաժեշտ է զարգացնել ԵՄ-ի երկրների միջև անդրսահմանային ինտերկոնեկտորները և պահպանել առկա օրենսդրությունը:

3) Էներգոարդյունավետություն: Էներգակիրների պահանջարկի նվազեցման համար առաջարկվող միջոցների համալիրն ուղղված է այն նպատակի իրագործմանը, որը 2014թ. հոկտեմբերին սահմանել է Եվրոպական խորհուրդը՝ մինչև 2030թ. էներգոարդյունավետությունը մեծացնել 27%-ով:

4) Տնտեսության ապակարբոնացում: 2014թ. հոկտեմբերին Եվրոպական խորհուրդը նպատակադրվել է մինչև 2030թ. ջերմոցային գազի արտանետումները կրճատել 40%-ով՝ համեմատած 1990թ. հետ:

5) Հետազոտություններ, նորարարություններ և մրցունակություն: Այստեղ առաջարկվում է անցկացնել համալիր միջոցառումներ՝ խթանելու գիտահետազոտական ու փորձարարական աշխատանքները (Research and Development, R&D)՝ առաջին հերթին «խելացի ցանցերի», «խելացի տների», «մաքուր տրանսպորտի», «մաքուր հանածո վառելիքի» և «աշխարհում ամենաանվտանգ միջուկային էներգիայի» ոլորտներում:

Այդպիսով, ԵՄ Էներգետիկ միությունը կոչված է ուժեղացնել ԵՄ երկրների կոոպերացիան, ամրապնդել կապերը՝ տարածաշրջանի ներսում էներգիայի փոխանցման համար, ընդլայնել դրա ստացման աղբյուրները, կրճատել էներգակիրների ներկրումից առկա կախվածությունը: ԵՄ-ը փորձում է ավելի անկախ դառնալ տվյալ ոլորտում, նվազեցնել ՌԴ-ից էներգակիրների ներկրումից ունեցած կախվածությունը: Եվրոպական հանձնաժողովի Էներգետիկ միության հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը հայտարարել է, որ այդ պլանն ունի պատմական նշանակություն.

«Անկասկած է, որ դա ամենահավակնոտ էներգետիկ նախագիծն է Եվրոպայում՝ սկսած Ածխի ու պողպատի եվրոպական միավորման ժամանակներից, որը ստեղծվել է 1951թ.: Այն ակնառու կերպով ի ցույց է դնում ընդհանուր ներքին շուկայի պոտենցիալը և կարագացնի եվրոպական ինտեգրումը»:

Եվրոպական հանձնաժողովի գնահատականներով՝ էներգետիկ շուկայի համար ողջ Եվրոպայում գործող միասնական կանոնները թույլ կտան մինչև 2030թ. տնտեսել մինչև 40 մլրդ եվրո:

Փաստորեն, ԵՄ-ը մտադիր է ավելի ակտիվորեն օգտագործել էներգիայի վերականգնվող աղբյուրները՝ արևի ու քամու էներգիան, ինչպես նաև տնտեսել կամ ավելի արդյունավետորեն օգտագործել էներգիան: Այս համատեքստում ԵՄ-ը կարող է հեղուկացված գազ ներկրել ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Մերձավոր Արևելքից (ԵՄ-ը ցանկանում է ներկրել նաև իսրայելական գազ):

Այս ամենը նշանակում է, որ «ԱլԳ պլյուսի» մասնակից երկրները, ԵՄ-ի Էներգետիկ միությանն անդամակցելով, հնարավորություն կստանան նվազեցնել ՌԴ-ից իրենց էներգետիկ կախվածությունը, ջերմոցային գազերի արտանետումը, զարկ տալ էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտին, մեծացնել էներգոարդյունավետության մակարդակը:

Ինչ վերաբերում է ԵՄ Մաքսային միությանն անդամակցելուն, ապա ՄՄ-ը նախատեսում է անդամ երկրների միջև ոչ միայն մաքսատուրքերի ու սահմանափակումների վերացում, այլև երրորդ երկրների ապրանքների հանդեպ միասնական արտաքին սակագների ներդնում, որոնք միանման են ողջ ԵՄ-ի համար (դրանից ստացվող շահույթը դարձել է ընկերակցության սեփական ռեսուրսների ձևավորման աղբյուրներից մեկը):

Բացի այդ որպես ՄՄ արտաքին ասպեկտ՝ ընդունվել է ընդհանուր առևտրային քաղաքականությունը (ընկերակցությունը միջազգային մակարդակում արտահայտում է անդամ բոլոր երկրների ընդհանուր դիրքորոշումը): Ավելորդ է նշել, որ Թուրքիայի տնտեսական հրաշքը մեծապես բացատրվում է նրանով, որ 1995թ. վերջին նա դարձավ միակ երկիրը, ով ԵՄ-ի անդամ չէր, սակայն կարողացավ դառնալ նրա ՄՄ անդամ:

Եվ վերջապես, Շենգենյան գոտու մեջ մտնելը նույնպես նշանակալից իրադարձություն կդառնա «ԱլԳ պլյուսի» մասնակից երկրների համար: Իհարկե դա կլինի բավական բարդ գործընթաց. Ռումինիայի (ԵՄ-ի անդամ է դարձել 2007թ.), Բուլղարիայի (2007թ.), Խորվաթիայի (2013թ.) փորձերը ցույց են տալիս, որ ԵՄ-ին անդամակցելը հավանաբար ավելի դյուրին գործընթաց է, քան Շենգենյան գոտու մեջ մտնելը:

ԵՄ-ի անդամ 28 երկրից Շենգենյան գոտու մեջ մտել է 22-ը. Մեծ Բրիտանիան, Իռլանդիան ու Կիպրոսը չեն մտնում Շենգենյան գոտու մեջ, իսկ Բուլղարիան, Ռումինիան ու Խորվաթիան գտնվում են Շենգենյան գոտու մեջ մտնելու ճանապարհին: Շենգենյան օրենսդրության նորմերին համապատասխանելու համար թեկնածու երկրներից պահանջվում է կատարել հավելյալ աշխատանք (քաղաքական, դատական բարեփոխումներ):

Ընդգծենք, որ Շենգենյան գոտու մեջ ընդգրկվելու դեպքում Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի քաղաքացիները կկարողանան օգտվել նաև ԱՄՆ-ի ու Կանադայի հետ ԵՄ-ի ունեցած ոչ վիզային ռեժիմներից, քանի որ այն տարածվում է Շենգենյան գոտու երկրների վրա:

Այսպիսով, «ԱլԳ պլյուսի» մասնակից երկրներին առաջարկվում են լայն հեռանկարներ՝ ԵՄ-ի Մաքսային, Էներգետիկ, Թվային միություններին, ինչպես նաև Շենգենյան գոտուն միանալու տեսքով: Ռոումինգի սակագների չեղարկումը նույնպես կարևոր է «ԱլԳ պլյուսի» մասնակից երկրների քաղաքացիների համար: Այդ ամենը մեծապես կբարձրացնի կենսամակարդակն «ԱլԳ պլյուսի» մասնակից երկրներում, դրանց կդարձնի ավելի եվրոպական երկիր, ԵՄ-ը կդարձնի ավելի հրապուրիչ, իսկ ՌԴ-ը՝ ավելի անհրապույր, նախադրյալներ կստեղծի ԵՄ-ին երեք երկրների անդամակցության համար: Դա էլ իր հերթին կարող է նախադրյալներ ստեղծել ՆԱՏՕ-ին երեք երկրների անդամակցության համար: ԵՄ-ը, ինչպես նաև ՆԱՏՕ-ն այդ կերպ (Վրաստանի միջոցով)  «կներթափանցեն» նաև Հարավային Կովկաս:

 Քաղաքական հանձնարարականներ. ՀՀ-ի վրա «ԱԼԳ պլյուսի» հնարավոր ազդեցությունը

«ԱլԳ պլյուսի» առաջքաշումը բավական մեծ կարևորություն ունի ԱլԳ երկրորդ եռյակի մեջ մտնող ՀՀ-ի համար, որը 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ-ի հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ) (անգլ.՝ Armenia-The EU Comprehensive and Enhanced Partnership Agreement, CEPA): Ինչպես արդեն նշվեց, «ԱլԳ պլյուսը» միտված է նաև ԱլԳ անդամ երկրների շրջանում ԵՄ-ի գրավչությունը մեծացնելուն, և կարող է խթան ծառայել նաև ներկայումս ԱլԳ երկրորդ եռյակի առաջատար ՀՀ-ի համար՝ խորացնելու համար եվրոպական ինտեգրումը:

Կարելի է կարծել, որ ԵՄ-ը ՀՀ-ին հասկացնել է տալիս, թե ինչ հեռանկարներ կբացվեն նրա առջև, եթե նա նույնպես երկրի ներսում բարեփոխումներ կատարելու, արտաքին քաղաքական համապատասխան կողմնորոշման դեպքում կարողանա դառնալ «ԱլԳ պլյուսի» մասնակից՝ նրա չորրորդ երկիրը:

Թեպետ հասկանալի է, որ «ԱլԳ պլյուսի» մասնակից երկրները դեռ պետք է կատարեն վիթխարի աշխատանքներ՝ նախագծի շնորհած բոլոր առավելություններից օգտվելու համար, և որ դա տևական գործընթաց է, ամեն դեպքում նման հեռանկարներ արդեն իսկ ուղենշվում են և մնում է համապատասխան «ճանապարհային քարտեզներով» հասնել դրանց:

Ընդ որում՝ «ԱլԳ պլյուսը» ՀՀ-ի համար կարևոր է նաև ոչ միայն այն առումով, որ նա արդեն իսկ ԱլԳ անդամ է, որ հեռանկարում նա նույնպես կարող է մաս կազմել «ԱլԳ պլյուսի» և օգտվել նրա արտոնություններից, այլև նրանով, որ «ԱլԳ պլյուսը» շոշափում է ՀՀ-ի համար կենսական կարևորություն ունեցող հարևաններից Վրաստանին:

Տնտեսագետները կարող են մանրակրկիտ հաշվարկել ԵՄ-ի Մաքսային, Էներգետիկ ու Թվային միություններին Վրաստանի հնարավոր միանալու դրական ու բացասական ազդեցությունը ՀՀ-ի վրա: Այդ գործը թողնելով տնտեսագետներին՝ նշենք, որ Վրաստանի տարածքով է իրականացվում ՀՀ-ի արտաքին առևտրի շուրջ 80%-ը: Բացի այդ Ադրբեջանի (նաև Թուրքիայի) կողմից իրականացվող շրջափակման սահմաններում ՀՀ-ից դեպի ՌԴ (նաև ԵԱՏՄ) ցամաքային միակ ճանապարհն անցնում է Վրաստանով:

Վերջին շրջանում շատ է խոսվում Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքով ՀՀ-ից ՌԴ ապրանքների փոխադրման հնարավորության մասին, և այս դեպքում էլ գործ ունենք Վրաստանի հետ: Չմոռանանք նաև, որ ՀՀ-ը ռուսական գազ է ստանում Վրաստանի տարածքով: Գոնե Շենգենյան գոտու պարագայում ակնհայտ է, որ եթե Վրաստանը հեռանկարում մտնի դրա մեջ, իսկ ՀՀ-ն՝ ոչ, ապա ՀՀ քաղաքացիները լուրջ խնդիրների կբախվեն հարևան երկիր այցելելու համար:

Դա կշոշափի նաև ՀՀ-ից Վրաստան (հատկապես սևծովյան հանգստավայրեր) մեկնող հարյուր հազարավոր զբոսաշրջիկներին և տարանցիկ ուղևորներին, որոնք մատչելիության պատճառով նախընտրում են այլ երկրներ մեկնել Թբիլիսիի և ոչ թե Երևանի օդանավակայանից (եթե տվյալ ոլորտում ստատուս-քվոն պահպանվի նաև հետագայում): Դա բացասաբար կազդի նաև վիրահայերի հետ երկկողմ կապերի ինտենսիվացման վրա: ՀՀ-ն պետք է պատրաստ լինի հեռանկարում իրադարձությունների նմանատիպ զարգացման սցենարին:

Այլ հարց է, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության դեպքում ՀՀ-ը կսահմանակցի ԵՄ-ին, ինչը նույնպես կմեծացնի վերջինիս ազդեցությունը մեր երկրի վրա: Եթե ՀՀ-ը նույնպես միանա «ԱլԳ պլյուս»-ին, ապա դրանով նոր հարթություն կտեղափոխվեն ոչ միայն ՀՀ-ԵՄ հարաբերությունները, այլ նաև ՀՀ-Վրաստան, ՀՀ-Ուկրաինա, ՀՀ-Մոլդովա հարաբերությունները։ Այդպիսով, «ԱլԳ պլյուսը» ՀՀ-ի համար կարող է դառնալ և՛ մեծ հեռանկար, և՛ մեծ մարտահրավեր: ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշմամբ, ինչպես նաև ՀԸԳՀ-ի հաջող գործարկմամբ է պայմանավորված, թե որն է լինելու նրա հետագա ուղին, թե ինչպիսի արդյունքներ կամ հետևանքներ կունենա իր վրա «ԱլԳ պլյուսը»: Այդ ամենն առաջին հերթին կախված է լինելու սեփական շահերով առաջնորդվելու ՀՀ-ի ցանկությունից ու դիրքորոշումից:

Անի Եղիազարյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Տեսանյութեր

Լրահոս