Բաժիններ՝

«Բուհերի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու է վարչապետը. բուհական համակարգին անկախության լծակներ չեն տալիս». Դավիթ Ամիրյան

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Բարձրագույն կրթության նոր օրինագիծ. խնդիրների լուծմա՞ն, թե՞ խորացման օրենք» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ այդ օրենքում պետք է փոփոխություններ կատարվեին դեռ 5 տարի առաջ, երբ առաջին անգամ բարձրաձայնվեցին արմատական խնդիրներ՝ կապված բուհական համակարգի քաղաքականացվածության, և դրանով պայմանավորված՝ կրթության որակի հետ.

«Երբ 5 տարի առաջ դրանք բարձրաձայնվեցին մեր կողմից, դա ընդունվեց սվիններով, բայց ինչ-որ ժամանակ հետո երևի հասկացան, որ այդ ամենը պետք է ընդունեն։ Հիմա ունենք նման օրենք և մեծ հույսեր էինք կապում, որ այն կտա լուծում այն կարևոր խնդիրներին, որոնք շահագրգիռ կողմերը տեսնում էին։ Զուգահեռ՝ գնում էր մի պրոցես, որը միտված էր կոռուպցիայի դեմ պայքարին։ 2015 թվականից դա փորձում էին իրականացնել, բայց մինչև հիմա ունենք գործողությունների ծրագրի մակարդակում, որտեղ ընդունվեց քաղաքականացվածության հարցը՝ որպես կոռուպցիոն ռիսկ։ Ստացվում է, որ մենք մի քանի գործընթաց ունենք, որտեղ բոլոր խնդիրներն արծարծվում են, բայց ստեղծված խնդիրներին արմատական լուծում տալու ցանկություն չկա»։

Դավիթ Ամիրյանը հիշեցրեց, որ սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացում իշխանությունները խոստանում էին, որ Սահմանադրության նոր տարբերակով ունենալու ենք ավելի ժողովրդավար երկիր, դատական անկախ համակարգ, մարդու իրավունքների պաշտպանություն, իշխանական մարմինների՝ միմյանց հակակշիռ լինելու վերաբերյալ փոփոխություններ, և այլն։ Սակայն, ըստ նրա՝ իշխանությունը որևէ կերպ չի ուզում օրենսդրական մակարդակով իրականացնել այդ ժողովրդավարական գաղափարախոսություններին համահունչ պետական ինստիտուտների բարեփոխումները. «Որևէ լծակ չի ուզում թողնել, որը կարող է օրենսդրորեն դուրս գալ վերահսկողությունից»։

Նա նկատեց, որ արդեն 5 տարի է՝ թե՛ քաղաքացիական հասարակությունը, թե՛ միջազգային խոշոր կազմակերպությունները նշում են, որ կառավարման խորհուրդների կառուցվածքը չի արտացոլում ժողովրդավարական մոտեցումներ, և բուհի ազատ և անկախ լինելու հանգամանքի վրա թողնում է բացասական ազդեցություն. «Ներկայումս մենք ունենք գործադիրի և հիմնադիրի կողմից տեղերի սահմանափակում՝ 30 տոկոս պետք է լինեն գործատու միջավայրի ներկայացուցիչները։ Թե ով է հանդիսանալու տվյալ բուհի հիմնական գործատուն, պետք է որոշի բուհի գիտխորհուրդը։ Այսինքն՝ եթե հետո առաջարկվի ԱԺ-ից, կառավարությունից, նախարարությունից մի թեկնածու, մեզնից որևէ մեկը չի կարող ասել, որ դա գործատու չէ։ Մենք տեսնում ենք, որ օրենսդրական մակարդակով բուհական համակարգին անկախության լծակներ չեն տալիս»։

Կարդացեք նաև

Ըստ Ամիրյանի՝ օրենքում առաջադեմ քայլեր էլ կան, որոնք, նրա խոսքով՝ կարելի է  համարել արևմտյան համակարգին համահունչ, օրինակ՝ կրեդիտային համակարգ, կրեդիտներ ձեռք բերելու ժամանակահատված՝ ուսանողի ցանկությամբ, և այլն։ Բայց դրանք ևս նա վիճելի է համարում։

«Բավականին շատ հարցեր թողնված է կառավարության որոշմանը։ Օրինակ՝ ԵՊՀ-ի բացառիկ կարգավիճակի մասին, ես չեմ ուզում վիճել, գուցե պատմականորեն դա արդարացված է, բայց թե ինչ դեր է լինելու, թողնվելու է կառավարության հայեցողությանը։ Մենք բանավեճի ժամանակ շատ պարտվողական իրավիճակում ենք հայտնվում. երբ ասում ենք, որ պետք է ամեն ինչ մանրամասն գրվի, ասում են՝ սա օրենք է, հնարավոր չէ ամեն ինչ մանրամասն գրել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ մասնավոր բուհերի հարցը նույնպես կարգավորված չէ։

«Նաև կառավարման հետ կապված բոլորս շատ ոգևորված էինք, որ ՊՈԱԿ-ից բուհերը դարձան հիմնադրամ, բայց հիմա ունենք օրենք, որտեղ նշված է, որ բուհերի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու է վարչապետը։ Բուհը պետք է հանդիսանա հանրային տարածք, այնտեղ պետք է ծնվի քննադատական միտք, այլընտրանքային գաղափար, այնտեղ պետք է քննարկվեն պետության համար ամենակարևոր հարցերը՝ հենց քննադատական մոտեցմամբ, պետք է այնտեղ այլընտրանքային առաջարկություններ արվեն։ Մենք հիմա ունենք մի օրենք, որը շատ հեռահար նպատակներով ունի ցանկություն՝ թվարկածս չեղյալ դարձնելու»,- եզրափակեց Ամիրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս