«Ադրբեջանական կողմը կարող է ապրիլ-հոկտեմբեր ամիսների միջակայքում կրկին դիմել սահմանափակ ընդգրկում ունեցող ռազմական գործողությունների». Արման Մելիքյան

«Բարդ տարի է լինելու ինչպես՝ ներքաղաքական, այնպես էլ՝ արտաքին քաղաքական մարտահրավերների տեսանկյունից, և հենց այդ համատեքստում է, որ մեզ օդի-ջրի պես անհրաժեշտ են ապագայի հանդեպ վստահություն ներշնչող ազդակները, որոնք հենց մեր հավաքական ջանքերի շնորհիվ միայն կարող են ծնունդ առնել»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով 2018 թվականից ունեցած ակնկալիքների մասին՝ ասաց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը:

Նրա խոսքով՝ 2018թ. ոչ միայն Հայաստանն է մտնելու ճակատագրական ներքին վերափոխումների հերթական շրջափուլ, այլև Հարավային Կովկասն ու դրան հարող տարածաշրջաններն են ապակայունացման տանող գործընթացների էպիկենտրոնը դառնալու:

Խոսելով ՀՀ-ում սպասվող՝ վարչապետի և նախագահի փոփոխությունների մասին՝ Ա. Մելիքյանն ասաց. «Եթե Հայաստանում իշխանությունն արդար ընտրությունների միջոցով ձևավորելու համակարգը գործեր, ապա այսօրինակ վարչական խաղիկ-խորամանկությունների կարիքը չէր էլ առաջանա: Տասը տարին մեկ սահմանադրություն փոխելը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ երկրի գործող մայր օրենքն իշխանությունը պահելու նպատակադրում ունեցող խմբավորման ընթացիկ ձգտումներին հարմարեցնելու միջոց»:

ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարարը գտնում է՝ արցախյան ճակատում հարաբերական անդորրը, թերևս, կպահպանվի մինչև ապրիլ.

«Այսինքն՝ մինչև այն պահը, երբ Հայաստանում գործադիր իշխանության միանձնյա ղեկավար կդառնա երկրի վարչապետը: Հոկտեմբերին Ադրբեջանում անցկացվելու են նախագահական ընտրություններ, և հենց այս իրադարձության հետ կապված՝ չի կարելի բացառել, որ ադրբեջանական կողմը, Իլհամ Ալիևի վարկն ամրապնդելու համար, կարող է ապրիլ-հոկտեմբեր ամիսների միջակայքում կրկին դիմել սահմանափակ ընդգրկում ունեցող ռազմական գործողությունների»:

Տեսանյութեր

Լրահոս