Բաժիններ՝

«Սոցիալական աշխատանքի կենտրոնում Մարդն է, իսկ նպատակը՝ Մարդու կյանքի որակի բարելավումը». Աստղիկ Մինասյան

Ո՞վ է սոցիալական աշխատողը և ո՞րն է նրա առաքելությունը մեր իրականության մեջ:  Հանրային ռադիոյի «Սպառողի ժամ»  հաղորդաշարի շրջանակներում սոցիալական աշխատանքի, սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման ու  ընտանիքների անապահովության գնահատման համակարգի փոփոխությունների մասին խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

Պաշտոնյայի հավաստմամբ՝ սոցիալական աշխատանքի, սոցիալական աշխատողի գործունեության հիմքերը դրվել են դեռևս Խորհրդային միության ժամանակներից, երբ գործում էին տնային սպասարկման բաժինները: Սակայն բուն գործընթացը սկսվել է 1988 թվականի երկրաշարժից հետո, երբ մարդասիրական օգնության հետ մեկտեղ բնակչությանը ձեռք են մեկնել նաև սոցիալական աշխատողները, ովքեր ակնհայտորեն գիտակցել և հասկացել են սոցիալական աշխատողի կարևորությունը մարդու համար ընդհանրապես և, առավել ևս, նման ծանր իրավիճակում:

1993 թվականին Հայաստանում պաշտոնապես ներդրվել է սոցիալական ծառայությունների համակարգը, որտեղ սոցիալական աշխատողն իր կենսափորձի ու հմտությունների շնորհիվ կարողանում է հասկանալ, թե ի՞նչ խնդիրներ ունի քաղաքացին և ի՞նչ լուծումներ կարող է առաջարկել նրան:

«Սոցիալական աշխատանքի սկիզբը մեկնարկել է մարդասիրական օգնության բաշխման աշխատանքներով, այնուհետև ներդրվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգը, որի հիման վրա հետագայում մշակվել են դրամական աջակցության ծրագրերը` նպաստները: Այսօր, արդեն իսկ ներդրված մեթոդաբանության և նոր մեխանիզմների շնորհիվ սոցիալական աշխատողը անձին կամ ընտանիքին առավելագույն աջակցությունն է  ցուցաբերում՝ հիմնվելով մասնագիտական ունակությունների, փորձի և զարգացած հմտությունների վրա»,- նշել է Աստղիկ Մինասյանը:

Խոսելով սոցիալական աշխատողի կողմից ընտանիքին ցուցաբերվող աջակցության մասին՝ պաշտոնյան նշել է, որ  ընտանիքում կուտակված խնդիրները փոխկապակցված են ու բազմաբնույթ՝ հիվանդությամբ պայմանավորված աղքատություն, կրթություն ստանալու հնարավորությունների նվազում, առողջապահական ծառայությունների ստացման դժվարություն, զբաղվածության կարգավորում: «Մեկ սոցիալական աշխատողը չի կարող այս բոլոր խնդիրների լուծումն ինքն առաջարկել: Նման դեպքերում, գնահատելով ընտանիքի բոլոր կարիքները, ձևավորվում է բազմամասնագիտական խումբ, որը յուրաքանչյուր խնդրի լուծման ուղին վերապահում է համապատասխան մասնագետին. առողջապահական խնդիրները՝ բուժաշխատողին, կրթության խնդիրը՝ դպրոցին ու մանկավարժին, աշխատանքի տեղավորման խնդիրը՝ զբաղվածության տարածքային մարմնին: Ստեղծված խումբը միասին կարողանում է կազմակերպել և համակողմանիորեն լուծել ի հայտ եկած խնդիրները»,- պարզաբանել է Աստղիկ Մինասյանը:

Սոցիալական աշխատողի կողմից ընտանիքին կամ անձին ցուցաբերած օգնությունն առաջին հերթին նրա մտածելակերպի փոփոխությունն է, պաշտոնյայի խոսքով՝ անձը պետք է գիտակցի իր արժեքը, ճանաչի իր կարողություններն ու ներուժը, վստահի իր ուժերին և կարողանա իր առջև ծառացած խնդիրները լուծել ինքնուրույնաբար: Համատեղելով բազմամասնագիտական խմբի և աջակցող ցանցի կարողությունները,  սոցիալական աշխատողը անձին ցույց է տալիս իր խնդիրների լուծման ճանապարհները:

Հարցին, թե ուր կարող է դիմել դժվար իրավիճակում հայտնված անձը կամ ընտանիքը, պաշտոնյան պատասխանել է, որ որևէ խնդրի առկայության դեպքում նրանք պետք է դիմեն իրենց բնակության սոցիալական աջակցության տարածքային բաժին: «Սոցիալական  աշխատողը դիմումի հիման վրա կատարում է տնային այցելություն, դիտարկում է ընտանիքում առկա խնդիրները, տալիս համապատասխան խորհրդատվություն  և մասնագիտական խմբի  միջոցով լուծում նրանց խնդիրները: Շատ կարևոր է, որ քաղաքացին ինքը  ցանկություն ունենա դուրս գալ այդ իրավիճակից և փորձի փոխել իր կենսակերպը, քանի որ սոցիալական աշխատողը միայնակ չի կարող լուծել նրա խնդիրները»,-մանրամասնել է ոլորտի պատասխանատուն:

Այնուհետև, Աստղիկ Մինասյանը խոսել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի մասին, նշելով, որ այնտեղ ընդգրկվելու համար նշանակություն ունի ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը, բնակարանային պայմանները, ընտանիքի անդամների աշխատունակությունը և այլ ցուցանիշներ: «Սոցիալական աշխատողի կողմից իրականացված տնային այցելության ընթացքում լրացվում են այդ ցուցանիշները, այնուհետև համադրվում տեղեկատվական այլ բազաներում առկա տեղեկատվության հետ: Արդյունքում ընտանիքը ձեռք  է բերում համակարգում ներառվելու իրավունք: 2017թ. օգոստոսի 1-ից երեխա ունեցող ընտանիքների անապահովության գնահատման հարցում լրացուցիչ ցուցանիշ է համարվել նաև երեխաների առկայության հանգամանքը»,- պարզաբանել է վարչության պետը:

Պաշտոնյան հավելել է նաև, որ համակարգում կատարված փոփոխությունների գլխավոր նպատակը պետական նպաստների հասցեականության բարձրացումն է, քաղաքացու աշխատանքային գործունեություն ծավալելու ցանկության խթանումը և սոցիալապես անապահով ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման իրական հնարավորությունների ստեղծումը:

Ամփոփելով խոսքը՝ Աստղիկ Մինասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ սոցիալական աշխատանքը մարտահրավերների և փոփոխությունների ոլորտ է, իսկ սոցիալական աշխատողը՝ մարդկային բարձր որակներով ու մասնագիտական հմտություններով օժտված անձ, որի աշխատանքի կենտրոնում Մարդն է, իսկ նպատակը՝ Մարդու կյանքի որակի բարելավումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս