Բաժիններ՝

Իրաքյան Քրդստանում հակակառավարական ցույցերը վերաճել են անկարգությունների. Sky News Arabia

Իրաքյան Քրդստանի իշխանությունների դեմ անցկացվող ցույցերի մասնակիցների եւ ուժայինների միջեւ դեկտեմբերի 19-ին բախումներ են գրանցվել քրդական ինքնավարության մի շարք քաղաքներում: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:

Առկա տեղեկատվության համաձայն, արդեն երկրորդ օրն է՝ բողոքի բազմահազարանոց ակցիաներ են անցկացվում Իրաքի հյուսիսի Սուլեյմանիա, Հալաբաջա եւ Քոյա քաղաքներում: Դեկտեմբերի 19-ին ոստիկանությունը բազմությունը ցրելու համար օգտագործել է ջրանետներ:

Մի շարք ԶԼՄ-ներ պնդում են, որ բախումների հետեւանքով կան տուժածներ, պաշտոնական տվյալներ առայժմ չեն ստացվել:

Անցած օրվա ընթացքում ակտիվիստները հրկիզել են կառավարական մի քանի հիմնարկություններ, այդ թվում՝ կառավարող Քրդստանի դեմոկրատական կուսակցության եւ Իրաքյան Քրդստանի քաղաքական այլ կազմակերպությունների կենտրոնակայանները:

Փորձել են գրոհել նաեւ ոստիկանական տեղամասի եւ էլեկտրակայանի վրա: Հանրահավաքների մասնակիցներն իշխանություններից պահանջում են վերջ դնել կոռուպցիային եւ պետծառայողներին վճարել աշխատավարձերի պարտքերը: Ինչպես նշում է Rudaw հեռուստաալիքը, Իրաքյան Քրդստանը տնտեսական ճգնաժամ է ապրում, որը պայմանավորված է Բաղդադի դաշնային կառավարության կողմից ինքնավարության բյուջեի կրճատմամբ, նավթի գների անկմամբ եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ծախսերով:

Տարածաշրջանային կառավարության ֆինանսական դրությունն զգալիորեն վատացել է Քիրկուկի նավթի հանքավայրերի նկատմամբ վերահսկողությունը կորցնելուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս