«Հայաստանը և Վաշինգտոնը կարող են խաղարկել մի հետաքրքիր խաղաքարտ. դա Հայաստանին առանձնացնում է իր հարևաններից». Ռիչարդ Միլս
«Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» թեմայով հանրային քննարկման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր խոսքում նախ շնորհավորեց Հայաստանին և Եվրամիությանը՝ համաձայնագրի ստորագրման համար, ընդգծելով, որ դա չափազանց կարևոր ձեռքբերում է:
Ինչ վերաբերում է քաղհասարակությանը, նա ասաց, որ ԱՄՆ կառավարությունը համոզված է՝ քաղհասարակությունը հիմնարար դեր ունի յուրաքանչյուր պետության զարգացման գործընթացում. «Քաղհասարակությունը հսկում և պահանջում է արդյունավետ կառավարում: ԱՄՆ դեսպանատունն ակտիվորեն աջակցել է ՀՀ կառավարությանն ու քաղհասարակությանը, ստեղծել ենք կամուրջ այն պահից սկսած, երբ ԱՄՆ-ը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել: Մի շարք աջակցություններ և ծրագրեր կան ԱՄՆ դեսպանատան կողմից, որոնք իրական ազդեցություն կարող են ունենալ այս ոլորտում»:
Դեսպանը նշեց, որ Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունները վերջին 20 տարիների ընթացքում բավականին հաջողել են իրենց ներդրման տեսանկյունից՝ Հայաստանի պետական կառավարման քաղաքականության ձևավորման գործընթացում: «Շատ ուրախ եմ, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկել քաղաքական քննարկումներն ավելի թափանցիկ դարձնելու համար, մասնավորապես՝ էլեկտրոնային նախագծման և շրջանառման գործընթացները զարգացնելու առումով: Քաղհասարակությունը ժամանակ է ունենում հրապարակված փաստաթղթերը քննարկելու և վերլուծելու համար»,-նկատեց Ռիչարդ Միլսը:
Նրա կարծիքով՝ քաղհասարակությունը պետք է լինի քննադատող, բայց կառուցող, չպետք է կորցնի իր հույսը. «Ես Հայաստանի զարգացման գործընթացին հետևում եմ երկար ժամանակ, և պետք է հորդորեմ բոլորին՝ իրենց աշխատանքը շարունակել»:
Դեսպանը կարևորեց նաև լրատվամիջոցների դերն այս հարցում. «Լրագրողները պետք է հետևեն իրենց էթիկային՝ խուսափելով կեղծ պատումներից, չշփոթեցնել բնակչությանը: Նրանց ներկայացրած տեղեկատվությունը պետք է պարունակի ճշմարտություն»:
Ռիչարդ Միլսն ընդգծեց՝ Հայաստանը և Վաշինգտոնը կարող են խաղարկել մի հետաքրքիր խաղաքարտ.
«Այդ քարտը իմ կառավարության վստահությունն է, որ բոլոր խնդիրները, որոնց հետ գործ ունի քաղհասարակությունն այստեղ, հաղթահարելու դեպքում պետք է ստեղծեն հարաշահ զարգացման հնարավորություն:
Սա Հայաստանին առանձնացնում է իր հարևաններից, չափազանց կարևոր է, որ այդ տարբերությունը մնա կայուն, որպեսզի Հայաստանն այդ հնարավորությունից օգտվի, պետական պաշտոնյաները կարողանան կապվել ԱՄՆ պաշտոնյաների հետ, ովքեր պատրաստ են օգնել Հայաստանին՝ այդ բաց տարածքը քաղհասարակության համար զարգացնալու համար»: