Ներկայացվեց Գյումրի քաղաքի բրենդը
Գյումրին արդեն ունի իր բրենդը՝ գույնը, ձևն ու խոսքը: Գյումրի բառի լատինատառ գրվածքի հիման վրա ձևավորվել է բրենդի ստեղծման մոտեցումը: Լոգոն ստեղծելու մտքում վեց ուղղություն է եղել. դեկտեմբերի 9-ին ավելի քան մեկ տարի տևած աշխատանքը ներկայացնելով գյումրեցիներին նշեց Deem Communications PR և մարքեթինգային ընկերության ստեղծագործական տնօրեն, ծրագրի ղեկավար Րաֆֆի Նիզիլբյանը: Գյումրու գույնը՝ սև, կարմիր, նարնջագույն, իսկ խոսքը՝ «տաղանդը աչք կծակե»:
Գյումրու բրենդի մշակման և առաջխաղացման ծրագիրը նախաձեռնել ու իրականացնում է Deem Communications PR և մարքեթինգային ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել Գյումրու սոցիալ-մշակութային կյանքը, ներքին և արտաքին զբոսաշրջությունը և այն ոլորտները, որոնք առաջնային են քաղաքի զարգացման համար: Բրենդի մշակման համար հիմք են ծառայել Հայաստանում և սփյուռքահայության շրջանում արված հարցումներն ու հետազոտությունները:
Ինչպես վստահեցնում են նախաձեռնության հեղինակները, բրենդը օգնելու է քաղաքին ներկայացնել իր առանձնահատկություններն ու զարգացման առաջնահերթությունը: «Մշակված բրենդը կօգնի զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել և զարգացնել քաղաքի սոցիալ-մշակութային կյանքը»,- վստահեցնում է Րաֆֆի Նիզիլբյանը:
Չնայած Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ Գյումրու նորաստեղծ բրենդին գնահատական չտվեց, բայց կարևորեց Գյումրու բրենդավորումը, որպես կարևոր հանգամանք, հատկապես որ, ըստ քաղաքապետի, պետությունները, քաղաքները ճանաչում են բրենդի միջոցով: Բրենդի մշակման համար հիմք են հանդիսանում քաղաքի պատմամշակութային ժառանգության, տնտեսության, բիզնես միջավայրի և այլ ոլորտների վերաբերյալ ուսումնասիրությունները: Ծրագրի շրջանակում ստեղծվել է աշխատանքային խումբ տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կազմված, ովքեր խորհրդատվության և փորձագիտական կարծիք են տրամադրել:
Արմենուհի Մխոյան