«Չմտածեք, թե Հայկազ Բաղմանյանով դա ավարտվում է». Վահրամ Բաղդասարյան
Հարցազրույց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ
– Պարոն Բաղդասարյան, Հայաստան-Եվրամիություն պայմանագրի կնքումից, Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, որի ժամանակ կարծես համաձայնություն եղավ, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստատուս քվոն պահպանվելու է, երեկ Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն է այսօր իրադրությունը Ղարաբաղյան հակամարտության հետ կապված, և ի՞նչ է լինելու արտգործնախարարների հանդիպման արդյունքը:
– ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ նիստում նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ: Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա: Ղարաբաղի ներկա կարգավիճակի հետ կապված, եթե նայեք մեր ստորագրած համաձայնագիրը, այնտեղ որևէ տող, որևէ կետ չկա, որը կասկածի տակ դնի Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը:
Մենք մնացել ենք նույն համոզման, նաև մեր եվրոպական գործընկերները տեքստի հետ համաձայնության գալով, եղել են այն համոզման, որ միակ լիազորված մարմինը Մինսկի խումբն է, և կարգավորումը պետք է լինի բացարձակապես բանակցային փուլով, առանց զենքի գործադրման, հայտնի սկզբունքների` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության հիման վրա և այլն:
Այսինքն` որևէ շեղում չկա թե՛ Վիեննայի, թե՛ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, և մեր միանշանակ պնդումն այն է, որ սեղանին դնենք 1994թ. և 1995 թ. պայմանագրերը, և մեր, այսպես ասած, հարևանները պետք է հաշվի նստեն դրանց հետ: Եվ արդեն իսկ որոշ մեղմացում, կարծես, նկատվում է նրանց կողմից, բայց կրկնեմ` նրանք անկանխատեսելի թշնամիներ են մեզ համար, և որևէ մեկ անգամ նրանց խոսքը գործին չի համապատասխանել, և այդ իսկ պատճառով մենք չենք կարծում, որ մոտ ապագայում որևէ եզրեր կլինեն այս խնդրի լուծման համար:
– Այդ մեղմացումն ինչո՞վ եք պայմանավորում:
– Դա պարզապես մեղմացում է, երբ Ալիևը հանդիպում է միջազգային ատյաններում, Ադրբեջանի սահմանից դուրս, բավականին մեղմ է, իսկ երբ ոտքը դնում է հայրենիք, բավականին կոշտացնում է իր դիրքորոշումը: Մեղմացումը կարելի է կապել նաև միջազգային կառույցների` ոչ թե ճնշումների, այլ դիրքերի կոշտացման հետ, որի հետ նա չի կարող հաշվի չնստել:
Նա զգում է, որ դաշտում աստիճանաբար մնում է մենակ` իր հայր Թուրքիայի հետ, և այդպես մենակ մնալով՝ նա որևէ հաջողության չի կարող հասնել: Միայն պատերազմ, միայն ռազմաշունչ հայտարարություններով նա որևէ հաջողության չի հասնելու:
Սա 21-րդ դարն է: Ինձ թվում է` Ադրբեջանի նախագահն իր իշխանությունը պահելու խնդիր ունի և, բնականաբար, նախ և առաջ՝ մտածում է, որ դիրքորոշումը մեղմացնելու միջոցով, այս հարցում համաձայնության գալով, ինչպիսի ելք էլ դա ունենա, ինքը վտանգի տակ է դնում իր իշխանությունը: Սա, չեմ կարծում, որ Ադրբեջանի ժողովրդի կարծիքն է, մեր կարծիքով` սա Ադրբեջանի նախագահ Ալիևի և իր իշխանության կարծիքն է:
– Հայաստան-ԵՄ պայմանագրի կնքումից հետո ռուսական տարբեր լրատվամիջոցների կողմից հարձակում սկսվեց Հայաստանի ՀՀԿ-ի նկատմամբ, բայց հարցն այն է` մի՞թե դա կարող էր լինել առանց Կրեմլի թույլտվության կամ հրահանգի:
– Ես կարծում եմ, որ, այո, կարող էր, որովհետև պայմանագրից առաջ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցը բացարձակապես դա չէր ենթադրում, պայմանագրի ստորագրումից հետո ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակի այցը, որը նրանց իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիայի» այցն էր, նույնպես դա չէր ենթադրում: Ռուսաստանի նման մեծ երկրում կարող են լինել տարբեր կարծիքներ, կարող են լինել մասնավոր հեռուստատեսությունների կարծիքներ, և այլն: Եթե այդ կարծիքները հայտնեին ԱԳ նախարար Լավրովը կամ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը, մենք կընդունեինք՝ որպես պետական կարծիք և, բնականաբար, դրան կարձագանքեինք:
Պետական պաշտոնական հանդիպումների ժամանակ մենք նույնիսկ նման տողատակեր չենք զգացել, և ես չեմ կարծում, որ դա համաձայնեցված լինի Կրեմլի հետ: ՀՀ-ում, որն այդքան փոքր է, բազմաբնույթ կարծիքներ կան, այդ թվում` ԵԱՏՄ-ի հետ կապված, և ԵԱՏՄ-ի այդ քննարկումները ռուսները կարող էին վերագրել, որ դա պետակա՞ն կարծիք է: Իհա՛րկե ոչ:
– Սերժ Սարգսյանը Բրյուսելում իր հարցազրույցում հայտարարեց, որ դեռ չգիտի, թե ինչ է անելու հաջորդ տարի ապրիլից հետո: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:
– Մենք բազմիցս նշել ենք, որ դեպքերից առաջ պետք չէ ընկնել: Սերժ Սարգսյանն իշխող կուսակցության առաջնորդն է, դա արդեն իսկ անելիք է, այսինքն` նա քաղաքական պատասխանատվությունը կրող իշխող կուսակցության առաջնորդն է:
Մենք պետք է զինվենք համբերությամբ, և 2018թ.-ին, երբ կկատարենք մեր ընտրությունը, կառավարությունը կձևավորենք, նախագահ կընտրենք, այդ ժամանակ այդ մասին կխոսենք: Այդ հարցը մենք չենք քննարկել: Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ` նման հարց չի քննարկվել` ո՛չ գործադիր մարմնում, ո՛չ խորհրդում, ո՛չ կուլիսներում:
– Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունն ինչո՞վ է պայմանավորված, կոռուպցիո՞ն խնդիրներ են եղել:
– Պաշտպանության նախարարի նշանակվելուց հետո եղել են բազմաթիվ ազատումներ: Բնականաբար, յուրաքանչյուր նախարար ունի իր խաղի կանոնները, և որևէ մեկը հավերժական չէ` ո՛չ Հայկազ Բաղմանյանը, ո՛չ Վահրամ Բաղդասարյանը, ո՛չ էլ որևէ մեկը:
Բնականաբար, կատարվում է սերնդափոխություն, կադրերի փոփոխություն, և դա այդ շարքում պետք է նայել: Նախկին նախարարների ժամանակ այն գործառույթները, որ իրականացրել են տվյալ պաշտոնյաները, դա դրական է գնահատվել, բայց նոր նախարարի օրոք, կարող է, նրա պահանջները չեն բավարարում: Նայեք, թե ՊՆ քանի պաշտոնյաներ փոխվեցին` պաշտպանության նախարարից, տեղակալներից սկսած:
– Բայց դա ապրիլյան պատերազմից հետո էր, որ բազմաթիվ խնդիրներ բացահայտեց բանակում:
– Այս գործընթացը պետք է շարունակվի: Դուք չմտածեք, թե Հայկազ Բաղմանյանով դա ավարտվում է: Դա պետք է շարունակական բնույթ կրի, որովհետև նոր նախարարը նոր ձևավորումներ, նոր մտքեր ունի, կոնցեպտուալ առաջարկություններ ունի, ներկայացրել է «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը, «Պատիվ ունեմ», «Ես եմ» և այլն:
Այսինքն` այստեղ կատարվում են լուրջ փոփոխություններ, որոնց ընթացքում կարող են լինել նաև պաշտոնյաների փոփոխություններ` կախված, թե ինչպես են բավարարում տվյալ նախարարին ու թիմին: Դա շատ բնականոն է: Իսկ չարաշահումների հարցը պատկան մարմինների գործն է, եթե նման բան լինի, ոչինչ թաքուն չի լինելու, դրանք ամեն ինչը կլինի բացահայտ:
– Բայց Բաղմանյանը Սերժ Սարգսյանի մարտական ընկերն էր:
– Դուք մի նայեք`մարտական ընկերներ, բարեկամներ, հարազատներ: Պետականաշինության մեջ նման գաղափարախոսությունն անընդունելի է: Կարող է ամենամոտ հարազատը, եղբորից սկսած, պետական կառույցներում ունենա թերացումներ, և անդրադառնան նրա պաշտոնանկության հարցին:
Սեյրան Օհանյանը նույնպես եղել է Սերժ Սարգսյանի մարտական ընկերը: ՊՆ-ում չկա մեկը, որ ազատագրական պայքարի տարիներին մասնակցել է գործողություններին, չլինի հանրապետության նախագահի մարտական ընկերը:
– Հնարավո՞ր են նոր պաշտոնանկություններ:
– Բնականոն փոփոխությունները պետք է կատարվեն: Հետաքրքիր է` մեր հասարակությունը փոփոխությունների կարիք է զգում, բայց փոփոխություններից աղմուկ են բարձրացնում: Մենք գնում ենք մի ճանապարհով, որտեղ նոր դեմքեր, նոր ուժեր են, գիտակից և պրոֆեսիոնալ: Բայց նախկին պրոֆեսիոնալների հնարավորւթյունները ևս պետք է օգտագործվեն: