«Մենք համաշխարհային մոնոպոլիստ ենք, դա ավելին է, քան նավթը. ով այդ գործն անի՝ վարչապետ պետք է դառնա». Լևոն Շիրինյան
«Սա հոգեբանական գրոհ է։ Իրենց ասած բանաձևը շատ լավն է, ասում են՝ Հայաստանը Ռուսաստանի կինն է․ ես էլ ասում եմ՝ եթե ամուսինը հարբեցող է և թմրամոլ, ցանկացած կին ազատ ընտրության հնարավորություն ունի և թքել է իր ամուսնու վրա»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ռուսական մեդիադաշտի հակահայ քարոզչությանը՝ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Նրա խոսքով՝ այդ քարոզչությունն ուղղորդված է ՌԴ իշխանությունների կողմից. «Ռուսաստանն ավտորիտար ռեժիմ է, իսկ քաղաքական մշակույթը տոտալիտար է, այնտեղ ազատ խոսք չի կարող լինել։ Ռուսները սարսափում են գարբաչովյան ռեֆորմների պատմությունից, որովհետև մի երկու ճիշտ բառ ասացին, և երկիրը տրվեց։ Հիմա վախենում են՝ Հայաստանով դեմոգրաֆիայի նոր բացիլ անցնի իրենց մեջ, և իրենք տեսնեն, որ ոչինչ են»։
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համաձայնագրին, ապա, քաղաքագետի խոսքով՝ դա Ռուսաստանի շահերից էլ է բխում. «Հայաստանը կարող է լինել եվրոպական այն պատուհանը, որից իրենք թարմ շունչ կվերցնեն։ Ես իրենց էլի եմ առաջարկել՝ շնչեք Հայաստանի խողովակով, ձեր առողջությանն օգտակար է։ Հայաստանին այս համաձայնագիրն առայժմ նյութական ոչինչ չի տա, բայց քաղաքակրթական, մշակութային հեռանկար է բացում։
Նորմալ հայը, որն ունի արժանապատվություն և մի քիչ կրթված է, գիտի, որ Հայաստանը եվրոպական արժեքները ստեղծած պետություն է։ Ոչ թե սպառում է եվրոպական արժեքները, այլ դրանք ստեղծողներից է՝ հույների և հռոմեացիների հետ։ Հետևաբար՝ մենք վերադառնում ենք այն ավազան, որտեղից հեռացվել էինք ռուսական հեղափոխության շնորհիվ։ Հիմա մենք վերադառնում ենք մեր հարազատ միջավայրը։ Հասմիկ Պապյանն օպերային իր երգով եվրոպական մշակույթ չի՞ ծաղկեցնում, բա եվրոպական մշակույթը մերը չէ՞, Հասմիկ Պապյանից ավելի ի՞նչ ունենք այստեղ, կարո՞ղ է՝ կաբարեների երգիչներն են։ Բարձր մշակույթը դա է։ Այսինքն՝ մենք նաև տալիս ենք, հո Հասմիկն իրենցից միայն չի՞ վերցնում»։
Լևոն Շիրինյանը սխալ է համարում համեմատություններն Ուկրաինայի և Հայաստանի միջև. «Ուկրաինան Ռուսաստանին է հակադրվել, մենք Ռուսաստանին չենք հակադրվում, որովհետև հակադրվում ենք թուրքին, իրենք են տխմարաբար այդպես ներկայացնում։ Մեր քաղաքականությունը կոմպլեմենտար է»։
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ քաղաքագետն ասաց, որ դրանք մտահոգիչ չեն. «Թուրքիան եթե չափերն անցնի, Ամերիկան պատժելու է, մորթելու է։ Վիլսոնի իրավական վճիռը նրանք պահել են, վիզն են գցելու խեղդեն։ Ոչ էլ այս S-400-ն է լինելու, ռուսը չի տալու, եթե տվեց, ապա Ամերիկան կթքի Թուրքիայի վրա։ Հայաստանը պետք է վերականգնվի իր տնտեսությամբ։
Ռուսական ֆոկուսը ձեզ ի՞նչ է ասում. Հայաստանը պետք է զարգացնի արդյունաբերությունը, գիտությունն ու մշակույթը։ Քարի արդյունաբերությունը պետք է զարգացնենք. մենք համաշխարհային մոնոպոլիստ ենք, դա ավելին է, քան նավթն է՝ իր տեսակով ու որակով։ Ով այդ գործն անի՝ վարչապետ պետք է դառնա։ Հետո ռուսն էլ կաղաչի, թուրքն էլ։ Երբ Հայաստանը լինի տնտեսապես գրավիչ միավոր, այդ ագրեսիաները կվերանան»։