«Հստակեցվեց, որ ԵՄ-ն չի ուզում իր վրա վերցնել այդպիսի բավականին առանձնահատուկ պարտականություն». Լարիսա Ալավերդյան
Ինչպես հայտնի է, Հայաստան-ԵՄ օրերս ստորագրված համաձայնագրում ամրագրված է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցություններին և Արցախի հակամարտության կարգավորումը տեսնում է 3 հիմնական սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ հստակեցվեց, որ ԵՄ-ն, ինչպես՝ ՄԱԿ-ը, չի ուզում իր վրա վերցնել այդպիսի բավականին առանձնահատուկ պարտականություն. «Նա գտնում է, որ Մինսկի խմբում ներկայացված է թե՛ Եվրոպան, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը: Բայց եթե դուք ինձ հարցնեք՝ արդյոք ինձ դա հանգստացնո՞ւմ է, ես կասեմ՝ ոչ, ինձ դա նույնչափ անհանգստացնում է, ինչ չափով ինձ միշտ անհանգստացնում էին Մադրիդյան սկզբունքները, որոնք դրված են հենց Մինսկի խմբի սեղանի վրա»:
Ասուլիսին ներկա ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը համաձայնեց Լ. Ալավերդյանի հետ, որ ոչ միայն ՄԱԿ-ը կամ այլ միջազգային կառույցներ չեն ցանկանում ստանձնել նման առաքելություն՝ զբաղվելու ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմամբ, նաև մենք չենք զիջում այդ պլատֆորմը որևէ մեկին.
«Մենք ասելով՝ նկատի ունեմ և՛ Հայաստանին, և՛ ԱՄՆ-ին, և՛ Ռուսաստանին, և՛ Ֆրանսիային: Բազմիցս են եղել հայտարարություններ նույն միջազգային ատյաններում, որ բոլորը միասին աջակցում են Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, և այս պլատֆորմը միակ աշխատող մեխանիզմն է: Սա ամենաբացառիկ պլատֆորմներից է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանն էֆեկտիվ համագործակցում են, ու կարծում եմ՝ այս պլատֆորմը տապալելու Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերն անհեռանկար են»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: