Forbes-ը անդրադարձել է Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող Kerbedanz ժամացույցներին
Հեղինակավոր Forbes հանդեսը ծավալուն հոդված է հրապարակել Kerbedanz բրենդի մասին, որը զբաղվում է թանկարժեք ժամացույցների արտադրությամբ և վաճառքով։
Ամսագիրը Kerbedanz-ը ներկայացրել է որպես շվեյցարական ընկերություն, ինչը հասկանալի է, քանի որ ընկերությունը հիմնված է Շվեյցարիայում։ Սակայն գաղտնիք չէ, որ Kerbedanz-ը ասոցացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ և արտահայտում է նրա ազգանունը։
Հրապարակման առիթը եղել է Նյու Յորքի Opera Gallery-ում կազմակերված միջոցառումը, որի ժամանակ Kerbedanz-ի մարքեթինգի գծով տնօրեն Գալուստ Զորիկը ցուցադրել է իրենց նորույթներից մի քանիսը։
Forbes-ը գրում է, որ 2008 թվականին հիմնադրված այս ընկերությունը տարեկան թողարկում է մինչև 100 հատ տղամարդու և կանանց ինքնատիպ ժամացույցներ, որոնցից շատերի գները արտահայտվում են յոթանիշ թվերով (մի քանի մլն դոլար)։ Kerbedanz-ը մասնագիտանում է ժամացույցների արտաքին տեսքի վրա, դիզայնն արվում է մշակութային, էթնիկական և պատմական մոտիվներով։ Գալուստ Զորիկը Forbes-ի հետ զրույցում ասել է, որ իրենց յուրաքանչյուր ժամացույց «կատարյալ միկրոմեխանիկական արտահայտչամիջոց է»։ «Ժամացույցը սեփական աչքով տեսնելուց հետո դժվար է չհամաձայնել այս պնդման հետ», – գրում է Forbes-ը։
Մեխանիզմների մեծ մասը գնվում է և մշակվում՝ ժամացույցի կորպուսին և դիզայնին համապատասխանեցնելու նպատակով։ Միևնույն ժամանակ չի կարելի ասել, որ մեխանիզմները հնացած են կամ պարզունակ։ Որոշ մեխանիզմներ (այդ թվում՝ սեփական) ծայրահեղ բարդ են և նորարարական։
Opera Gallery-ում ներկայացված նոր ժամացույցներից է “Tribute to the United States of America”-ն, որին ուշադրություն է դարձրել Forbes-ը։ Զորիկի խոսքերով, այն պատրաստվել է ի պատիվ «ազատ ձեռներության երկրի»։ Forbes-ի գնահատամամբ, այդ ժամացույցը արվեստի և ժամագործի վարպետության կատարյալ նմուշ է։
Ժամացույցի դիմերեսը պատկերված է գլոբուսի տեսքով, որի կենտրոնում դեղին ոսկուց պատրաստված ԱՄՆ-ն է, իսկ 12-ի տեղում՝ արծիվ (նույնպես դեղին ոսկուց)։ Թվերի փոխարեն հորիզոնի կողմերն են (տես գլխավոր նկարը)։
Դիմերեսի արտաքին մասը պատրաստված է 18 կարատ սպիտակ ոսկուց, որի վրա փորագրված են ԱՄՆ 4 նախագահների անունները՝ Ջորջ Վաշինգտոն, Թոմաս Ջեֆերսոն, Թեոդոր Ռուզվելտ և Աբրահամ Լինքոլն։ Դա պատահական չէ, որովհետև ետևի մասում փորագրված է այդ 4 նախագահների ժայռապատկերը Ռաշմորում (ԱՄՆ, Հարավային Դակոտա)։
Ժամացույցը հագեցած է Caliber KRB-03 ավտոմատ մեխանիզմով։ Թողարկման քանակը սահմանափակ է՝ ընդամենը 50 հատ (ԱՄՆ նահանգների թվով)։.
Forbes-ի աչքից չի վրիպել նաև “Maximus” կոչվող ժամացույցը, որը ամենամեծ տուրբիլյոն մեխանիզմն ունեցող ձեռքի ժամացույցն է։ Մեխանիզմը բաղկացած է 415 կոմպոնենտներից։ Տուրբիլյոնի «վանդակը» պատրաստված է տիտանից և բաղկացած է 73 կոմպոնենտներից՝ կշռելով ընդամենը 1.35 գրամ։ “Maximus”-ը թողարկվել է 99 օրինակով։
b4b.am