Նախարարն ինքն իրեն երբևէ հարց տվե՞լ է, թե ինչու է այդպես, ինչու են Հայաստանում երիտասարդ գիտնականները հրաժարվում գիտությամբ զբաղվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Զինապարտության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որպես երկրի ներսում արդարության վերականգնման, պետական սահմաններն էլ ավելի ամրացնելուն միտված հիմնավոր խթան, դժվար թե կյանքի կոչվի։ Ապագա գիտնականներին, գիտությամբ հետաքրքրվող մարդկանց ՀՀ զինված ուժերում պարտադիր կարգով ծառայեցնելու ճիգ ու ջանքերի փոխարեն, լավ կլիներ խթանել հենց գիտությունը կամ, ավելի ճիշտ՝ զրոյական կետից վերստեղծել այն, ֆինանսավորել, քաջալերել, թիկունք կանգնել երիտասարդ գիտնականներին, կարեւորել գիտության ահռելի դերը ժամանակակից մարդու կյանքում։

Իսկապես, դեռ հարց է՝ արդյոք այս պահին Հայաստանում կա՞ գիտություն, կա գիտական արտադրանք, գիտական որեւէ ոլորտում կա՞ն լրջագույն, համահավաք հաջողություններ, դրանք գոնե մասնակիորեն ունեն ներազդեցություններ ՀՀ քաղաքացու կյանքի ու գործունեության վրա։ Ինչպե՞ս է հնարավոր իռացիոնալ, ռազմահայրենասիրական, ազգ-բանակ շինծու պաթոսին լծված ավտորիտար ղեկավարման սիստեմի ներսում պատկերացնել գիտության դերակատարումն ու դրա հույժ անհրաժեշտությունը։

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պնդում է, որ մարդիկ պաշտպանում են թեկնածուական թեզեր, ազատվում են զինծառայությունից, իսկ հետո չեն զբաղվում գիտությամբ։

Նախարարն ինքն իրեն երբեւէ հարց տվե՞լ է, թե ինչու է այդպես, ինչու են Հայաստանում երիտասարդ գիտնականները հրաժարվում գիտությամբ զբաղվել կամ ինչու են արտագաղթում երկրից, ինչու է նրանց մեջ ահռելի ցանկություն առաջանում մեկնել ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, եվրոպական երկրներ՝ շարունակելու իրենց գիտական կարիերան։ Սնամեջ գործ է խոհական դեմքերով բուռն քննարկումներ ծավալելը մի բանի շուրջ, որը ոչինչ չի տալու, քանի որ առարկան, որպես այդպիսին, գոյություն չունի։

Հայաստանյան հիմնականում իշխող կուսակցության քաղաքական գործիչների՝ գիտության վերաբերյալ արած դատողություններից արդեն իսկ կարելի է եզրակացնել, որ այս մարդիկ գիտությունից ոչինչ չեն հասկանում, եւ, վստահաբար, նրանց մեջ գիտությամբ հետաքրքրվողներ գրեթե չկան»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս