«Մեդվեդևի այցը Կարեն Կարապետյանին ոչնչով չի օգնի». «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին Երեւանում կմեկնարկի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Մամուլում Մեդվեդեւի այցին տրվում է ավելի լայն նշանակություն, քան պարզապես ԵԱՏՄ խորհրդի նիստն է. տեսակետներ կան, որ այս այցով պարզ կդառնա նաեւ Կարեն Կարապետյանի հանդեպ ՌԴ դիրքորոշումը, հետեւաբար նաեւ ՀՀ վարչապետի հարցը՝ 2018 թվականի ապրիլից հետո:

Այս թեմայի շուրջ քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը armtimes.com-ի հետ զրույցում նշեց, թե Մեդվեդեւի այցն ավելի շատ տնտեսական բնույթի է, եւ մեր ներքաղաքական խնդիրներին առանձնապես չի անդրադառնա:

«Որովհետեւ իմ պատկերացմամբ նման հարցերում, եթե անգամ ռուսական որեւիցե միջամտություն էլ լինի, լինում է առաջին դեմքերի մակարդակով: Այսինքն՝ չեմ կարծում, ե Մեդվեդեւը պիտի ինչ-որ ուղերձներ հասցնի Հայաստանի իշխանություններին՝ ներքաղաքական առումով. դրա համար, կարծում եմ, այլ խողովակներ կան»,- նշեց քաղաքական մեկնաբանը եւ հավելեց, որ Մեդվեդեւի այցն ու շփումները Կարեն Կարապետյանի հետ զուտ իմիջային առումով՝ կարող են անդրադառնալ Կարեն Կարապետյանի հեղինակության վրա, որովհետեւ, եթե անգամ նման կարգի ներքաղաքական խնդիրների վրա Ռուսաստանն ազդում է, ապա ազդում է ոչ այսպիսի հրապարակային այցերի միջոցով եւ ոչ Ռուսաստանի երկրորդ դեմքի մակարդակով:

Ինչ վերաբերում է հարցին, թե ով կլինի ՀՀ վարչապետը 2018 թվականից հետո, եւ այն խոսակցություններին, որ Կարեն Կարապետյանին առաջարկել են Սերժ Սարգսյանի վարչապետությամբ ստանձնել փոխվարչապետի պաշտոնը, ապա այս առումով էլ Արմեն Բաղդասարյանը վստահ է՝ միանշանակ է, որ Սերժ Սարգսյանը ղեկավարելու է երկիրը 2018 թվականի ապրիլից հետո:

«Ինչ կարգավիճակով՝ կարծում եմ հենց իշխանությունների ներսում էլ վերջնական պատկերացում չունեն, թե ինչ ֆորմատով կլինի այդ ղեկավարումը: Այսինքն՝ կա՛մ Սերժ Սարգսյանը կունենա խորհրդարանական մեծամասնություն, եւ միաժամանակ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, կա՛մ կունենա խորհրդարանական մեծամասնություն, եւ կզբաղեցնի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը: Եվ այդ երկու լծակներով արդեն միանձնյա կղեկավարի երկիրը: Եթե նա ունենա այդ երկու պաշտոնները, ապա նրա դիրքը գերակա կլինի վարչապետի նկատմամբ: Նա կգնա այդ ճանապարհով, բայց կրկնեմ՝ կարծում եմ, իրենց ներսում վերջնական որոշումը չկա: Այսինքն՝ ձեւերի առումով խնդիր չկա, որովհետեւ միանշանակ է, որ Սերժ Սարգսյանը փորձելու է միանձնյա ղեկավարել, թե ինչ մեխանիզմով, կարծում եմ՝ դեռեւս հստակեցման փուլում է հենց իրենց համար»,- ասաց Արմեն Բաղդասարյանը:

Այսինքն՝ Կարեն Կարապետյանը կլինի վարչապետ, թե փոխվարչապետ, դրանից էականորեն մեծ բան կախված չի լինի: Փորձագետի դիտարկմամբ՝ խնդիրը Կարեն Կարապետյանի հավակնությունները չեն, այլ իշխանությունների ներսում պատասխանատվության հարցն է՝ թե ով պետք է ստանձնի պատասխանատվությունը տնտեսության համար: Ու եթե միանշանակ հայտարարվի, որ վարչապետը միանձնյա պատասխանատվություն է կրում երկրի տնտեսական վիճակի համար, դա ուրիշ իրավիճակ է, ու փոխվարչապետի պաշտոնի ընկալումն էլ այլ կլինի:

«Իսկ եթե Սերժ Սարգսյանն ասի, որ ինքը վարչապետ է, բայց միայն արտաքին քաղաքական մարտահրավերներով է զբաղվելու, իսկ իրականում տնտեսությունը ղեկավարելու է փոխվարչապետը, ես կարծում եմ, որ այդ դեպքում Կարեն Կարապետյանը հազիվ թե համաձայնվի, որովհետեւ կստացվի, որ Կարեն Կարապետյանը փոխվարչապետ է, բայց տնտեսության համար լիարժեք պատասխանատվություն է կրում»,- ընդգծեց քաղաքական մեկնաբանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս