«Հայ ընտանիքում երեխաներին բանակից փախցնելը նույնպես հայրական սիրո արգասիք է. եկեք սրանից խոսենք». Փաստաբան
168.am-ի զրուցակիցն է փաստաբան Գևորգ Գյոզալյանը:
– Պարոն Գյոզալյան, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծում ի՞նչ խնդիրներ եք տեսնում, և արդյոք հիմա կա՞ այդ օրենքի անհրաժեշտությունը:
– Ես բացարձակ խնդիր չեմ տեսնում օրենքում: Անհրաժեշտությունը միանշանակ կա հայ հասարակությունում: Նա, ով գործունեություն է իրականացնում ընտանեկան բռնությունների և, առհասարակ, ընտանեկան հարաբերությունների հետ կապված, չի կարող այս օրենքի անհրաժեշտությունը չտեսնել: Մենք ամեն օր բախվում ենք նման խնդիրների հետ: Պետք է մի գործող գործիք, որ կարողանանք պաշտպանել թե՛ երեխաների, թե՛ կանանց իրավունքներն այս ոլորտում: Հայ հասարակության մեջ ընտանիքը մի փոքր կարծրատիպային է ընկալվում, և մարդիկ շատ հաճախ մտածում են, որ կինն ինչ-որ իր է, որ նա պետք է հնազանդ լինի, երբ այդ հասկացողությանն ինչ-որ մարտահրավեր է նետվում, նրանք շատ պահպանողական դիրքերից են հանդես գալիս և սկսում են կռիվ տալ բոլոր այն գործիքների դեմ, որոնք սպառնում են՝ այդ կնոջ և տղամարդու հարաբերությունները հավասարեցնել:
Այդ հավասարությունը նրանք դիտում են՝ որպես հայ ավանդական ընտանիքի արժեքների դեմ, և այլն, բայց երբ դու գործում ես պրակտիկ, ապա շատ հստակ կտեսնես, որ խայտառակ իրավիճակ է տիրում այնտեղ: Եթե Երևանում մի փոքր մեղմ է, մարզերում խայտառակություն է: Այնտեղ կինը լրիվ այլ կերպ է ընկալվում: Այդ տեսանկյունից՝ օրենքը միանշանակ անհրաժեշտ է: Ես օրենքում բացեր չեմ տեսնել:
– Որոշ քննադատներ օրենքի սահմանադրականության հետ կապված խնդիրներ են տեսնում: Օրինակ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասում է, որ ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ. «Այս սահմանադրական նորմը հստակ ցույց է տալիս պետության վերաբերմունքն ընտանեկան հարաբերություններին։ Ստացվում է, որ պետությունը հանցագործությունների բացահայտման շահը ստորադասել է ընտանեկան շահին»։
– Շատ պարզ իրավական հիմնավորում կտամ դրան: Ստամբուլյան միջազգային պայմանագիր կա, որը խոսում է ընտանեկան բռնությունների մասին, շատ ավելի խիստ շեշտադրումներ կան այդ միջազգային պայմանագրում, որին ՀՀ-ն 2011 թվականին միացել է: Մենք գիտենք, թե ինչպես են ՀՀ-ում միջազգային պայմանագրերը հաստատվում, Սահմանադրական դատարանն ասում է՝ սահմանադրականության հարց կա՞, թե՞ չկա: Սահմանադրական դատարանն այստեղ որևէ խնդիր չի տեսել, որի հետևանքով ՀՀ-ն միացել է այդ պայմանագրին:
Չգիտեմ, հնարավոր է՝ ապագայում ինչ-որ կոնկրետ գործով Սահմանադրական դատարանն ինչ-որ կոնկրետ դիրքորոշում արտահայտի, որով հակասահմանադրական ճանաչի այդ օրենքի ինչ-որ մի դրույթ, կամ չճանաչի, կամ ինչ-որ մեկնաբանություն տա: Այսինքն՝ վերցնել այս պահին Սահմանադրական դատարանի դերը և միանշանակ պնդել, որ դա հակասահմանադրական է, կարծում եմ՝ իրավաբանորեն չէ: Այդ օրենքի արմատն ու հիմքն այդ միջազգային պայմանագիրն է, որը, ըստ Սահմանադրական դատարանի՝ համահունչ է մեր Սահմանադրությանը: Այդ միջազգային պայմանագիրը եթե մենք ուսումնասիրենք, կտեսնենք, որ այնտեղ շեշտադրումները մի փոքր ավելի սուր են դրված:
– Շատերի գնահատմամբ՝ խնդրահարույց դրույթներ են համարվում տնտեսական և հոգեբանական բռնության հետ կապված դրույթները: Ինչպե՞ս պետք է մտնեն ընտանեկան հարաբերությունների մեջ, որ հստակ հասկանան՝ իրոք բռնությո՞ւն է իրականացվել, թե՞ ոչ:
– Բացարձակ այդտեղ խնդիր չեմ տեսնում: Ցանկացած օրենք բերեք, եթե ես առաջնորդվեմ խելագարության կանխավարկածով՝ այնպիսի բաներ կասեմ, որ դուք կսկսեք մտահոգվել, որ այդ օրենքն այդպես էլ մեկնաբանվի: Օրենքը մեկնաբանելն իրավակիրառողի խնդիրն է: Այստեղ քանի որ մենք ունենք այդ օրենքի հիման վրա ստեղծված մասնագիտացված մարմին, ես չեմ կարծում, որ այդ կոնֆետի կամ համակարգչից զրկելու պատմությունը դիտվի որպես ընտանեկան բռնություն: Սա աբսուրդ է:
Ընտանեկան բռնությունը լինում է այն ժամանակ, երբ ինչ-որ խնդիր է առաջանում, ամուսիններից մեկը, շատ հաճախ՝ կինը կամ երեխան, ահազանգում են, և Ոստիկանությունը գալիս է ու պարզում՝ այնտեղ ընտանեկան բռնություն կա՞, թե՞ չկա: Ուզում եք ասել՝ ոստիկանը գալու է, իմանալու է՝ երեխային կոնֆետ չեն տվել, այդ մարմինն ասելու է՝ այդտեղ ընտանեկան բռնությո՞ւն կա: Այդ մարմնի մոտիվացիան ո՞րն է, որ այդտեղ ընտանեկան բռնություն տեսնի:
Դրան հակառակ՝ ես կոնկրետ գործ կասեմ՝ ամուսինն ահավոր խանդոտ է, կնոջը զրկել է թե՛ համակարգչից, թե՛ հեռախոսից, թույլ չի տալիս տնից դուրս գալ, ընդ որում, դա իրական դեպք է ու մարզում է տեղի ունենում, այդ կինն արդեն վախենում է մեզ հետ կապի դուրս գալ՝ մտածելով, որ հնարավոր է՝ ամուսինը լսում է իր հեռախոսը: Սա տնտեսական է: Չի խփում, չի ծեծում, որևէ բան չի անում, ուղղակի ասել է՝ տնից դուրս չես գալու, հեռախոսից չես օգտվելու, համակարգչից չես օգտվելու, դու նստի, տանը մաքրություն արա ու երեխաների հետ դաս արա: Եթե մենք խոսում ենք ամուսնու և կնոջ իրավահավասարության մասին, ապա ակնհայտ է՝ ամուսինն ինչո՞ւ պետք է զրկի կնոջը: Եթե հանեցինք տնտեսական կոմպոնենտը, իմ ասած դեպքը մենք ինչպե՞ս որակենք, նորմա՞լ: Դե, եթե նորմալ է, եկեք այդ օրենքն ընդհանրապես չընդունենք:
– Տեսակետներ են հնչում, թե ինչպես շատ օրենքներ Հայաստանում չեն գործում, սա էլ կմնա թղթի վրա և որևէ նշանակություն չի ունենալու: Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք:
– Այո, միանշանակ Հայաստանում ինչ-որ դեպքերում այդ օրենք գործել-չգործելն ակնհայտ է, բայց այդ օրենք գործել-չգործելը մեծապես կախված է նաև փաստաբաններից, իրավապաշտպան կազմակերպություններից և մնացած մարդկանցից: Կարող ենք ելնել այդ կանխավարկածով, որ, մեկ է, Հայաստանում ոչ մի օրենք չի գործում, եկեք ընդհանրապես ոչ մի օրենք չընդունենք, որևէ բան չանենք:
Ես կասեմ հակառակը, այո, պետք է փաստենք, որ շատ դեպքերում մեր օրենքներն ուղղակի թղթի վրա գրված են, և կյանքում մեծապես դրանք չեն կիրառվում այնպես, ինչպես պետք է կիրառվեն, բայց դրանից ավելի շատ փաստաբանների, իրավապաշտպանների, լրագրողների ջանքերով շատ օրենքներ էլ աշխատում են: Հիմա մենք այստեղ խնդիր ունենք, եթե այս օրենքն ընդունվեց, սա լրացուցիչ գործիք է կոնկրետ ինձ և ցանկացած փաստաբանի համար՝ շատ ավելի արդյունավետորեն պաշտպանել իր վստահորդի իրավունքները: Եթե ես այդ օրենքն ունեմ, ես առնվազն կզանգեմ Ոստիկանություն, կասեմ՝ հարգելիս, ընտանեկան բռնություն է կիրառվում: Օրենքը պարտավորեցնում է Ոստիկանության աշխատողին՝ ինձ հետ գալ կոնկրետ ընտանիք և պարզել այդ խնդիրը:
Եթե Ոստիկանությունը չգա, սա այլ հարց է, ես շատ ուրիշ այլ գործիքներ ունեմ՝ վերադասության կարգով բողոքարկել ոստիկանի գործողությունները, դատական կարգով բողոքարկել ոստիկանի գործողությունները, ի վերջո, եթե ոստիկանը չի գալիս, ես ինքս դիմեմ դատարան՝ վկայակոչելով համապատասխան օրենքի համապատասխան հոդվածը: Այսինքն՝ սա լրացուցիչ գործիք է, ով կասի՝ այդ օրենքը չի գործի, ես կասեմ հակառակը, կոնկրետ իմ դեպքում՝ ես ամեն ինչ կանեմ, որ այդ օրենքը գործի, ու կգործի:
– Ի՞նչ եք կարծում, այն ինչքանո՞վ կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ, արդյոք կկրճատվե՞ն ընտանեկան բռնության դեպքերը:
– Ավելի քան համոզված եմ, որովհետև, եթե 10 պայմանական թվից 3-ը ենթարկվում են այդ բռնությանը, 7-ը չեն ենթարկվում, սա շատ սարսափելի է, որովհետև այդ 3-ի կյանքն այնպիսի վիճակում է, որ ուղղակի նստել բազմոցին, այս խնդիրները քննարկել, շատ հեշտ է, բայց երբ դուք շփվում եք այս մարդկանց հետ և տեսնում եք՝ ինչ անմարդկային պայմաններում են նրանք, այն ժամանակ հասկանում եք, որ այս օրենքը շատ ավելի մեղմ է, կարելի է ավելի խիստ օրենք ընդունել: Միֆ է ավանդական հայ ընտանիքը, սա հեքիաթ է, նման բան չկա, հայ ընտանիքը ոչնչով ավելի լավը չէ, քան եվրոպական ցանկացած ընտանիք: Չկա հայ ընտանիքում ինչ-որ մի բան ավել, որը չկա եվրոպական ընտանիքում:
Եթե անգամ հայ ընտանիքում նորմալ է, դա չի նշանակում, որ դա հայկական է, դա ուղղակի նորմալ է, որովհետև համայն աշխարհում դա ընդունված չափանիշ է, ու պետք չէ սա հայացնել: Իսկ հայ ընտանիքում երեխաներին բանակից փախցնելը, սա էլ է հայրական սիրո արգասիք, որ մեր գրասենյակը, վեց ամիս է, մարդկանց է ընդունում, ճանապարհում, ովքեր ցանկանում են հայկական քաղաքացիությունը դադարեցնել, ընդունում են ՌԴ-ի քաղաքացիություն, որպեսզի իրենց երեխաները բանակում չծառայեն, դա էլ հայկական սիրո դրսևորում է, եկեք սրա մասին խոսենք: Ես արդեն մտածում եմ՝ ինչո՞ւ ԱԱԾ-ն սրանով չի զբաղվում, որովհետև եթե սենց գնա, ազգին վտանգ է սպառնում: Եկեք սրա մասին խոսենք, և ոչ թե՝ ընտանեկան բռնության մասին օրենքը բացասական լույսի ներքո ներկայացնենք: