Բաժիններ՝

Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը բաժին է հասել Արման Նուռին

Առաջին անգամ Հայաստանին բաժին է հասել Եվրոպայի ամենահեղինակավոր ժամանակակից արվեստի ցուցահանդես- փառատոններից մեկի`Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը: Դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը բիենալեում «Ոսկերչության արվեստ» անվանակարգում դարձել է գլխավոր մրցանակակիր` ստանալով Մեդիչիի «Lorenzo IL Magnifico» ոսկե մեդալը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արման Նուռը պատմեց մանրամասներ բիենալեի, իր ներկայացրած աշխատանքների մասին:

-Ի՞նչ ակնկալիքներով մեկնեցիք Իտալիա, և որքանո՞վ էր ձեզ համար սպասելի այս հաղթանակը:

-Սպասելի չէր, իհարկե, որովհետև միշտ կա անվստահություն: Մրցույթի ժամանակ հուզված ես, ինչ-որ տեղ վախենում ես, սպասում ես ամեն ինչի: Այս բիենալեն ժամանակակից արվեստի ոլորտում ամենահեղինակավոր հարթակն է, այստեղ տրվում է ժամանակակից արվեստի ամենաբարձր գնահատականը: Այս հարթակում հավաքվում են ամբողջ աշխարհի լավագույնները: Այս անգամ մասնակիցների թիվն աննախադեպ էր: Այս տարի մրցույթին իրենց աշխատանքներն էին ներկայացրել շուրջ 417 մասնակից` 74 երկրից: Ընդհանուր առմամբ ներկայացված էր արվեստի 1100 գործ: Մրցակցությունը բավական մեծ էր, հետևաբար կար հուզմունք: Մինչև վերջին օրը պատկերացում չունեի, թե ինչ է լինելու՝ չնայած ինձ շատերը մոտենում էին և շնորհավորում՝ ասելով, որ հավանական հաղթողը ես եմ լինելու: Հուրախություն մեզ բոլորի, գլխավոր մրցանակը եկավ Հայաստան:

-Դուք երկու աշխատանք եք ներկայացրել` փոխկապակցված կոնցեպցիայով: Դրանք կոչվում են «Ճանճ» և «Ճանճ էվոլյուցիա»: Ի՞նչ խորհուրդ ունեն ձեր աշխատանքները:

-Իմ աշխատանքների գաղափարը, կարծում եմ, արդիական է: Պատմությունը սիրո մասին է: «Ճանճ» աշխատանքը փոքր չափի է, որը վերափոխվում է և վերածվում ակնոցի: Դա ես արել եմ 2007 թվականին և դա նախատեսված է եղել հենց այս բիենալեի համար: «Ճանճ էվոլյուցիան»-ն մեծ չափերով է, այն ևս վերափոխվում է: Ճանճը պատմում է սիրո մասին: Ինչո՞ւ եմ ընտրել հենց ճանճը, որովհետև այն չսիրված է, ատելի է, և այս չսիրված կերպարը պատմում է սիրո մասին: Իմաստն այս էր` սիրել այն, ինչ ատում ենք, փորձենք այլ հայացքով նայել նրան, և նրա աչքերով նայել աշխարհին: Եվ որպեսզի մենք տեսնենք աշխարհը նրա աչքերով, վերցնում ենք ճանճը, որ վերափոխվում է և դառնում է ակնոց: «Ճանճ էվոլյուցիա» աշխատանքի իմաստն էլ այն է, որ մարդը մեծանում է, աշխատում է, զարգանում է, դառնում է նշանակալի, սակայն այդ ճանապարհին կորցնում է կապը բնության հետ: Մեծ ճանճը փակվելով` նրա աչքերը շրջվում են, և մենք տեսնում ենք աշխարհը ագրեսիվ գույներով: Մեծ ճանճը կոչ է անում, պահպանելով զարգացումը, վերադառնալ բնություն, սեր:

-Ասացիք, որ բավական մեծ մրցակցություն կար, ըստ ձեզ, ինչո՞ւ հենց ձեր աշխատանքն ընտրվեց որպես լավագույն:

-Ամբողջ տասն օրվա ընթացքում իմ տաղավարը բոլորի ուշադրության կենտրոնում էր: Այնքան այցելուներ կային, որ չէի կարողանում ընդմիջման դուրս գալ: Մարդկանց հոսքը չէր վերջանում: Նույնիսկ այնպես էր, որ տոմս վաճառողներն այցելուներին ասում էին՝ գնացեք «Ճանճ»-ը տեսեք: Բոլորը շնորհավորում էին, ես էլ կատակով ասում էի՝ աչքով կտաք (ծիծաղում է): Հետաքրքիրն այն էր, որ ժյուրիի անդամները ինձ չէին մոտենում, նույնիսկ հասնում էին իմ տաղավարի մոտ ու ցուցադրաբար շրջվում էին: Չէի հասկանում ինչ է կատարվում: Ասեմ, որ այս բիենալեում երբեք փոքր պետություն չի հաղթել: 2004 թվականին հայ արվեստագետներից Էմիլ Գազազն արժանացել է ոսկե մեդալի` ներկայացնելով ԱՄՆ-ն… Ամեն դեպքում, վերջում պարզվեց, որ հաղթանակն իմն է:

-Որպես նկարիչ, դիզայներ, ստեղծագործող ձեզ համար այս մրցանակն ի՞նչ նշանակություն ունի:

-Երևի թե դեռ տաք եմ, այնքան էլ չեմ հասկանում այս ամենի նշանակությունը: Իհարկե, այն մեծ նվաճում է: Ես մի առաքելություն ունեմ, նպատակ ունեմ՝ այս աշխատանքը ներկայացնել աշխարհի շատ երկրներում: Ես այն չեմ վաճառելու: Ուզում եմ, որքան հնարավոր է, շատ մարդիկ տեսնեն:

-Հաղթանակից հետո ձեզ առաջարկվել է վաճառել արձանիկները, իսկ եղե՞լ են համագործակցության առաջարկներ:

-Իհարկե, առաջարկներ եղան, արդեն մի քանի երկրների հետ պայմանավորվածություններ կան իմ աշխատանքները ցուցադրելու: Ի դեպ, մի բան պատմեմ: Հաղթանակի նախորդ օրը գալա-ընթրիք էր, մոտեցավ ժյուրիի անդամներից մեկը և հրավիրեց զրույցի: Ասաց, որ ժյուրին կիսվել է երկու խմբի, մի մասը կողմ է իմ հաղթանակին, մի մասը` դեմ: Ինձ առաջարկում են հատուկ մրցանակ, ըստ որի, այցելուների շրջանում ամենասիրված կերպարն եմ: Դա Իտալիայի ամենահեղինակավոր ցուցասրահներում ներկայանալու հնարավորություն է տալիս: Եթե դա ընտրում եմ, ապա գլխավոր մրցանակ չեմ ստանում: Ես ասացի, եթե ցանկանում եք ձեզ մոտ ցուցադրել իմ աշխատանքները, ապա արեք դա, իսկ ես կսպասեմ վաղվա օրվան: Արդյունքում ստացա գլխավոր մրցանակը, որը տալիս է համաշխարհային ճանաչում: Ասեմ, որ շուտով այդ արձանիկները կլինեն Հայաստանում, և ես կներկայացնեմ իմ ցուցասրահում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս